«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 8-ին իր ծննդյան առիթով տարածած հայտարարության մեջ մի քանի ուշագրավ շեշտադրումներով բացահայտել էր վանաձորյան «խայտառակ» առեղծվածը, որը չընդունվեց հասարակության կողմից եւ բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ: Նա փակուղու մեջ չհայտնվելու նպատակով հանդես եկավ եւս մեկ հայտարարությամբ, որով առաջարկում է Վանաձորի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել տեղական հանրաքվեի միջոցով:
Նոյեմբերի 8-ի հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով վանաձորյան ընտրություններին, ասել էր. «Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները հուշագրի ոգուն համապատասխան եւ քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով եւ քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ, ըստ որում, սա արվում է համառ հետեւողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն՝ կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել եւ ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա եւ իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերեւս արժե»:
Իսկ արդեն նոյեմբերի 12-ին Հ3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս հանդես էր եկել առաջարկով. «Վանաձորում ստեղծվել է լարված իրավիճակ: Եվ մենք ինչ ենք առաջարկում. քաղաքը պետք է զարգանա, քաղաքը չի կարող այս վիճակում մնալ: Եվ մենք բոյկոտելու ենք ավագանու նիստը եւ էլի ենք բոյկոտելու, այնքան ժամանակ, մինչեւ քաղաքական համաձայնություն չլինի: Եվ մենք առաջարկում ենք իրականացնել տեղական հանրաքվե վանաձորցիների մասնակցությամբ եւ թող վանաձորցիները որոշեն՝ ձեւավորվի՞ ազգային համաձայնության կառավարություն, թե՞ ոչ: Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, որպես ՀՀԿ-ի թեկնածու, թե ոչ: Մասնակցե՞ն մյուս ընդդիմադիր ուժերը մասնակի կառավարմանը, թե՞ ոչ: Այսինքն՝ տեղի ունենա տեղական հանրաքվե»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանն էլ, ոգեշնչվելով կուսակցապետի առաջարկից, սոցիալական ցանցերից մեկում գրառում էր կատարել՝ նշելով հետեւյալը. ««Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցում բավականին ուշագրավ եւ հետաքրքիր առաջարկ արեց Վանաձորում ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար: Մասնավորապես ՀՎԿ նախագահը առաջարկեց անցկացնել տեղական հանրաքվե, որը հնարավորություն կտա հենց վանաձորցիներին որոշել՝ ընդդիմությունը շարունակի՞ բոյկոտը, թե՞ ոչ, Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, ձեւավորվի՞ բոլոր քաղաքական ուժերից կազմված վանաձորյան կոալիցիա, թե՞ ոչ: Սա խնդիրների լուծման նոր մոտեցում է, որը, կարծում եմ, պետք է քննարկեն բոլոր քաղաքական ուժերը«:
Թերեւս այս հայտարարությունների շարքը մեզ թույլ է տալիս հանգելու այն եզրակացությանը, որ Արթուր Բաղդասարյանն այս ձեւով փորձում է շիտակ եւ ազնիվ մտածող քաղաքական գործիչ երեւալ, բայց միեւնույն ժամանկ, ինչպես ArmLur.am-ն էր գրել. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, որ առաջիկայում «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ եւ իշխանական Մամիկոն Ասլանյանի հետ կառավարել Վանաձորը: Այս հանգամանքը լավ առիթ է եւս մեկ անգամ փաստելու, որ իրեն ընդդիմադիր հռչակած Արթուր Բաղդասարյանը շարունակում է ընդդիմություն խաղալ»:
Լիդա Եղիազարյան