Հայաստանի իշխանությունները թալանչի են, և նրանք կշարունակեն թալանել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները թալանչի են, եւ նրանք կշարունակեն թալանել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն ունեն: Մյուս կողմից անհրաժեշտ է, որ զոհված զինծառայողի ընտանիքն արժանապատիվ նպաստ ստանա, անհրաժեշտ է, որ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինվորն արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա:

Դա անհրաժեշտ է այսօր, այսինքն՝ թալանչի իշխանությունների առկայության պայմաններում: Մենք չենք կարող սահմանին կանգնած զինվորին ասել, որ գիտես ինչ, եթե դու վիրավորվես, ապա արժանապատիվ չես ապրի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չի հաջողվել այս թալանչիներին իշխանությունից հեռացնել: Մեր զինվորն այսօր կանգնած է ճակատում: Պատերազմը ոչ թե տեսական սպառնալիք է, այլ առկա իրողություն: Այն հասարակությունը, որն իր անզորությամբ արդեն ավելի քան քսան տարի հանդուրժում է թալանչի իշխանությունների գոյությունը, բարոյական իրավունք չունի իր կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած զինվորին կամ նրա հարազատներին զրկել արժանապատիվ ապրելու հնարավորությունից:

Ուզում եք, որ թալանը դադարի, մերժեք ձեր շրջապատի այն մարդկանց, որոնք զբաղված են քվեներ ապահովելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, վերածնված ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, վերջիններիցս պոկված ու համախմբված տարբեր խմբակների համար: Յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ իշխանական համակարգի համար քվեներ ապահովելու գործին լծվում է մինչեւ 100 հազար մարդ: Նրանք ինչ-որ մեկի հարազատն են կամ հարեւան-ծանոթը: Եթե նրանք հասարակության կողմից մերժված լինեին, ապա այդ քայլին չէին գնա: Գյումրիի եւ Վանաձորի ձեր քանի բարեկամին եք համոզել, որ ձայն չտան թալանչի ՀՀԿ-ի, նրանց բուծած խաղամոլ, կամ օգնության կաթի փոշով հարստացած, իրեն քվե չտալու համար մարդուն քացու տակ գցող կրիմինալ թեկնածուներին:

Չեք զայրանում, չէ՞, երբ որեւէ ծանոթ արտաբերում է. «Ով էլ լինի, նույնը կլինի, բան չի փոխվի»: Բայց պետք է, որ զայրանաք: «Ով էլ լինի, նույնը կլինի, բան չի փոխվի» ասողը հենց այդ պահին ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ ձեզ եւ ազնիվ աշխատանքով ապրող ձեր հարազատներին, հարեւան-ծանոթներին մեղադրում է պոտենցիալ թալանչի եւ անբարոյական լինելու մեջ:

Նախընտրական գործընթացները բուռն զարգանում են: Իշխանությունները եւ նրանց սպասարկուները սկսել են տասնյակ միլիոններ ծախսել իրենց վերաարտադրությունն ապահովելու համար: Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում իշխանությունների թալանչիության դեմ իբր թե պայքարող որոշ կեղծ ընդդիմադիրներն արդեն ձեռքերն են շփում, որպեսզի այդ գումարներից իրենց բաժինը պոկեն, որ հետո նորից բողոքեն իշխանությունների թալանչի լինելուց:

Ուզում եք, որ այլեւս իշխանությունները չթալանեն, ուրեմն դադարեք հողմաղացների դեմ պայքարելուց եւ յուրաքանչյուրդ Ձեզ մի հարց տվեք՝ դուք ինչ կարող եք անել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թալանչիների վերարտադրությունը թույլ չտալու համար:

Երբ ձեր հարցի պատասխանը կունենաք, համեցեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ (Սայաթ-Նովա 6), մենք ընդհանուր գործ ունենք անելու՝ թույլ չտալ թալանչի իշխանությունների վերարտադրությունը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ




Լրահոս