ՏՄՊՊՀ-ի շուրջ Գործարարները չեն ների Գարեջրի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերությունները՝ «Երեւան գարեջուր»-ը եւ «Գյումրի»-ն, հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիրախում: ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար «Երեւան Գարեջուր» ընկերությանը տուգանել է 110 մլն դրամով: Իսկ «Գյումրի գարեջուր» ընկերության մարքեթինգային եւ տրանսպորտային ծախսերի ուռճացման հետ կապված ուսումնասիրության արդյունքներն էլ հանձնաժողովը ուղարկել է պետական եկամուտների կոմիտե:
Երեկ գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր վրդովվմունքն արտահայտեց՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն գործարանի տնօրինությանը չի ծանուցել սույն նիստի մասին, եւ իր բնորոշմամբ` «գաղտագողի» որոշում է կայացրել՝ «ղալլաթ անելով»: Գործարանի տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում: Ինքը` Հակոբ Հակոբյանը, կարծում է, որ այս որոշմամբ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հեղինակությունն է ցանկանում բարձրացնել: Մինչ ԱԺ պատգամավորը կդիմի դատարան, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ մի շարք ընկերություններ դատական հայց են ներկայացրել: Մասնավորապես պարզեցինք, որ այս տարվա օգոստոսի 10-ին «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ պահանջելով, որ անվավեր ճանաչվի օգոստոսի 1-ին ընկերության դեմ իրականացված ակտը: Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը, մերժել է «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի հայցը:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Աժ նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ն եւս 2016 թվականի հուլիսի 18-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայիսին կայացրած որոշման ակտը վերացնի, սակայն ՀՀ վարչական դատարանը մերժել է ՍՊԸ-ի հայցը եւ այն հետ վերադարձելու որոշում կայացրել: Եվ ահա սեպտեմբերի 28-ին, երբ գործարարները հանդիպել են ՀՀ նորանշանակ վարչապետին, ՏՄՊՊՀ գործունեությունից դժգոհել են: Ըստ երեւույթին, գործարարների դժգոհությունը նորանշանակ վարչապետի մոտ եւս բարկություն է առաջացրել առ Արտակ Շաբոյան: Եւ չի բացառվում, որ Արտակ Շաբոյանն էլ որոշել է տուգանքներով պատժել գործարարներին:
Հ.Գ. Հավելենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արտակ Շաբոյանին հանձնարարեց հանգիստ թողնել գարեջրի շուկան: Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:
Քնար Մանուկյան