ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, կաթնամթերքը, շաքարավազը թանկացել են:

Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ:
Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել է նաեւ կանաչ լոբին, խառը կանաչին, կանաչ սոխը, սխտորը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը, լոլիկը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3.7 տոկոս գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2 տոկոս գնաճ: Իսկ, ահա, գազարը, կաղամբը, գլուխ սոխը, ծաղկակաղամբը, ճակընդեղը, ընդհակառակը, էժանացել են: Թե՛ բանջարեղենի՝ վերը նշված տեսականու թանկացումը, թե՛ նաեւ որոշ տեսակների էժանացումը նախորդ ամսվա համեմատ, բնականաբար, պայմանավորված են նաեւ սեզոնային գործոնով:
Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մրգերը թանկացել են 0.2 տոկոսով: Հիմնականում թանկացել են ադամաթուզը (բանան), սեխը, խաղողը, խնձորը, դեղձը, սալորը: Էժանացել են նուռը, կիտրոնը, նարինջը, տանձը, ձմերուկը եւ ընկույզի միջուկը: Եվ վերստին՝ կարեւոր դերակատարություն է ունեցել սեզոնային գործոնը: Մայրաքաղաք Երեւանում խնձորի 1 կգ-ն այս տարվա սեպտեմբերին վաճառվել է 450 դրամով, իսկ հոկտեմբերին՝ 560 դրամով, դեղձը մեկ ամսվա ընթացքում 530 դրամից դարձել է 830 դրամ, սալորը 400-ից դարձել է 630 դրամ: Իսկ, ահա, լոլիկի 1 կիլոգրամը այս տարվա հոկտեմբերին բանջարեղենի երեւանյան շուկաներում վաճառվել է 300 դրամով, մինչդեռ այն սեպտեմբերին ունեցել է 210 դրամ արժեք: Նույն ժամանակահատվածում վարունգի 1 կգ-ն 430-ից դարձել է 540 դրամ, կանաչ պղպեղը՝ 360-490 դրամ:
Շաքարավազը նույնպես թանկացել է: Այս տարի, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շաքարավազի գինը 12.9 տոկոսով բարձրացել է, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.9 տոկոս: ՀՀ բոլոր քաղաքներում արձանագրվել է շաքարավազի 1.4-4.9 տոկոս գնաճ: Իսկ Երեւանում շաքարավազի գինը բարձրացել է 2.6 տոկոսով:
Ձուն նույնպես թանկացել է. վերոնշյալ ժամանակահատվածում ձվի գինը աճել է 14.1 տոկոսով: Իսկ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձուն թանկացել է 0.9 տոկսով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի գինն աճել է 0.5-3 տոկոսով: Ձվի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառ քաղաքում: Իսկ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինն աճել է 0.8 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկնամթերքը էժանացել է 3.6 տոկոսով: Սակայն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձկնամթերքի գները բարձրացել են 0.7 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է իշխան ձկնատեսակի 1.1 տոկոս գնաճով:
Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մսամթերքի շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնաճ: Հիմնականում թանկացել են տավարի լյարդը, սիրտը, ապխտած երշիկը, բաստուրման, նրբերշիկը, խաշի պարագաները: Իսկ ոչխարի մսի, աղացած մսի, թռչնամսի, հավի բդի, խոզի մսի գինը նվազել է:
Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կաթնամթերքը: Նույն ժամանակահատվածում ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները 0.9 տոկոսով աճել են: Իսկ հրուշակեղենի, հացամթերքի եւ ոչ ոգելից խմիչքի շուկաներում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.1-0.1 տոկոս գնանկում: Սուրճի, թեյի, կակաոյի գները պահպանել են իրենց նախորդ ամսվա մակարդակը:
Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում նույնպես գնաճ է գրանցվել՝ 1.1 տոկոսով: Այն հիմնականում պայմանավորված է գրենական պիտույքների, գեղահարդարման ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործվածքի թանկացմամբ: Միաժամանակ մեր հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների, դեղամիջոցների եւ կահույքի գների նվազում:
Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ապա ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են: Օրինակ՝ բենզինի մեկ լիտրը նախօրեին 10 դրամով էժանացավ, եւ այսօր ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի մեկ լիտր բենզինը 360 դրամից դարձել է 350 դրամ, պրեմիում տեսակը 380-ից դարձել է 370 դրամ, իսկ սուպեր տեսակը՝ 400-ից 390 դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս