ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեց «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որը կավարտվի նոյեմբերի 7-ին: Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ո՞ր ոլորտներն են առաջնայինը Կարեն Կարապետյանի կառավարության համար, եւ թե ո՞րն է ամենաուշագրավն այս ամենում:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:
ՀՀ ոստիկանության ընթացիկ ծախսերի համալրման, ինչպես նաեւ կապիտալ ծախսերի կատարման հիմնական աղբյուրները արտաբյուջետային ֆոնդերն են: 2017 թ.-ի բյուջեով ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել մոտ 40 միլիարդ դրամ, ինչը մոտ 1 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ավելին` ոստիկանության աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները ծրագրավորվել են մոտ 31 մլն դրամի չափով, որը 2016 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3,2 մլն դրամով: Ըստ երեւույթին, իշխանությունը գիտակցում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ու նաեւ դրանից հետո սպասվելիք ընդվզումները, որոնց դեմ կիրառվելու է, բնականաբար, իշխանության «վահանը»` ոստիկանությունը: Դրա համար էլ նրանց պահապանները պետք է «վարձատրվեն»:
Նույն օրը, բայց արդեն դռնփակ ձեւաչափով, անցկացվեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը: Այստեղ էլ կանգ առնենք եւ արձանագրենք մի քանի զարմանալի փաստ: Փաստորեն պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում ՀՀ ՊՆ-ի բյուջետային հատկացումները ավելացել են էլի մոտ 1 միլիարդով, այնքան, որքան ավելացել է ոստիկանության բյուջեն: 2017 թվականի բյուջեով պաշտպանական կարիքները հոգալու համար տրամադրվելու է մոտ 209 մլրդ դրամ: Սա այն դեպքում, երբ 2016 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, բոլորս ականատես եղանք, որ ՊՆ-ն «բարեկարագվելու», վերազինվելու կարիք ունի, ու հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ կարիքները բավարարելու համար այդքան գումարը բավարար է: Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամաբանությամբ է պաշտպանության ոլորտին հատկացվելիք գումարն ավելացել ընդամենը 1 միլիարդ դրամով, երբ այս կառույցը մեր սահմանների անվտանգությունն է ապահովում:
Զավեշտալի է նաեւ մեկ այլ իրողություն: Դեռեւս ամիսներ առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ տեւական ժամանակ է՝ Հանրային հեռուստաընկերությունում շինարարական ու վերանորոգման աշխատանքներ են կատարվում, եւ որ այդ աշխատանքները, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման որոշ մասը լուծվում է «Արդշինբանկ»-ի կողմից, որը Հանրային հեռուստաընկերության շենքի գրավադրման դիմաց հատկացրել է 5 միլիոն դոլարի վարկ: Ու այս պայմաններում հայրենի կառավարությունը այս կառույցին 2017 թվականի պետական բյուջեով նախատեսել է հատկացնել 6 մլրդ 373 մլն դրամ, ինչը մոտ 6 անգամ ավելին է, քան սփյուռքի նախարարությանը հատկացվելիք գումարները, մինչդեռ ՀՀ սփյուռքի նախարարությունը դրսում «մորթվող», «անտեր» սիրիահայերի ճակատագիր պետք է լուծի եւ ոչ միայն: Եթե պիտի սփյուռքի նախարարությունից շատ գումար տրվի Հանրային հեռուստաընկերությանը, ու դրանից հետո էլի «վարկով» ապրի Հ1-ը, էլ ի՞նչ իմաստ ունեն այդ հատկացումները: Նկատենք, որ Հ1-ը նաեւ գովազդատուներից է ահռելի գումարներ ստանում:
Վերջում նշենք, որ հայաստանյան մյուս բոլոր գերատեսչություններին հատկացվելիք գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են: Նվազել է անգամ Սերժ Սարգսյանի աշխատակազմին եւ ազգային անվտանգության խորհրդին հատկացված գումարի չափը: 2016-ի 5 միլիարդ 97 միլիոն դրամը 2017 թվականին նվազել է 574 միլիոն դրամով: Նվազումը պայմանավորված է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարմամբ:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՊԾ-ՈՒՄ
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով սպառողների միության ներկայացուցիչների եւ գործարարների հետ հանդիպման ժամանակ սննդի անվտանգության պետական ծառայության գործունեության վերաբերյալ հնչած մտահոգությունները, գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը` շեշտելով` արդյո՞ք գործող լաբարատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե՞ անկախ: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանից տեղեկացավ, որ, թեեւ Կառավարությանն իրենք արդեն ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի լրջությունը եւ ծավալը՝ տվյալ հարցը հավելյալ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների կարիք ունի. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ, հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը, ցանկալի է, որ վերահսկողություն իրականացնող մարմինը եւ լաբարատորիաները գործեն առանձին»,- ասաց Հարությունյանը: Փաստորեն` մինչ այս սխալ է եղել կառուցվածքը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՆ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչությունը վաճառում է ՀՀ նախագահի աշխատակազմի գույքը: Մասնավորապես, աճուրդի է հանվել 2007-2010 թվականների արտադրության թվով 5 համակարգիչ, որոնց մեկնարկային գինը սկսում է 7500 դրամից: Նաեւ՝ թվով 8 հատ մոնիտոր, 2004-2007 թվականների արտադրության 15-18 հազար դրամ մեկնարկային արժեք ունեցող 4 հատ պատճենահանման մեքենա, 2002-2010 թվականների արտադրության 7 հատ օդորակիչ, 2007 թ. արտադրության, 5000 դրամ արժեքով երկու թվային ֆոտոխցիկ, 1996 թ. արտադրության 7000 դրամ մեկնարկային գնով երկու հատ միկրոֆոն ամբիոնով: Ի դեպ, նախագահի աշխատակազմի էլեկտրական տեխնիկայի աճուրդը կայանալու է նոյեմբերի 9-ին եւ նոյեմբերի 24-ին, երբ մեկնարկային գները եւս կնվազեն:

 

 

ԽԱԽՏՈՒՄՈՎ ԳՈՐԾԱՐՔ ՊՆ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով փորձել է գնել տնտեսական, սանհիգիենիկ եւ լվացքի միջոցներ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման գործընթացին: Բանն այն է, որ գնում կատարելու ընթացակարգի հրավերի մի քանի չափաբաժիններով ներկայացված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Այն է՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:

 

 
ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը եւ ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին: Բացմանը ներկա է եղել նաեւ այդ արարողության կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
 

ՋՈՒՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ
2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երեւանում եւ 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում, կնվազի: «Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Armtimes.com-ին ասել է, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող, քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռեւս պայմանագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբերի կեսին: Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ դառնալու է Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը, քանի որ մրցույթ էր հայտարարվել միասնական օպերատոր ընտրելու համար: «Երեւան ջուր», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» եւ «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունները լուծարվելու են: «Երեւան ջուր» ընկերության խոսնակի փոխանցմամբ՝ լուծարումից հետո կաշխատի մեկ օպերատոր՝ մեկ սակագնով: Գործող սակագները կպահպանվեն մինչեւ այս տարվա դեկեմբերի 31-ը:

 

 

ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆԵԼ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ եւ ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգեւատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ
Երեւանի պետական բժշկական համալսարանում երեկ տեղի ունեցած խորհրդի նիստում միաձայն ընդունվել է ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրեց բուհի ռեկտոր:




Լրահոս