Արցախյան կողմը պատրաստ է ցանկացած պահի միջնորդների հետ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար. Սենոր Հասրաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը, պատասխանելով «Արմենպրես» -ի թղթակցի հարցերին, մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից նոյեմբերի 13-­ին տարածված ապատեղեկատվությունն՝ իբր ղարաբաղյան կողմից հրադադարը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից խախտելու վերաբերյալ։ Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն իրականության չի համապատասխանում և հավելել. «Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ:

Երկրորդ` եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառման մեջ, ապա, ինչպես հայկական կողմը, այն ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն, ի դեպ, քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում:

Եվ վերջապես՝ ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար»:

Սենոր Հասրաթյանը նաև նշել է, որ ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծում ներկայում իրավիճակը հանգիստ է։ Նախորդ օրերին Ադրբեջանի կողմի արկակոծումներից Պաշտպանության բանակը մեծ վնասներ և
կորուստներ չունի։




Լրահոս