Վիտրաժը Հայաստանում հասանելի է միայն օլիգարխներին. մասնագետի ձեռքբերումներն ու մտահոգությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա Մայա Գրիգորյանը, նույն ինքը` Մայա Դալին, ով մասնագիտությամբ նկարիչ-ձեւավորող է, ասում է, որ Երեւանում, բացի իրենից, ուրիշ կին վիտրաժիստ, որը կատարում է մեծածավալ աշխատանքներ, չի ճանաչում: Մայան զուգահեռաբար զբաղվում է ե՛ւ վիտրաժով (զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա` ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից) ե՛ւ ֆյուզինգով (վիտրաժի պատրաստման համեմատաբար նոր տեխնոլոգիա, վառարանում ապակու հալեցման տեխնիկա. ապակիների ջերմային մշակումը ջեռոցում թույլ է տալիս ստեղծել գեղարվեստական ապակիներ օրիգինալ ֆակտուրաներով եւ գամմային մեծ ընտրությամբ): «Ժողովուրդ»-ը Մայայի հետ զրուցել է իր աշխատանքի առանձնահատկությունների մասին:

15086458_1212277595519971_1877046029_n

-Մայա՛, որքա՞ն ժամանակ է, ինչ այս աշխատանքն եք անում: Հայաստանում շա՞տ վիտրաժիստներ կան, մեզ մոտ վիտրաժն ու ֆյուզինգը որքանո՞վ են տարածված:

-Արդեն 5 տարուց ավել է` զբաղվում եմ այս գործով: Ասեմ, որ կատարում եմ ե՛ւ մեծամասշտաբ (աշխատանք` կապված պատուհանների, առաստաղների, ջահերի, նկարների, պանոների հետ) ե՛ւ փոքրամասշտաբ գործեր (աշխատանք` կապված հուշանվերների, զարդերի հետ):

Դրսեւորվելու ոճերը բազմազան են. ստեղծագործում եմ հայկական, եգիպտական, իսպանական, բրիտանական եւ մի շարք այլ ոճերում: Հայաստանում հիմնականում քչերը գիտեն վիտրաժի եւ ֆյուզինգի մասին: Ժողովրդի վճարունակությունն էլ ցածր է: Միջին եւ միջինից ցածր խավերը մեծածավալ գործերի դիմաց չեն կարող վիտրաժիստին վճարել. նրանց համար հասանելի են փոքրածավալ աշխատանքները: Առաստաղի ձեւավորման դեպքում միջին հաշվարկներով 1 ք/մ-ն արժի 100 հազար դրամ: Մարդիկ ասում են՝ բայց ինչո՞ւ այդքան շատ:

15151401_1212277602186637_1954227696_n

Ասեմ, որ սա ամենեւին էլ շատ չէ: Հարեւան Վրաստանում այդ նույն ծավալի աշխատանքի դիմաց վճարում են 300 հազար դրամ, Ռուսաստանում` 330-340 հազար դրամ: Ի դեպ, Ռուսաստանում իմ գործերն էլ բավական բարձր են գնահատում: Առհասարակ, դրսում ձեռքի աշխատանքը շատ ավելի բարձր է գնահատվում:

Բացի այդ` վիտրաժիստը միայն ստեղծագործական աշխատանքի մասին չէ, որ մտածում է. մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերում աշխատանքին անհրաժեշտ ամենատարբեր նյութերը: Դրանցից շատերը Հայաստանում չկան. պատվիրում ենք Դուբայից, Մոսկվայից, Կիեւից, նյութերն էլ մինչեւ գալիս, մեզ են հասնում, մեծ ծախսեր է պահանջվում: Ինչ վերաբերում է ոլորտի մասնագետներին, ապա ասեմ, որ նրանց թիվը Հայաստանում բավական քիչ է, իսկ կին վիտրաժիստ, որը մեծածավալ աշխատանքներ է անում, որքանով տեղյակ եմ, Երեւանում միայն ես եմ:

-Գիտենք, որ հաճախ ձեւավորում եք մեր օլիգարխների տները: Փորձն ի՞նչ է ցույց տվել` նրանք աչքի ընկնո՞ւմ են իրենց ճաշակով:

-Նրանք բավական մեծ տեղ են տալիս իմ աշխատանքին: Օլիգարխների շրջանում եթե մեկը վիտրաժիստի է դիմում, ակամա մրցակցություն է մտնում, մյուսը մտածում է, որ այսինչից հետ չմնա այդ հարցում, եւ ինքն էլ է դիմում (ծիծաղում է): Նրանք նախընտրում են ամենատարբեր գործեր` դասական ոճից մինչեւ աբստրակտ: Ինչ վերաբերում է օլիգարխների ճաշակին, ճիշտն ասած, այն ինձ այդքան էլ դուր չի գալիս (ծիծաղում է), բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Մի օլիգարխ, օրինակ, կարող է Անգլիայի թանգարաններից մեկում մի վիտրաժ տեսնել, նկարել, հետը բերել, տալ դիզայներին, ասել, որ դրանից է ուզում: Այսինքն` իրենք իրենց միտքը, իրենց տեսակը չունեն, ինչ է թե` էսինչ երկրում էսինչ բանը կա, իրենք էլ են դրանից ուզում:

15134245_1212277605519970_933084192_n

-Իսկ Դուք Ձեր մասնագիտական կյանքում Ձեզ բավարարված զգո՞ւմ եք: Կա՞ն երեւույթներ, որոնք կցանկանայիք փոխված տեսնել:

-Մի ցավալի բան կա. լայնամասշտաբ գործեր իրականացնելու դեպքում հիմնականում կարեւորվում եւ շեշտվում է ճարտարապետների ու դիզայներների աշխատանքն ու անունը, իսկ վիտրաժիստի անունը չի էլ շոշափվում, նա մնում է անտեսված: Դա արդարացի չէ, այն էլ այն դեպքում, երբ վերջինս ձեռքի հսկայական աշխատանք է կատարում:

-Մայա՛, միայն մասնավոր պատվերներո՞վ եք աշխատում: Պետական պատվերներ չեք ստանո՞ւմ: Իսկ դրսից հրավերներ ունե՞ք:

-Պետպատվերներ, ո՛չ, դեռ չեմ ստացել, չեմ էլ կարծում, որ մեր սուղ պետբյուջեի դեպքում հնարավոր է նման բան, առաջիկա 50-70 տարում դժվար էլ հնարավոր լինի: Իսկ դրսից հրավերներ, այո՛, ստանում եմ, դրանք կրկին կապված են օլիգարխների պատվերների հետ:

15129959_1212277592186638_1871874081_n

-Իսկ մենք Հայաստանում վիտրաժի համապատասխան դպրոց ունե՞նք, թե՞ հույսը պետք է դնել ինքնուսուցման վրա:

-Ես, օրինակ, թե՛ վիտրաժը, թե՛ ֆյուզինգը սովորել եմ մասնավոր ստուդիայում, ինքս ստուդիա բացելու շատ մեծ ցանկություն ունեմ: Այս առումով շատ անելիքներ կան: Կարեւորը, որ եկող սերնդի մեջ տեսնում եմ պոտենցիալ, մեր աշխատանքի հանդեպ հետաքրքրվածություն: Շատ շնորհալի երիտասարդներ ու անցնելու երկար ճանապարհ ունենք:

-Որքանով տեղյակ ենք` առաջիկայում արտերկրում սպասվում են Ձեր աշխատանքների ցուցահանդեսները: Կպատմե՞ք այդ մասին:

15135574_1212277608853303_202500823_n

-Այո՛, իմ մի շարք աշխատանքներ` զարդեր, նոյեմբերի 23-28-ը կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «Հայկական վերնիսաժ» ցուցահանդեսի ընթացքում, ապա դրանք կցուցադրվեն նաեւ Սոչիում եւ Փարիզում: Իսկ արդեն հաջորդ տարվա ընթացքում պատրաստվում եմ հանդես գալ իմ անհատական ցուցահանդեսով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս