Կենտրոնացումը լավ բան է, բայց ինքնանպատակ չի կարող լինել. Հովհաննես Մանուկյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել փաթեթ, որի համաձայն դադարեցվելու է արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության  վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվում են նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները: Այսուհետ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվելու է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

ArmLur.am-ը փորձեց արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանից ճշտել, թե որքանով են արադարացված այս որոշումները, և ինչ է կորցնելու նախարարությունը: Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, և սա հերթական քայլն էր տեսչական բարեփոխումների իրականացման համատեքստում, ինչը ենթադրում էր տեսչական գործառույթների կենտրոնացում:

«Հարցը միանշանակ ընկալում չունի, և տեսչական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ընթացքից ի վեր բազում կարծիքներ կան դրա նպատակահարմարության և իրականացման ձևերի ողջամտության վերաբերյալ: Ահավասիկ, արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին փոխանցելու պարագայում հարց է առաջանում թե ով և ինչպես պիտի իրականացնի վերահսկողության ֆիսկալ հարաբեությունների հետ չառընչվող մասը: Այս հարցի պատասխանը համենայն դեպս հրապարակային չի հնչել: Կենտրոնացումն իհարկե լավ բան է, բայց դա ինքնանպատակ չի կարող լինել: Մինչև այս բոլոր հարցերի պատասխանները չհնչեն, լիարժեք դժվար է պատասխանել որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին հարցին», – նշեց նա, հավելելով, որ պետք է հաշվի առնել՝ սա շատ զգայուն ոլորտ է և առընչվում է հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների իրավունքներին և ազատություններին:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին արձագանքել է  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս