ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքում է անուիտետը պարտադիր բնույթ կրում:
Նարինե Հովհաննիսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ն. Հովհաննիսյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում, մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որեւէ ապահովագրական ընկերություն եւ նրա հետ կնքել անուիտետի պայմանագիր:
Այդ նպատակով մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում («Իմ հաշիվը» ինտերնետային էջի կամ հաշվի օպերատորի միջոցով): Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Կուտակային միջոցները ստանալուց հետո, անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում եւ պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի՝ կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար եւ այլ էական պայմաններ: