«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին կամ կալանավորներին տրամադրվող սնունդի մասին: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին դատապարտյալների հարազատները, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սնունդը այնքան վատն է, որ նրանք ստիպված են լինում դիմել հարազատներին, որ իրենց համար սնունդ բերեն: Բայց այստեղ էլ մի լուրջ խնդիր կա, երբ սնունդ տանելու օրը համընկնում է դատապարտյալին դատարան տեղափոխելու օրվա հետ, սնունդը «անհետանում է»:
«Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ «Նուբերաշեն» ՔԿՀ-ից: Այնտեղ իր պատիժը կրող բանտարկյալը հայտնեց, որ երբ ժամեր անց դատարանից հետ է վերադարձել, իրեն ուղարկված սնունդը այլեւս չի տրամադրվել եւ շուրջ 5 ժամ իր ընկերների հետ քաղցած է մնացել:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից, որտեղից հայտնեցին, թե ըստ օրենքի՝ կալանավորներին դատական նիստերին մասնակցելու համար տրամադրվում է համապատասխան ուտելիք, ինչը ըստ պատշաճի տրամադրվում է իրենց: Ավելին՝ ՔԿՎ լրատվական բաժնից հորդորեցին, եթե կան կոնկրետ փաստեր, թե որ կալանավորին կամ կալանավորներին չի տրամադրվել սնունդը, ապա թող ներկայացնեն ՔԿ վարչություն, որից հետո կնշանակվի ծառայողական քննություն՝ հասկանալու համար, թե ով է թերացել իր աշխատանքում: