Երեկ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը, համաձայն որի 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու՝ մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե պետությանը վիրավորելու, պետությանը ոչնչացնելու ավելի հեշտ միջոց գտնել հնարավոր չէր:
«Այս օրինագծով պաշտպանության նախարարը ցույց տվեց, որ իրեն ավելի հոգեհարազատ են այն ոլորտները, որտեղ դրամահավաքներ կան: Ճիշտ կաներ, որ իր գերագույն գլխավոր հրամանատարը նրան այդպիսի աշխատանք ներկայացներ կամ դներ, որտեղ նա կարող էր ավելի մեծ օգուտներ տալ», – նշեց նա, հավելելով, որ այն մեխանիզմները, որոնցով դա իրականացվում է, ժանգոտած են:
Սարգսյանի խոսքով, ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները հետևություններ չարեցին: «Ցավոք, սրտի, իրենք այդ հետևությունները չարեցին: Առաջին հետևությունը պետք է լիներ այն, որ ոչ թե մտածեն, թե մահացածներին ինչ անեն, այլ մտածենք՝ ինչ անենք, որ հաջորդ նման դեպքերում ավելի քիչ մարդ զոհվի: Դա է պաշտպանության նախարարի առաջին խնդիրը», – հավելեց Սարգսյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան