«50 ՏԱՐԻ Է` ՓԱՅՏՓՈՐԻԿԻ ՊԵՍ ՄԻ «ԽՐԱՄԱՏ» ԵՄ ՓՈՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է դաշնակահար, ջազմեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի հետ: Զրույցի առաջին մասը տպագրվել է նոյեմբերի 8-ի մեր համարում, իսկ այժմ ներկայացնում ենք զրույցի երկրորդ հատվածը:

-Պարո՛ն Մալխասյան, մի քիչ անձնական կյանքից խոսենք: Ձեր կնոջ համար դժվար չի եղե՞լ համակերպվել Ձեր գիշերային կենսակերպի հետ:
-Ասեմ, որ նախորդ տարի մենք մեր ոսկե հարսանիքը նշեցինք… Շատ ստաբիլ եմ այդ առումով… Ինչ վերաբերում է համակերպվելուն, արդեն սովորել է, իհարկե, շատ մեծ դժվարությամբ, կռվով-դավով, մինչեւ հասկացավ, որ էս էլ էս մարդու կյանքն է, ցերեկը պետք է քնի, գիշերը աշխատի: 50 տարի է` առավոտյան 6-ին եմ քնում… Դրա համար էլ բոլոր պաշտոնները, որ ինձ առաջարկել են, մերժել եմ, ասել եմ. «Հաջող ձեզ»:
-Իսկ ի՞նչ պաշտոններ են առաջարկել:
-Մշակույթի նախարարի, Ազգային ժողովի պատգամավորի, թաղապետի… Բոլորին հումորով ասել եմ. «Տղե՛րք ջան, ես առավոտյան 6-ին եմ քնում, չեմ կարող 8-ին գալ ձեր հավայի ժողովներին» (ծիծաղում է):
-Մտածում եք` արվեստագետը չպե՞տք է թաթախվի քաղաքականության մեջ:
-Ոչ մի դեպքում, ջազմենը մանավանդ… Նա ազատ նկարիչ է… Մի քանի անվանի երաժիշտներ դարձել են պատգամավոր, բոլորն էլ ֆիասկո են ապրել: Տեսնում ենք, էլի, ինչ է կատարվում: Երբ Աստված ստեղծում է մարդուն, մի խրամատ է տալիս, ասում է. «Այ բալամ, էսա՛ քո խրամատը, փորելով գնա, մի՛ շեղվիր»: Ես 50 տարի փայտփորիկի պես մի «խրամատ» եմ փորում:
-Թոռներ ունե՞ք:
-Դժբախտաբար ոչ: Մեկ աղջիկ ունեմ, որը լրացրել է իմ բացը, ավարտել է կոնսերվատորիան, հիմա էլ այնտեղ դասավանդում է… Դե, իմ երաժշտական կրթությունը զրո է: Բայց երաժշտի ընդհանուր զարգացման համար երաժշտական կրթությունը շատ է պետք… Ծնողներս չտվեցին, ի՞նչ անեմ:
-Երբեմն-երբեմն սիրահարվո՞ւմ եք:
-Եթե չսիրահարվես, ոչ մի տարիքում բան դուրս չի գա, ինչով ուզում ես` զբաղվիր: Կարող ես սիրահարվել որեւէ լավ ջազմենի, լավ ջազային երգչուհու… Անպայման պետք է լինի դա:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Ցանկացած մարդ, որն ինձ հետ անկեղծ է եւ որն ունի դրական էներգետիկա: Հակառակ դեպքում նա ինձ վրա ազդում է, եւ ես ամեն ինչ անում եմ, որ սուս-փուս հեռանամ այդ մարդուց:
-Սիրելի խմիչք ունե՞ք:
-Այո՛, հայկական օղի, օրինակ` ծիրանի:
-Որպես հին երեւանցի` ի՞նչ եք կարծում՝ Երեւանին այսօր ի՞նչ է պակասում:
-Էլ ի՞նչ երեւանցի. երկու պադյեզդ երեւանցի է մնացել:
-Ի՞նչ կատարվեց:
-Չկատարվեց, կատարվում է: Միակ բանը, որ Երեւանում ինձ վրա շատ ազդում է, արտագաղթն է, թե չէ ես Երեւանին վերաբերվում եմ որպես իմ երեխայի` իր թերություններով հանդերձ: Դուք ամեն օր ձեր երեխային իր փոքր կամ միջին թերությունների համար հո չե՞ք ծեծի: Այն, ինչ կատարվում է Երեւանում, իմն է, այս քաղաքն ինչ անի, ես ներող եմ, բայց արտագաղթն իմը չէ:
-Ձեր ընկերներն էլ են չէ՞ գնացել:
-1800 հոգի:
-Հաշվե՞լ եք:
-Մոտավորապես: Մութ տարիներից մինչեւ էսօր գնում են:
-Մեզնից ի՞նչ է կախված, որ դա կանխենք:
-Պետք է մեզ մոտ մթնոլորտն առողջանա, որ մարդիկ զգան` ապագա ունեն, թե չէ գյուղ-գյուղ փախչում են:
-Արտերկրում ապրելու եւ աշխատելու բազմաթիվ հնարավորություններ եք ունեցել, բայց չեք ընդունել, ինչո՞ւ:
-Շատ-շատ… Ուր մտել եմ, ուզեցել են պահել: Ես ունեմ «երեւանյան հիվանդություն»` չբուժվող: 70 տարվա ընթացքում 70 օր Երեւանից չեմ բացակայել: Իմ բացակայությունը շատ-շատ կարող է մի շաբաթից տասը օր տեւել:
-Երեւանում սիրելի տեղ ունե՞ք:
-Երեւանն է: Որ կեսօրին տնից դուրս եմ գալիս, հարցնում են` ուր եմ գնում, ասում եմ՝ Երեւան: Չարբախում էլ սիրելի տեղ ունեմ, Դավթաշենում էլ, կենտրոնում էլ: Երեւանցուն չի կարելի նման հարց տալ: Էդ ջահել ժամանակ էր, որ «Սկվազնյակ»-ն էինք սիրում, «Պապլավոկ»-ը, բայց հիմա Երեւանն այնքան է իմը, որ չեմ կարող առանձնացնել… 70 տարի էստեղ եմ ապրել, հանա՞ք եք անում:
-Եվ վերջում` մեր երկրի հետ կապված ի՞նչ երազանք ունեք:
-Խաղաղություն ու արեւշատություն թող լինի մեր երկրում, էս մթնոլորտն էլ թող մի քիչ առողջանա…

 

 

 
«ՆԿԱՐԻՉԸ ԿԱ՛Մ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է, ԿԱ՛Մ ՊՈՐՏԱԲՈՒՅԾ»

«Նկարիչների միությունում Անկախության 25-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսից պետությունը որեւէ կտավ չգնեց, որեւէ քայլ չարեց, որ ցուցադրության լավագույն գործերը մնան արխիվում: Չէ՞ որ դրանք մեր ժամանակակից պատմության մի մասն են, կերպարվեստի պատմություն է ամրագրվում, եւ եթե մեզնից առաջ էլ նման անտարբեր վերաբերմունք լիներ, այսօր չէինք ունենա ո՛չ Ազգային պատկերասրահ, ո՛չ Ժամանակակից արվեստի թանգարան: Եվ եթե հիմա պետությունը չգործի, տարիներ հետո այնպիսի տպավորություն կստեղծվի, թե այս ժամանակահատվածում որեւէ արժեք չի ստեղծվել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նա անդրադարձավ նաեւ կերպարվեստի ոլորտի մի քանի այլ խնդիրների, այդ թվում` արվեստանոցների հարկման խնդրին. «Արվեստանոցները հարկվում են նույն սկզբունքներով, ինչ խանութները կամ, օրինակ, կոշիկի արտադրամասը: Ուստի նկարիչները ջանում են իրենց արվեստանոցները ձեւակերպել որպես բնակարաններ` հարկերից հնարավորինս խուսափելու համար»,-նկատեց նա:
Գեղանկարիչը խոսեց նաեւ նկարիչների աշխատանքային ստաժի խնդրի մասին: Նրա պնդմամբ` մինչեւ 1991 թվականը նա, ով Նկարիչների միության անդամ էր եւ պարբերաբար մասնակցում էր ցուցահանդեսների, այդ առումով խնդիր չուներ. ստեղծագործական կյանքի տարիները համարվում էին աշխատանքային ստաժի տարիներ. «Բայց հիմա նման բան չկա. նկարիչը կա՛մ գործազուրկ է, կա՛մ պորտաբույծ: Երիտասարդները գուցե կարողանում են ֆինանսական խնդիրները լուծելու ելքեր գտնել, իսկ մեծահասակների համար դա շատ ավելի բարդ է»,-մեկնաբանեց պարոն Շահումյանը:
Վերջինս մատնանշեց մեկ այլ ուշագրավ խնդիր, որն առնչվում է անհատական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նրա փոխանցմամբ` Նկարիչների միության անդամը վճարում է հենց միության ցուցասրահում ցուցադրվելու համար. «Այնինչ՝ նախկինում ցուցասրահները նկարչի համար միշտ եղել են բաց: Հիմա արդեն միությունն այս առումով նկարչի ստեղծագործական կյանքում որեւէ դերակատարություն չունի»,-ասաց պարոն Շահումյանը:
Նա շեշտեց, որ ոլորտում առաջ եկող խնդիրների մի զգալի մասը պայմանավորված է օրենսդրական բացերով. «Մեր երկրում, օրինակ, չկա մեկենասության մասին օրենք, որը գիտության, սպորտի, արվեստի բնագավառում ներդրում կատարող անձնաց թույլ կտա որոշ չափով ազատվել հարկային պարտավորություններից: Տարիներ առաջ ես պետական պաշտոնյաների հետ զրույցում բարձրացրել եմ այդ հարցը, նրանք ինձ ասացին, որ նշյալ օրենքի ընդունումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր: Այնինչ՝ առանց այդ օրենքի ընդունման էլ կոռուպցիան մեր երկրում աճել է»,-եզրափակեց նկարիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՈՐ ՖԻԼՄ
Պատմաբան Արտակ Մովսիսյանը եւ ռեժիսոր Արտակ Ավդալյանը աշխատում են նոր ֆիլմի վրա, որը, հավանաբար, կյանքի կկոչվի մինչեւ տարեվերջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արարատ-Ուրարտու թագավորությունը» ֆիլմը կներկայացնի Ք.ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում ձեւավորված Ուրարտու պետության պատմությունը, պետական կարգն ու զինված ուժերը, մշակույթը, ավանդույթները, կենցաղը: Դրանով իսկ ֆիլմը կծառայի որպես տեսաձեռնարկ ուսումնական հաստատություններում: Փաստագրական ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանի Հանրապետությունում, Արեւմտյան Հայաստանում եւ Իրանում: Հարցազրույցներ են վերցվել մեկ տասնյակից ավել գիտնականներից, որոնց մեծ մասն օտարազգիներ են: Նկարահանման համար հստակ բյուջե չի նախատեսվել. ֆիլմի ստեղծմանն աջակցել են մի շարք բարեկամներ, գործի են դրվել սեփական միջոցներ:

 

 

ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔ
Ամերիկյան արտադրության «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր` 7-րդ եթերաշրջանի սցենարը Reddit սոցկայքի օգտատերերից մեկի միջոցով հայտնվել է համացանցում: The Daily Mail-ի փոխանցմամբ` HBO հեռուստաալիքը, որով հեռարձակվում է «Գահերի խաղ»-ը, ոչ ցանկալի արտահոսքի վերաբերյալ դեռեւս որեւէ մեկնաբանություն չի արել:
Լրատվամիջոցը նշում է, որ եթե հեռուստասերիալի սյուժեի վերաբերյալ տարածված տեղեկությունները ճիշտ լինեն, ապա հեռուստադիտողներին նոր եթերաշրջանում բավական ուշագրավ զարգացումներ են սպասվում: Հիշեցնենք, որ «Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանը հեռարձակվելու է 2017թ. կեսին, այն բաղկացած է լինելու 7 սերիայից:

 

 

ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԻ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հաստատել է այն լուրը, որ սիրավեպ ունի դերասանուհի Մեգան Մարքլի հետ (վերջինս հայտնի է «Ֆորս մաժորներ» սերիալից): Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում անելով Քենսինգթոնյան պալատի հայտարարությանը: Նշվում է, որ արքայազնը եւ դերասանուհին մի քանի ամիս է, ինչ հանդիպում են:
Հիշեցնենք, որ տարեսկզբին The Daily Mail-ը հայտնել էր, որ արքայազն Հարին սիրավեպ ունի Դանիայի արքայադուստր Մարիա Օլիմպիայի հետ: Այդ տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չէր հաստատվել:




Լրահոս