Գաղտնիք չէ, որ մեր երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական թատերաբեմում հայտնվում են նաեւ այնպիսի կուսակցություններ, որոնց անունները հասարակությանը ոչինչ չեն հուշում, ավելին` շատերի մոտ ուղղակի զարմանք են հարուցում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական պետական ռեգիստրից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է 87 կուսակցություն, սակայն այդ թվի մեջ ներառված են նաեւ այնպիսիք, որոնք արդեն լուծարվել են:
«Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքական դաշտում երեւելի գործունեություն չծավալող մի քանի կուսակցությունների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում:
«Կանայք հայոց աշխարհի» կուսակցություն: Այս անունը ծանոթ է, թերեւս, միայն այս ուժի անդամներին: Նրանց ծավալած գործունեության, ներքաղաքական կյանքում ցուցաբերած ակտիվության մասին որեւէ կոնկրետ տեղեկություն հայտնի չէ: Թե որն է նրանց դերը քաղաքական թատերաբեմում, եւ արդյոք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել հայոց աշխարհի կանայք, փորձեցինք պարզել հենց այդ կուսակցության ղեկավար Ժանետա Մանուկյանից:
Պարզվեց՝ այս կուսակցությունը մոտ մեկ տարի առաջ ՀՎԿ-ից միավորվելու առաջարկ է ստացել, սակայն կուսակցության ներսում առարկություններ են եղել, վստահություն չի եղել, որ այդ միավորման արդյունքում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, եւ արդյունքում առաջարկը չի ընդունվել: Այս խորհրդարանական ընտրություններին էլ «Կանայք հայոց աշխարհի» մասնակցել չեն պատրաստվում, բայց այդ մասին հստակ կհայտարարեն մեկ ամիս հետո: Կուսակցապետ Մանուկյանի խոսքով` կանանց համար դժվար կլինի մրցել օլիգարխների հետ եւ իրենց դրսեւորել անարդար պայքարում:
«Կանայք հայոց աշխարհի» իշխանափոխություն չեն ուզում, ցանկանում են Հայաստանում օրենքի իշխանություն լինի.«Եթե գումարելիների տեղը փոխում ես, գումարը չի փոխվում: Մենք մտածում էինք, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին հանեն, հաջորդը լավը կլինի, հետո՝ եթե Քոչարյանին հանեն, հաջորդը լավը կլինի, բայց պարզվեց, որ կադրային քաղաքականությունը սխալ է բաշխված: Մենք ցանկանում ենք, որ օրենքի իշխանությունը գերակայի մեր Հայաստանում»,- եզրափակեց հայոց աշխարհի կանանց ներկայացուցիչը:
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցություն: Այս «էկզոտիկ» անվանումով քաղաքական ուժի գործունեութան մասին փորձեցինք տեղեկանալ կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանից: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց կուսակցության գործունեության մասին պատմելիս հիշեցրեց, որ տարիներ շարունակ՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 3-ին նախագահական նստավայրի դիմաց հանրահավաքներ են արել եւ դատական նիստերում պաշտպանել են խաբված ավանդատուների շահերը. «Յուրաքանչյուր հարցի շուրջ մեր կուսակցությունը մասնակցություն է ունեցել, «Էլեկտրիկ Երեւանին» էլ ենք մասնակցել»,- հավաստիացրեց ավանդապաշտ կուսակցապետը:
Ի դեպ, պարզեցիինք, որ «Հայկանդուխտ»-ը հապավում է` հայ կանանց ուխտ.«Իսկ հայ կնոջ ուխտը ո՞րն է` իր երկիրը տեսնել բարգավաճ, իսկ բարգավաճ երկրում իր ընտանիքի բարեկեցությունը, իր զավակների երջանիկ ապագան, բացի այդ՝ Րաֆֆու հերոսուհու անունն է, երկուսը միաձուլված են: Իսկ թե ինչու ավանդապաշտ, որովհետեւ առանց ավանդույթի ազգը չի կարող գոյություն ունենալ»,- ներկայացրեց կուսակցության ղեկավարը՝ չպարզաբանելով, սակայն, թե որքանով են համադրելի ավանդապաշտ-ժողովրդավարական գաղափարախոսությունները: Մեր դիտարկմանը, թե կուսակցության անվանման հապավումը ենթադրում է, որ այն բացառապես կանացի քաղաքական ուժ է, ստացանք հակառակի մասին փաստող պատասխան. պարզվեց, որ այս ուժի շարքերում կան նաեւ տղամարդիկ. «Որովհետեւ գտնում ենք, որ մեր թիկունքում պետք է ունենանք հայ տղամարդու հզոր ուժը»,- պարզաբանեց Ղազարյանը:
Ի դեպ, այս քաղաքական ուժի անդաներն իրենց համարում են «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից: Մոտ մեկ տարի առաջ միացել են ՀՎԿ-ին եւ այդպիսով դարձել հիմնադիր: Արմենուհի Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե տեղյակ էլ չէ՝ ՀՎԿ-ի ցուցակի մեջ իրենցից անուններ կընդգրկվեն, թե ոչ, բայց. «Եթե քաղաքական կուսակցությունները միաձուլվում են, մեկ ընդհանուր քաղաքական հզոր ուժ են ստեղծում, նպատակը ոչ թե կարտոֆիլ մաքրելը կամ պահածո փակելն է, այլ քաղաքականություն մտնելը հզոր թիմով՝ իհարկե, ընտրություններին մասնակցելով, իսկ ընտրություններին մասնակցում են ցուցակներով»,-հավելեց Ղազարյանը:
Ժամանակին բարձրաստիճան պաշտոնյաների սեռական կողմնորոշմանը վերաբերող ցուցակի մասին հայտարարություններով հայտնի դարձած Արմեն Ավետիսյանի ղեկավարած «Հայաստանի հայ արիական» կուսակցությունը, պարզվեց, 2013 թվականին հայ ազգայնականների համախմբման հետ փորձել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են, տարածքային բոլոր կառույցներին ոտքի են հանել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նախորդ ընտրությունները բաց են թողել: Հիմա էլ կուսակցությունը փորձում է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, որ կարողանա մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց կուսակցության ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ: Տեղեկացանք, որ մինչ օրս որեւէ կուսակցության կողմից առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկ չեն ստացել, բայց սպասում են: Ավետիսյանի խոսքով` այս ուժի հանդեպ հետաքրքրություն ունեն թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխող կուսակցությունը: Ընդ որում, այս կուսակցության համար թե՛ իշխանությունը, թե՛ ներկայիս ընդդիմությունը նույնն են, որովհետեւ 1993 թվականից ցայսօր հերթով փոփոխվում են, բոլորն էլ հին ու նոր իշխանություններ են. «Դրա համար ինչ-որ հատուկ վերաբերմունք դնել չենք ուզում, նույնն են մեզ համար, հիմա ով մեր գաղափարներին, մեր նպատականերին ավելի հարմար առաջարկ կանի, կմտածենք, չէ, կփորձենք ինքնուրույն հանդես գալ»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, թե պատրաստ են ընդունել նաեւ հանրապետականների առաջարկը:
Ճիշտ է՝ ՀՀԿ համագումարին դեռ չեն հրավիրվել, բայց սպասելիքներ ունեն, ակնկալում են նաեւ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ մասնակցել: Հարցին, թե ինչի վրա են հիմնված իրենց սպասելիքները, Ավետիսյանն արձագանքեց. «Չեմ թաքցնում, հատկապես հին հանրապետականների հետ, որոնք կան Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից, մենք ընկերություն, ծանոթություն ունենք, այդ թեմայով զրույցներ լինում են, այդ թվում` ընդդիմության հին ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Ավետիսյանը:
Վահագն Հակոբյան