Հարց քաղաքացիներից` եթե անձը մասնակցում է կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա նա կարո՞ղ է օգտվել հարկային արտոնություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մասնակցում է կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա նա կարո՞ղ է օգտվել հարկային արտոնություններից:

Լիաննա Պողոսյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100.000 դրամ, եւ նա կատարել է 5.000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95.000 դրամից:
Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների՝ տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների, 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ի դեպ, ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բանկերը՝ «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:




Լրահոս