Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու հանձնաժողովի անդամ, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը Սահմանադրության նախագծի հանրային քննարկումների շրջանակներում հանդիպել են կրթական համակարգի ներկայացուցիչների հետ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահը նախագծի մանրամասները ներկայացնելուց բացի անդրադարձել է նաև կրթական համակարգում կատարվելիք փոփոխություններին, որը նախատեսվում է Սահմանադրության նոր նախագծում:
«Ըստ նոր Սահմանադրոթյան 15-րդ հոդվածի՝ «Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը» դարձրել ենք սահմանադրական կարգի հիմունքներ: Դրանից բացի «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատություններ»-ը գլխում ներառված հոդված 38-ը հստակ կրթության իրավունքին է վերաբերում, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Մենք 42-րդ հոդվածում ընդգրկել ենք նաև կարծիքի արտահայտման ազատությունը, որը արտահայտում է մամուլի, ռադիոյի, հեռուս տատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատության երաշխավորման մասին»,- ասել է Ա. Ղուլյանը:
Մասնագիտական հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է նախագծի 101-րդ հոդվածին, որտեղ ձևակերպվում է սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարության կարգավիճակը և գործառույթները: «Նոր կառավարությունը գործողին նման չի լինելու, որը ներկայումս գործադիր իշխանության լիազոր պատասխանատուն է հանդիսանում: Այն լինելու է կոլեգիալ մարմին, որը նախագահին օգնելու է, որպեսզի նա իրականացնի գործադիր իշանության հետ կապված իր լիազորությունները: 102-րդ հոդվածում նշվում է նաև, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը: Սա պատասխանատվություն է նախարարների համար, քանի որ նրանք ինքնուրույն են մշակում և իրականացում իրենց ոլորտների քաղաքականությունը»,- ասել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը պատասխանել է նաև կրթական համակարգի ներկայացուցիչներին հուզող հարցերին: