Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների. Սերժ Սարգսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ: Թատրոնի մի շարք ներկայացուցիչների Սերժ Սարգսյանը պարգևատրել է պետական պարգևներով` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար: Մասնավորապես, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավետիք Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

***

Նախագահի խոսքը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ տոնական միջոցառման ժամանակ.

«Բարի երեկո, հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Բարի երեկո, սիրելի՛ պարոնյանցիներ,

Ես սրտանց շնորհավորում եմ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ: Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների, ոչ միայն թատերասերների, այլ նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը՝ թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ:

Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայոց բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր ծալք առ ծալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, և այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի ու մեզ համար ընդունելի:

Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են ծիծաղելով՝ մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին: Մենք շատ սխալներ ունենք ուղղելու՝ ինչպես մեր, այնպես էլ ուրիշների և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու: Իհարկե, մեր իրականության մեջ, և ոչ միայն այսօրվա, բազմաթիվ են ձեռբերումները՝ մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց, իրոք, կան հոռի երևույթներ, որոնց մենք վաղուց արդեն պետք է հրաժեշտ տայինք:

Վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռևս առջևում են: Եվ վստահ եմ, պարո՛ն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին հարյուրամյակը, իրենց վերաբերմունքը նրանց կցուցաբերեն, իսկ ձեր նոր, գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի և հասարակության ձեռքբերումների մասին:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ:

Շնորհակալություն»:

20379_b

20378_b

20365_b

20366_b

20360_b

20361_b

20367_b




Լրահոս