Տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամներն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը. վերջիններս հանդես են եկել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկություններով:

Ողջունելով խորհրդի ադամներին` Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունն ու հրատապությունը:

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդի անդամները քննարկել են «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Արփինե Հովհաննիսյանը խորհրդի անդամներին առաջարկել է տասնօրյա ժամկետում իրենց դիտարկումները ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների և գործառույթների վերանայման վերաբերյալ:
Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը անդրադարձել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին:

Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները. կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսը մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրանց ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով: Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-ի նոյեմբերի 30-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս