Նոյեմբերի 16-ին, «Սասնա ծռեր» խմբի գործով քննչական գործողության նպատակով «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգողի տեղակալ, նշված գործով մեղադրյալ ներգրավված Ալեք Ենիգոմշյանին ՀՔԾ-ում չորսուկես ժամ սպասեցրել էին՝ այդ ընթացքում ընդամենը ծանոթանալու համար նրան ներկայացնելով փորձագիտական եզրակացություններ, որն էլ զայրույթ էր առաջացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մոտ:
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ որպես մեղադրյալ փորձաքննությունների եզրակացությունների փաթեթը հանձնելու համար, հրավիրել էին քննչական ծառայություն, բայց մի գործողություն, որ առավելագույնս հինգից տասն րոպե է պահանջվում, տվյալ դեպքում շատ երկար տևեց:
Ալեք Ենիգոմշյանն անդրադարձավ նաև Ժիրայր Սէֆիլյանի կնոջ՝ Նանոր Սէֆիլյանի «Սասնա ծռեր» հիմնադրամից հեռանալուն, նշելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ներսում «Սասնա ծռեր»-ի խմբավորման և աջակիցների միջև բացարձակապես տարաձայնություն չկա:
««Սասնա ծռեր» հիմնադրամում կան որոշներ՝ հոգաբարձուների խորհրդում, որոնք չնայած հիմնադրամի անվանումը «Սասնա ծռեր» է, դա ստեղծվել է «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո: Հետևաբար հստակորեն ակնարկը գնում է «Սասնա ծռեր» խմբավորմանն ու դրանց գործողությանը»,- ընդգծեց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, կան մարդիկ ովքեր քաղաքականապես հակադրվում են «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդին. «Այդ իսկ պատճառով է, որ Ժիրայր Սէֆիլյանի կինը հայտարարել, որ դուրս է գալիս այդ հիմնադրամից»:
Լիդա Եղիազարյան