Ակնկալվում է առավել ծավալուն և նպատակաուղղված համագործակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեիառաջին հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրի միջև առկա խորը համագործակցությունն առավել ընդգրկուն և նպատակային դարձնելու հարցերը։

Դեսպանը հայտնել է առողջապահության տարբեր ոլորտներում ֆրանսիական կողմի աջակցության պատրաստակամության մասին։ Ֆրանսուա Շարպանտիեն մասնավորապես առաջարկել է համագործակցության հնարավորություններ ստեղծել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող Բիզնես Ֆրանս փաստահավաք և հետազոտական կազմակերպության հետ, որն այս տարվա ամռանը Հայաստանի առողջապահության առանձին ոլորտներում ուսումնասիրություններ է կատարել։ Նա նաև առաջարկել է 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանում կազմակերպել առողջապահության ֆրանսիական օրեր`հայ հասարակությանը ֆրանսիական առողջապահական ծառայությունները ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ներդրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարում և այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաևսեպտեմբերին ՀՀ առողջապահության նախարարության և Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում հոգեբուժության ոլորտում համատեղ աշխատանքներնակտիվացնելուն,առողջապահության կազմակերպման ֆրանսիական փորձի ուսումնասիրմանը վերաբերող և այլ հարցեր։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հյուրին համառոտ ներկայացրել է ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված նոր մոտեցումները, այդ թվում` ֆինանսական եղած միջոցներն ու ներդրումները հնարավորինս արդյունավետ կիրառելու սկզբունքը։

Լևոն Ալթունյանը կարևորել է ֆրանսիական փորձի ներդրումն ինչպես առողջապահական ծառայությունների որակի բարելավման, այնպես էլ կառավարման ոլորտում։ Նախարարը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում շեշտադրել է առողջ ապրելակերի, վնասակար սովորույթներից հրաժարվելու և առողջ սննդի օգտագործման կարևորությունը։
«Այստեղ մենք կուզեինք մեր թիկունքին ձեր աջակցությունը զգալ հատկապես հանրության հետ երկխոսության ժամանակ»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ նախարարի կողմից հնչեցված խնդիրները համընկնում են իր մոտ հասունացած նկատառումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախաձեռնող հավաք կազմակերպելու։




Լրահոս