ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքում է ուսանողը հեռացվում բուհից: Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ նրան բուհից հեռացնելու համար:
Ռուբինա Մելիքյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ռ. Մելիքյանի հարցին՝ հայտնում ենք, որ ուսանողը բուհից հեռացվում է.
1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),
2) բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
3) բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: