ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՀՀԿ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ մեր երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական թատերաբեմում հայտնվում են նաեւ այնպիսի կուսակցություններ, որոնց անունները հասարակությանը ոչինչ չեն հուշում, ավելին` շատերի մոտ ուղղակի զարմանք են հարուցում: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական պետական ռեգիստրից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է 87 կուսակցություն, սակայն այդ թվի մեջ ներառված են նաեւ այնպիսիք, որոնք արդեն լուծարվել են:

«Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքական դաշտում երեւելի գործունեություն չծավալող մի քանի կուսակցությունների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում:
«Կանայք հայոց աշխարհի» կուսակցություն: Այս անունը ծանոթ է, թերեւս, միայն այս ուժի անդամներին: Նրանց ծավալած գործունեության, ներքաղաքական կյանքում ցուցաբերած ակտիվության մասին որեւէ կոնկրետ տեղեկություն հայտնի չէ: Թե որն է նրանց դերը քաղաքական թատերաբեմում, եւ արդյոք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել հայոց աշխարհի կանայք, փորձեցինք պարզել հենց այդ կուսակցության ղեկավար Ժանետա Մանուկյանից: Պարզվեց՝ այս կուսակցությունը մոտ մեկ տարի առաջ ՀՎԿ-ից միավորվելու առաջարկ է ստացել, սակայն կուսակցության ներսում առարկություններ են եղել, վստահություն չի եղել, որ այդ միավորման արդյունքում լուրջ փոփոխություններ տեղի կունենան, եւ արդյունքում առաջարկը չի ընդունվել: Այս խորհրդարանական ընտրություններին էլ «Կանայք հայոց աշխարհի» մասնակցել չեն պատրաստվում, բայց այդ մասին հստակ կհայտարարեն մեկ ամիս հետո: Կուսակցապետ Մանուկյանի խոսքով` կանանց համար դժվար կլինի մրցել օլիգարխների հետ եւ իրենց դրսեւորել անարդար պայքարում: «Կանայք հայոց աշխարհի» իշխանափոխություն չեն ուզում, ցանկանում են Հայաստանում օրենքի իշխանություն լինի.«Եթե գումարելիների տեղը փոխում ես, գումարը չի փոխվում: Մենք մտածում էինք, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին հանեն, հաջորդը լավը կլինի, հետո՝ եթե Քոչարյանին հանեն, հաջորդը լավը կլինի, բայց պարզվեց, որ կադրային քաղաքականությունը սխալ է բաշխված: Մենք ցանկանում ենք, որ օրենքի իշխանությունը գերակայի մեր Հայաստանում»,- եզրափակեց հայոց աշխարհի կանանց ներկայացուցիչը::
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցություն: Այս «էկզոտիկ» անվանումով քաղաքական ուժի գործունեութան մասին փորձեցինք տեղեկանալ կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանից: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց կուսակցության գործունեության մասին պատմելիս հիշեցրեց, որ տարիներ շարունակ՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 3-ին նախագահական նստավայրի դիմաց հանրահավաքներ են արել եւ դատական նիստերում պաշտպանել են խաբված ավանդատուների շահերը. «Յուրաքանչյուր հարցի շուրջ մեր կուսակցությունը մասնակցություն է ունեցել, «Էլեկտրիկ Երեւանին» էլ ենք մասնակցել»,- հավաստիացրեց ավանդապաշտ կուսակցապետը: Ի դեպ, պարզեցինք, որ «Հայկանդուխտ»-ը հապավում է` հայ կանանց ուխտ.«Իսկ հայ կնոջ ուխտը ո՞րն է` իր երկիրը տեսնել բարգավաճ, իսկ բարգավաճ երկրում իր ընտանիքի բարեկեցությունը, իր զավակների երջանիկ ապագան, բացի այդ՝ Րաֆֆու հերոսուհու անունն է, երկուսը միաձուլված են: Իսկ թե ինչու ավանդապաշտ, որովհետեւ առանց ավանդույթի ազգը չի կարող գոյություն ունենալ»,- ներկայացրեց կուսակցության ղեկավարը՝ չպարզաբանելով, սակայն, թե որքանով են համադրելի ավանդապաշտ-ժողովրդավարական գաղափարախոսությունները: Մեր դիտարկմանը, թե կուսակցության անվանման հապավումը ենթադրում է, որ այն բացառապես կանացի քաղաքական ուժ է, ստացանք հակառակի մասին փաստող պատասխան. պարզվեց, որ այս ուժի շարքերում կան նաեւ տղամարդիկ. «Որովհետեւ գտնում ենք, որ մեր թիկունքում պետք է ունենանք հայ տղամարդու հզոր ուժը»,- պարզաբանեց Ղազարյանը:
Ի դեպ, այս քաղաքական ուժի անդամներն իրենց համարում են «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից: Մոտ մեկ տարի առաջ միացել են ՀՎԿ-ին եւ այդպիսով դարձել հիմնադիր: Արմենուհի Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե տեղյակ էլ չէ՝ ՀՎԿ-ի ցուցակի մեջ իրենցից անուններ կընդգրկվեն, թե ոչ, բայց. «Եթե քաղաքական կուսակցությունները միաձուլվում են, մեկ ընդհանուր քաղաքական հզոր ուժ են ստեղծում, նպատակը ոչ թե կարտոֆիլ մաքրելը կամ պահածո փակելն է, այլ քաղաքականություն մտնելը հզոր թիմով՝ իհարկե, ընտրություններին մասնակցելով, իսկ ընտրություններին մասնակցում են ցուցակներով»,-հավելեց Ղազարյանը:
Ժամանակին բարձրաստիճան պաշտոնյաների սեռական կողմնորոշմանը վերաբերող ցուցակի մասին հայտարարություններով հայտնի դարձած Արմեն Ավետիսյանի ղեկավարած Հայաստանի հայ արիական կուսակցությունը, պարզվեց, 2013 թվականին հայ ազգայնականների համախմբման հետ փորձել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են, տարածքային բոլոր կառույցներին ոտքի են հանել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նախորդ ընտրությունները բաց են թողել: Հիմա էլ կուսակցությունը փորձում է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, որ կարողանա մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ»-ը զրուցեց կուսակցության ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ: Տեղեկացանք, որ մինչ օրս որեւէ կուսակցության կողմից առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկ չեն ստացել, բայց սպասում են: Ավետիսյանի խոսքով` այս ուժի հանդեպ հետաքրքրություն ունեն թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխող կուսակցությունը: Ընդ որում, այս կուսակցության համար թե՛ իշխանությունը, թե՛ ներկայիս ընդդիմությունը նույնն են, որովհետեւ 1993 թվականից ցայսօր հերթով փոփոխվում են, բոլորն էլ հին ու նոր իշխանություններ են. «Դրա համար ինչ-որ հատուկ վերաբերմունք դնել չենք ուզում, նույնն են մեզ համար, հիմա ով մեր գաղափարներին, մեր նպատականերին ավելի հարմար առաջարկ կանի, կմտածենք, չէ, կփորձենք ինքնուրույն հանդես գալ»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, թե պատրաստ են ընդունել նաեւ հանրապետականների առաջարկը: Ճիշտ է՝ ՀՀԿ համագումարին դեռ չեն հրավիրվել, բայց սպասելիքներ ունեն, ակնկալում են նաեւ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ մասնակցել: Հարցին, թե ինչի վրա են հիմնված իրենց սպասելիքները, Ավետիսյանն արձագանքեց. «Չեմ թաքցնում, հատկապես հին հանրապետականների հետ, որոնք կան Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից, մենք ընկերություն, ծանոթություն ունենք, այդ թեմայով զրույցներ լինում են, այդ թվում` ընդդիմության հին ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Ավետիսյանը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԲԱՆԿԸ ԲԱՆԿԻՑ Է ԽԼՈՒՄ
Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան բանկերում հետաքրքիր մրցակցային իրավիճակ է տիրում: Բանն այն է, որ առեւտրային բանկերը իբրեւ թե տոներին ընդառաջ «ակցիա» են կազմակերպում, եւ կարելի է ասել՝ միմյանցից հաճախորդ են «խլում»: Այսպես՝ բանկերը զանգահարում են երբեւէ իրենց հետ առնչություն ունեցած հաճախորդներին եւ առաջարկում այլ բանկում գրավադրած ոսկին հանել եւ գրավադրել իրենց բանկում: Իսկ եթե քաղաքացին գրավադրած ոսկին հանելու փող չունի, ապա բանկը պարտավորվում է վճարել այն՝ քաղաքացու հետ ուղարկելով իր ոսկերիչ-աշխատակցին: Բայց հանելով ոսկին՝ այն պետք է գրավադրվի իրենց բանկում:
Բանկային այս մրցակցությունը քաղաքացիների մոտ ոգեւորության ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս առաջիկա դժվար ամիսներին վճարելու են միայն գրավադրած ոսկու մայր գումարը՝ առանց տոկոսների:

 

 

62.500 ԴՈԼԱՐ՝ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՄԱՐ
Աշնան վերջին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կազմակերպվելու է խոշոր ներդրումային ֆորում, որի նպատակն է ներկայացնել Հայաստանը՝ որպես ներդրումների համար բարենպաստ երկիր: Այս նպատակի համար հնարավոր է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հատկացնի 62 հազար 500 դոլար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքները իրականացվում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից, որը պետք է իրականացնի «Continental Advisory Services LLC» ընկերությունը: Այդ առիթով Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ նշված ընկերության հետ ստորագրված պայմանագրով ընդհանուր գինը կազմում է 250 հազար դոլար, որից 225 հազար դոլարը վճարվելու է Ասիական զարգացման բանկի կողմից, իսկ 25 հազար դոլարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից:

 

 

ՎԱՏ ՉԻ ԼԻՆԻ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավանական Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին Մատենադարանի տնօրեն նշանակելու տարբերակը: «Ես հարցին տեղյակ եմ մամուլից: Կոնկրետ մարդու, գիտնականի անուն շոշափեցիք, համենայնդեպս, ինչքանով ինձ հայտնի է, Լեւոն Սարգսյանը բավականին մեծ բան է արել Մատենադարանի համար, գրաֆոնդը համալրելու ուղղությամբ: Մատենադարանի աշխատակիցներին եւս կարող եք հարցնել, ու նրանք կբերեն բազմաթիվ օրինակներ Լեւոն Սարգսյանի կատարած ազգօգուտ աշխատանքի մասին: Բայց այս հարցը բացառապես պետք է իրականացվի իրավական այն ընթացակարգերով, որոնք նախատեսված են տվյալ դեպքում»:

 

 
ԵՌԱԿՈՂՄ
Ներկա պահին աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Trend-ի փոխանցմամբ՝ թուրք դեսպանը հավելել է, որ եռակողմ հանդիպում է պլանավորվում նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի միջեւ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են համագործակցության եռակողմ մեխանիզմ ձեւավորել:

 

 

ԱՆՄԻՏ ԹԵՄԱ
Aravot.am-ը, շարունակելով «Ժողովուրդ» օրաթերթի բարձրացրած թեման, մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանից, որը ժամանակին Արամ Ասատրյանին Ժողովրդական գուսանի կոչում էր շնորհել, հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է նա վերաբերվում երգչի անունով Էջմիածնում փողոց անվանակոչելուն: «Եթե Էջմիածնում գտնեք մեկին, որ Արամ Ասատրյանին լսած չլինի կամ առայժմ չի լսում, ես կասեմ՝ մի՛ դրեք իր անունը… Արամ Ասատրյանը Թաթուլ Ավոյա՞ն է, թե՞ Սպիտակցի Հայկո է, էդ ի՞նչ պսեւդո հերոսություն են անում նրա դեմ խոսողները: Այնպես են անում, որ Էջմիածնի մի մասը ու ես՝ նախկին նախարարս, կանգնենք ու պաշտպանենք՝ Արամ Ասատրյանին Կոմիտասից ու Արամ Խաչատրյանից, մյուս կողմն էլ, հակառակը` Խաչատրյանին ու Կոմիտասին պաշտպանի Արամ Ասատրյանից …Ախր, դա անմիտ թեմա է»,- ասել է մշակույթի նախկին նախարարը:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Համբուրգի հանդիպմանը եւ պատրաստ ենք աշխատել կողմերի հետ բազմակողմանի կարգավորման հասնելու համար»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նշենք, որ դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:




Լրահոս