ՀԱՐՑ. Երբ հայտնաբերվում է, որ ճանապարհային ոստիկանը տվյալ պահին խախտում է արել կամ անարդար է վարվել քաղաքացու հանդեպ, այդ դեպքում որեւէ տուգանք կամ տույժ հասնո՞ւմ է նրան:
Սեւակ Մելքոնյան, 45 տարեկան, մեխանիկ
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կապացուցվի, կհաստատվի, որ խախտում է հայտնաբերվել ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակ կամ գերազանցել է իր լիազորությունները, ապա վարորդին վարչական պատասխանատվության չեն ենթարկի: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կարգապահական պատասխանատվության կենթարկվի միայն փաստացի ապացուցման դեպքում: Եթե դա կհաստատվի, քաղաքացին կարող է դիմում-բողոք գրել: Բողոքի հիման վրա կկատարվի ծառայողական քննություն ու այդ քննության հիման վրա էլ կհաստատվի, որ տեսուչը խախտում է արել: Պատժելու մի քանի տեսակի միջոցներ են ձեռնարկվում` ընդհուպ մինչեւ գործից ազատում, բայց միայն հաստատվելու դեպքում:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ միջոցներ պետք է գործադրի մարդը` ճանապարհային ոստիկանի թույլ տված ապօրինությունը արձանագրելու համար: Իսկ եթե չարձանագրի, դա չի կարող համարվել ծառայողական պարտականությունների խախտում: Եթե, օրինակ, ճանապարհային ոստիկանը գումար է պահանջում 5000 կամ 20 000 դրամանոց ակտ չգրելու համար, պետք է ՀՀ քաղաքացին նկարահանի, որպեսզի կարողանա ապացուցել: Եթե տեսաձայնագրություն չեղավ, չի կարողանալու հաստատել ոստիկանի ապօրինությունը: Թեեւ կարելի է արդեն պատկերացնել, թե այդ հաստատում ասվածն էլ ինչ ընթացք կունենա: