Այս տարի Տավուշի մարզի մթերող ձեռնարկությունները խաղողագործներից ընդունել են 3450 տոննա խաղող: Այդ մասին հայտնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
Ընդունման գինը տարբեր է եղել, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը գյուղացիներից խաղողն ընդունել է կիլոգրամը 110 դրամով, իսկ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը՝ 130 դրամով: Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը մթերված խաղողի դիմաց գյուղացիներին վճարել է, իսկ, ահա, մթերող մյուս ձեռնարկությունները խաղողագործներին կվճարեն՝ ըստ հաստատված ժամանակացույցի, մինչեւ այս տարեվերջ:
Եղանակային վատ պայմանների պատճառով 2016թ.-ի խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ էր. 2015թ.-ին Տավուշի մարզում մթերվել էր շուրջ 7700 տոննա խաղող:
Ոսկան Սարգսյան
Տավուշ