«Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ. այն գրավադրված է «Առէքսիմբանկ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: «Ժողովուրդ»-ը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանից տեղեկացավ, որ մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկ»-ում:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Դեռեւս անցած տարի «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են պահանջներ: Սակայն մինչեւ հիմա պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել: Նրա խոսքերով՝ պարտատերերի ցուցակը չի հաստատվել, եւ սրա կապակցությամբ դատական նիստ է հրավիրվել: Ըստ Կոշեցյանի՝ գործը շահառուների բավարարման փուլում է գտնվում: Իսկ պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հետ մարզադաշտի տնօրինությունը չի համաձայնել, եւ դատարանում պահանջի հարցը կքննվի:

«Դեռեւս պարտատերերի ցուցակը հաստատված չէ, քանի որ պարտատերերի ներկայացրած պահանջների նկատմամբ առարկություններ կան: Ընկերությունը առարկություններ ունի եւ չի ընդունում պահանջները, որ իր նկատմամբ ներկայացրել են: Բայց պարտապանը իր հերթին պնդում է՝ երբ դատարանը վերջնական որոշում կկայացնի պահանջի չափով գումար տալու մասին, այդ ժամանակ չի առարկի: Բայց հիմա չի ընդունում: Այսինքն՝ մարդն իր մեջ մտածել է, որ ընկերությունն իրեն պարտք է, օրինակ՝ 1 մլն դրամ: Բայց «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն ապացուցում է, որ այդ 1 մլն դրամը, որը պարտատերը ներկայացրել է, ինքը վճարել է: Ու դա ընկերությունը հիմնավորում է: Իսկ մյուս կողմը պնդում է՝ չէ՛, դու սխալ ես, ու պարտքը կազմում է 1 մլն դրամ, եւ վերջ: Երկու կողմերը հիմա իրար հետ վիճում են: Դատական նիստ պետք է հրավիրվի, ու դատարանն իր վերջնական որոշումը կկայացնի»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը: Ի դեպ, այդ երկար սպասված դատական նիստը կկայանա նոյեմբերի ընթացքում, բայց սնանկության գործով կառավրիչը հստակ օրը դժվարացավ նշել:

«Ժողովուրդ»-ը Կոշեցյանից տեղեկացավ, որ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկում»: Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկը» ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների ցանկում էր՝ որպես «Գազպրոմբանկի» դուստր ընկերություն: Եւ վերջերս «Առէկսիմբանկը» ձեռք է բերվել հայաստանյան մեկ այլ բանկի՝ «Արդշինբանկի» կողմից: «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի հետ կապված Կոշեցյանն ասաց, որ ընկերությունը մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել, որպեսզի բոլորի պահանջները բավարարի, եւ, ի վերջո, մարզադաշտը գրավադրումից հանվի:

«Ընկերության նկատմամբ պահանջը կազմում է ընդամենը 3 մլն դոլար, եւ այդ արժեքով է այն գրավադրված բանկում, իսկ ստադիոնը արժի, օրինակ, 15-20 մլն դոլար: Այսինքն՝ ընկերության ունեցած գույքը պահանջից ավել է կազմում»,- նշեց սնանկության գործով կառավարիչը:

Մեր զրուցակցի խոսքով՝ գրավադրված գույքի վարկային պարտավորությունները կատարում է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն: Եւ նույն ընկերությունն էլ առաջիկայում մտադիր է առողջացման ծրագիր ներկայացնել: «Ընկերությունը պահանջում է, որ իրեն սնանկ չճանաչեն՝ խոստանալով, որ կմարի պարտքերը: Ամեն դեպքում, առաջիկայում պարզ կդառնա, թե ինչ է լինելու «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ի ճակատագիրը»,- ներկայացրեց Կոշեցյանը: Վերջինս հայտնեց նաեւ, որ օրենքով, մինչեւ պարտատերերի առաջին ժողովը, ընկերությունը կարող է բնականոն հունով աշխատել եւ իր գործունեությամբ զբաղվել: «Եթե ընկերությունը առողջացման ծրագիր է ներկայացնում, ապա դրա պայմաններով պետք է նաեւ գումարներ հայթայթի: Պետք է աշխատի, չէ՞, որ գումար, եկամուտ ունենա, որպեսզի պարտքերը մարի: Բոլոր աշխատողներին վարձատրում է: Եթե մարդիկ աշխատում են, ապա բոլորին պետք է վարձատրել, քանի որ առողջացման ծրագրում այդ ամենը երեւալու է: Պարտք չի կուտակվում, իմ կողմից հսկողություն է սահմանված, որպեսզի պարտքեր չգոյանան»,- հավաստիացրեց Կոշեցյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս