«Թող Գագիկ Խաչատրյանը մտածի` ինչի մեջ է». նախկին նախարարի դեմ մահափորձի առեղծվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009 թվականի հունիսի 18-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ մայիսի 23-ին ՀՀ pետական եկամուտների կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Գ. Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով անհայտ անձինք փորձել են Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար:

Դեպքի վայրից քննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են շուրջ 600 գր. տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, մետաղյա ինքնաշեն իրան` նախատեսված ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպես բեկոր ծառայող միմյանց սոսնձված բազմաթիվ մանեկներ, որպես հեռակառավարման սարք ձեւափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան, ինչպես նաեւ ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար տեսախցիկ ծառայող ձեւափոխված «Sony-Ericsson» տիպի բջջային հեռախոս»:

ԱԱԾ-ն հաղորդել էր նաեւ, որ պարզվել, հայտնաբերվել եւ կալանավորվել էին հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցները, թվով ութը անձ, որոնց թվում նաեւ հանցավոր խմբի պարագլուխ` Մուսկուլ Գագո մականունով Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, որը 1992-1997 թթ. ծառայել է ներքին գործերի նախարարության ներքին զորքերի «Չղչիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ:
Վերջինիս բնակարանի եւ ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել եւ առգրավվել էր աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթեւոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել էր նաեւ ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար:

Նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ հետագայում պարզվել է, թե վերոնշյալ հանցագործության պատվերը Երեւանի բնակիչ Ռաֆայել Մասումյանի միջոցով տվել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150 հազար դոլար:

Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը, Ռ. Մասումյանը դիմել էր փախուստի եւ թաքնվել Վրաստանի տարածքում, ապա Վիեննա մեկնելիս ձերբակալվել եւ կալանավորվել էր: Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Եվ, ահա, ավելի քան յոթ տարի անց «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` ի վերջո, նախկին նախարարի նկատմամբ իրականացված մահափորձը բացահայտվա՞ծ է, եւ արդյո՞ք դեպքն ընդհանրապես եղել է:

Օդում կախված տեղեկությունների համաձայն` Երիցյանների եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ տարաձայնություններն առաջացել են այն ժամանակ, երբ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը արգելել է, որ Գագիկ Խաչատրյանի պատվերով անթույլատրելի ուղեբեռ մտնի Հայաստան: Չհաստատված տեղեկությունների համաձայն` խոսքն անգամ թմրանյութերի մասին է:

«Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել այս լուրերի հավաստիությունը, սակայն շրջանառվող լուրերի համաձայն` Խաչատրյաններն ու Երիցյանները մինչ այս պատմությունները բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել: Իսկ ինչ սեւ կատու կարող էր անցնել նրանց միջեւ, ստույգ հայտնի չէ:

Նախ հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Երիցյանը Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, գործարար Ալբերտ Երիցյանի որդին է: Վերջին շրջանում «Փաստ»-ը հրապարակեց, որ Ա. Երիցյանին Մոսկվայում ծեծել են, նա խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, եւ ինչ-որ դատական քաշքշուկների մեջ է տարբեր մարդկանց հետ:

Ինչպես հայտնի է` Ալբերտ Երիցյանը բավականին հաջողակ գործարար էր: 1996-ին հիմնադրեց «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն, որը նույն տարում դարձավ շվեյցարական «Nestle» ընկերության մանկական սննդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նոր ընկերության գլխավոր շարժիչ ուժը նույնանուն սուպերմարկետն էր, որը հիմա էլ գործում է Արաբկիր վարչական շրջանում: Հայաստանում առաջին սուպերմարկետի համարումն ունեցող խանութի բացումից դեռ մեկ տարի առաջ՝ 1995-ին, Երիցյանը հիմնադրել էր «Աթենք» ՍՊԸ-ն, որը մինչ օրս զբաղվում է մսամթերքի արտադրությամբ:

Եվ արդեն մոտ ութ տարի է` Ալբերտ Երիցյանի մասին որեւէ տեղեկություն չկա. որտեղ է նա, ինչով է զբաղվում, եւ ինչ ասեկոսեներ են պարբերաբար պտտվում նրա անձի շուրջ: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ալբերտ Երիցյանի հետ: Վերջինս հրաժարվեց, ինչպես ինքն է ասում, վերհիշել անցյալը, փորփրել նախկինում կատարված ինչ-որ անհեթեթ պատմություններ` միաժամանակ վստահեցնելով, որ շարունակելու է գործել եւ արարել ինչպես բոլոր ժամանակներում: Ալբերտ Երիցյանի` մեր հարցադրումներին տրված հակիրճ պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

-Պարո՛ն Երիցյան, որտե՞ղ էիք տարիներ շարունակ: Երկար ժամանակ է` Ձեզնից որեւէ տեղեկություն չկա: Ինչո՞վ եք զբաղվում:

-Իմ գործերով: Ես միշտ շատ անելիքներ ունեմ:

-Ճի՞շտ են տեղեկությունները, որ կորցրել եք Ձեր բոլոր բիզնեսները:

-Ես չեմ ցանկանում խոսել, կներեք…

-Ներողություն եմ խնդրում, պարո՛ն Երիցյան… պարզապես խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր բիզնեսները գողացել են Ձեզնից…

-Ես աշխատել եմ, ստեղծել եմ ու շարունակելու եմ ստեղծել: Որեւէ մեկը` լինի թալանչի պաշտոնյա, թե մեկ ուրիշը, չի կարող ընկճել ինձ:

-Արդեն 7 տարի է` Ձեր որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան լավ թաքնվել:

-Իմ որդուն հետախուզում են: Միջազգային հետախուզում ասվածը գոյություն չունի: Նա ազատ քաղաքացի է, առանց խոչընդոտների տարբեր երկրներ է այցելում: Բայց մի օր իր երկիր էլ կգա: Արդարությունը վերականգնվելու է:

-Դուք ընդունո՞ւմ եք, որ նա է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացրել:

-Գիտեք` ես իմաստ չեմ տեսնում այդ ամեն ինչը վերհիշելու, կարիք էլ չկա: Թե հիմա ով ում ասելով ինչ են գրում, դա իրենց խնդիրն է: Ինձ ու իմ ընտանիքին ճանաչողները շատ լավ գիտեն` ինչպիսի մարդիկ ենք մենք, ինչ դաստիարակություն ու վարք ունեն իմ որդիները: Մենք մեր խղճի առաջ մաքուր ենք: Թող Գագիկ Խաչատրյանը մտածի` ինչի մեջ է: Արդարությունը կհաղթի: Իսկ որ ԱԱԾ-ն 8 հոգու անուն է տալիս` իբրեւ մասնակցի, ապացույցներ չկան: Գործի նյութերն իմ ձեռքին են, որեւէ ապացույց չկա, որեւէ մեկը իմ որդու դեմ ցուցմունք չի տվել:

-Ասում են`տարաձայնություններ ունեք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ…

-(Ծիծաղում է) Խնդրում եմ, ինչպես կարելի է նման բաներ խոսել: Ավելի անհեթեթ բան չէի՞ն կարող բամբասել: Ես եւ ոստիկանապետը շատ լավ հարաբերություններ ունենք: Փառք Աստծո:

-Պարո՛ն Երիցյան, որ այդ խոսակցությունները կապվում են տարիներ առաջ Ձեր եւ ոստիկանապետի միջեւ տան առքուվաճառքի գործարքի հետ…

-Եվ ի՞նչ: Նորմալ գործարք է եղել: Ամեն ինչ` ըստ օրենքի:

-Ճի՞շտ են տեղեկությունները, որ Չեխիայում Ձեր ընտանիքի անունով բիզնեսներ կան:

-Ես չեմ ցանկանում ապատեղեկատվության մասին խոսել, մեկնաբանել: Ինչպե՞ս կարող է տունը բիզնես համարվել: Տուն ունենք:

-Պարո՛ն Երիցյան, ի՞նչն է եղել Ձեր ընտանիքի եւ Գագիկ Խաչատրյանի տարաձայնությունների պատճառը: Տեղեկություններ կան, որ նախկին նախարարի անունով բեռնափոխադրման գործընթացը Ձեր որդին կանխել է, ինչը զայրացրել է Խաչատրյանին…

-Ես ներողություն եմ խնդրում: Այն, ինչ եղել է, ովքեր պետք է, գիտեն: Խոսակցությունները տարբեր կարող են լինել, ես հո չեմ կարող ամեն ինչին անդրադառնալ, մեկնաբանել: Կրկնում եմ` ինձ ճանաչողները գիտեն` ինչ մարդ եմ ես, ինչպիսին է իմ ընտանիքը:

-Այսինքն՝ Դուք չե՞ք հերքում տարածված տեղեկությունները:

-Ես նման բան չասացի: Ներողություն եմ խնդրում: Հաջողություն:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս