Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ լուրջ դժգոհություններ ունեն տնօրինությունից: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ արտիստների մեծ մասը թատրոնում իրեն հյուրի, երբեմն էլ ավելորդի կարգավիճակում է զգում: Բանն այն է, որ ակադեմիական թատրոնի դահլիճը պարբերաբար տրվում է վարձակալությամբ, ինչի արդյունքում խաղացանկային համերգները հազվադեպ են ներկայացվում հանդիսատեսին:
Ստեղծագործական անձնակազմի անդամը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեզ պատմեց` արտիստները սպասում են, որ դահլիճը վարձակալված չլինի, նոր միայն ներկայացում կամ համերգ ունենան այնտեղ. «Պատահում է, որ այդ սպասումը ձգվում է 6-7 ամիս: Այսինքն` կարող է այդ արենդաների պատճառով տարվա ընթացքում արտիստները 1-2 անգամ հանդես գան թատրոնում: Նրանք հոգնել են այդքան սպասելուց, հոգնել են այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից: Այս վիճակն ազդում է նրանց մասնագիտական հնարավորությունների, ֆորմայի վրա: Արտիստը չի կարող առանց բեմի հետ հարաբերվելու` այդ ֆորման պահել: Արվեստը նման է սպորտին. ամենօրյա «մարզում» է պահանջում: Իսկ այս իրավիճակը սարսափելի կերպով դեգրադացնում է արտիստներին: Վերջապես նրանց տարիներն են գնում… Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսված է 5 ներկայացում եւ 12 միջոցառում` վարձակալների կողմից. սա նորմա՞լ է, դե, թող հակառակը լիներ: Չի կարելի, այսպես անհնար է աշխատել»:
Մեր զրուցակցի խոսքով` վարձակալված դահլիճում կազմակերպվում են, օրինակ, հոբելյանական երեկոներ, ներկայացումներ ու համերգներ, հաճախ նաեւ` անլուրջ, կշիռ չունեցող միջոցառումներ. «Պետք չէ մոռանալ, որ դա Օպերային շենք է, այդ միջոցառումներն էլ պետք է լրջության աստիճան ունենան, դահլիճն ամեն մեկին չի կարելի վարձով տալ… Եվ հետո` ես չեմ ասում, որ դահլիճը, առհասարակ, վարձակալությամբ չտրվի, չէ, թող տրվի, ես դեմ չեմ, բայց դա չպետք է խանգարի ստեղծագործական պրոցեսներին, ոչ թե արտիստները պետք է լինեն հարմարվողը, այլ դահլիճը վարձակալողները»,-մեկնաբանեց նա:
Վերջինիս խոսքով` դահլիճի վարձակալության հարցը խանգարում է նույնիսկ արտիստների փորձերին. «Ինչ է, թե դահլիճը զբաղված է, նրանք կարող են նույնիսկ կիսատ-պռատ փորձերից հետո դուրս գալ բեմ: Սա պրոֆեսիոնա՞լ մոտեցում է…Հերիք եղավ, բոլ եղավ: Այս իրավիճակը աստիճանաբար զարգացավ, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրա արդյունքում նոր սերնդի լավագույն արտիստները փախչելու են այստեղից: Այնպիսի տպավորություն է, որ նրանց ստեղծագործական կյանքն է տրված վարձով: Մարդիկ ուզում են մեր հայրենիքում էլ ելույթներ ունենալ, իրենց բավարարված զգալ: Թվում է, թե անլուծելի վիճակ է, համենայն դեպս, կարծում եմ, որ այս խնդրի մասին անպայման անհրաժեշտ էր բարձրաձայնել»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք վարձակալությունից ստացված գումարները ուղղվում են թատրոնի կարիքներին, մեր աղբյուրը պատասխանեց. «Թատրոնում մի թայֆա կա, որն այդ վարձակալության գումարներով ուտում, խմում, քեֆ է անում: Այդ մարդկանց ձեռնտու է, որ արտիստների տարիներն ուտեն, բայց իրենք Range Rover-ներով շրջեն: Վարձակալության փողից անգամ չնչին գումար չի հատկացվում թատրոնին, այնինչ՝ որքա՜ն նոր ներկայացումներ կարելի էր բեմադրել ու համերգներ կարելի էր կազմակերպել ֆինանսական այդ միջոցներով: Որ այդքանի հետ մեկտեղ ձեռք մեկնեին Օպերային թատրոնին, կասեինք` դե, այդ վարձակալությունը թատրոնի շահերի համար է, բայց մենք տեսնում ենք միայն ղեկավարության նոր մեքենաներն ու ճոխ հագուկապը, այնքան փող են աշխատում, որ էլ դու սուս»:
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի ստանալ Օպերային թատրոնի ղեկավարության եւ մշակույթի նախարարության մեկնաբանությունը:
Աննա Բաբաջանյան