ԹՈՒՐՔԻԱ՞Ն ԷԼ Է ՀՀ-ԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների` 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը եղել է մոտ 50 մլն դոլարի չափով: Այդ նույն տվյալների համաձայն` մարդասիրական օգնության մեջ եղել են կենդանիներ, բույսեր, շաքար, ալյուրից, ցորենից, օսլայից եւ կաթից պատրաստված ապրանք, մսից, ձկներից եւ այլ ծովային անողնաշարավորներից արտադրանք եւ այլ բազմապիսի իրեր:

Այն, որ ամեն տարի շատ ու շատ երկրներից որպես մարդասիրական օգնություն ՀՀ են ուղարկվում տարատեսակ ապրանքներ, նորություն չէ, եւ այս առումով ԱՎԾ ներկայացրած տվյալներում, կարծես թե, արտառոց ոչինչ չկա, բացի մի շատ կարեւոր հանգամանքից. «Ժողովուրդ»-ը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզել է, որ 2015 թվականին Հայաստանին «օգնած» երկրների թվում է նաեւ, ոչ ավել, ոչ պակաս, հարեւան Թուրքիան: Այս փաստն ինքնին արդեն զարմանալի է: Այդ երբվանից է ՀՀ-ին օգնության ձեռք մեկնում սահմանները փակ պահող, դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկիրը, որի նախագահը «հայ» բնորոշումը հրապարակավ արտաբերում է որպես վիրավորանք: Բայց զարմանքը թողնենք մի կողմ եւ ներկայացնենք ԱՎԾ հրապարակած թվային տվյալները:
Այդպիսով՝ 2015 թվականին «եղբայրական» Թուրքիան Հայաստան է ուղարկել ավելի քան 5 տոննա պլաստմասսա եւ դրանից պատրաստված իրեր, կաուչուկ, ռետին եւ դրանցից պատրաստված իրեր՝ ավելի քան 3 հազար դոլարի չափով, թաղիք, բամբակ, հատուկ գործվածք, ճոպան, պարան եւ իրեր դրանցից` մոտ 5 տոննա, տրիկոտաժե պաստառ` մեքենայական կամ ձեռքի գործվածքով, հնոտիներ` 1.3 տոննա, իրեր սեւ մետաղներից` 18.9 տոննա, Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ եւ դրանց մասեր, կահույք, անկողնային պարագաներ եւ դրանց հարակից մասեր, խաղալիքներ, խաղեր եւ սպորտային գույք, դրանց մասեր եւ հարմարանքներ: Թե որքանով են այս իրերը հույժ անհրաժեշտ Հայաստանի համար, դատեք ինքներդ:
Ինչեւէ. այս ամենի մասին տեղեկանալով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից` «Ժողովուրդ»-ը անմիջապես փորձեց ՀՀ կառավարությունից պարզել՝ իրականում ու՞մ կամ ո՞ր գերատեսչության նախաձեռնությամբ եւ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է Հայաստանը ստացել այդ մարդասիրական օգնությունը, ո՞վ կամ ո՞ր գերատեսչությունն է ստացել այդ օգնությունը, ինչպե՞ս է բաշխվել այն, եւ ո՞վ է վերահսկել: Այս պարագայում չէր բացառվում, որ նաեւ ՀՀ-ն փոխադարձ օգնությամբ շնորհակալություն հայտնած լիներ: Այդ պատճառով «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել էր նաեւ, թե ՀՀ-ն Թուրքիային փոխադարձ մարդասիրական օգնություն ցուցաբերե՞լ է. եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ տեսքով: Եւ, ահա, կառավարությունը պատասխանել է մեր հարցադրումներին` պնդելով, որ Թուրքիայի կողմից Հայաստան ուղարկված ոչ մի օգնություն, ինչպես նաեւ ՀՀ-ից փոխադարձ օգնություն չի եղել: Կառավարության պատասխանից ստացվում է, որ կա՛մ ԱՎԾ-ն է սխալ տվյալներ հրապարակել, կա՛մ այդ տվյալները սխալ հատվածում են տեղադրվել, կա՛մ էլ կառավարությունը բավարար տեղեկացված չէ:
Այդ հավաստիացմանը զուգահեռ` կառավարությունը տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականին ՀՀ մի քանի կազմակերպությունների հասցեներով ներմուծվել են մի շարք իրեր: Մասնավորապես՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հասցեով Թուրքիայից ներմուծվել են 30.4 մլն ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով ապրանքներ՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի մանկապատանեկան մարզադպրոցների ու դրանց խաղադաշտերի կառուցման եւ կահավորման ծավալուն ծրագրերի շրջանակում (շահառուները՝ մարզադպրոցների սաները), «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով Թուրքիայից ներմուծվել է 1.074 մլն ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով սուսերամարտի մարզուղի՝ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի պատվերով՝ որպես նվիրատվություն (շահառուները՝ ֆեդերացիայի մարզիկները), «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի հասցեով Թուրքիայից ներմուծվել են 13.7 մլն ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով ջերմամեկուսիչ սալիկներ՝ Երեւան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում մարզաառողջարարական համալիրի կառուցման ծավալուն ծրագրի շրջանակում (շահառուն՝ Երեւանի քաղաքային համայնքը):
Կառավարության տեղեկացմամբ` մի դեպքում բեռն ուղարկվել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի պատվերով եւ նրա միջոցների հաշվին, մյուս երկու դեպքերում՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության եւ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի կողմից ուղղակի ապրանքների ձեռքբերում (գնում) է կատարվել»:
Այսպիսով՝ պաշտոնական փաստաթղթերից մեկը նշում է, որ իրականում եղել է այդ օգնությունը, իսկ մյուսը` պնդում հակառակը: Թե այս փաստաթղթերից որն է իրականում ճշգրիտ տեղեկություններ հաղորդում, հարկ է, որ պարզեն իրավասու մարմինները:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀՎԿ-Ն ԷԼԻ՞ ԿԲՈՅԿՈՏԻ
ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 8-ին` իր ծննդյան օրը, տարածած բազմաբովանդակ հայտարարության մեջ անդրադարձել էր նաեւ Վանաձորի ավագանու նիստերին ՀՎԿ-ի մասնակցությանը: Նա ներկայացրել էր իր մտորումները` շարունակե՞լ բոյկոտել նիստերը, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա եւ իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա: «Ժողովուրդ»-ը ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ՀՎԿ-ն շարունակելու՞ է բոյոկտել, թե՞ այսուհետ կմասնակցի նիստերին: Ի պատասխան հարցման` Առաքելյանը նշեց. «Մեր կուսակցությունում չի քննարկվել, դա պարոն Բաղդասարյանի տեսակետն է: Բոյկոտը դադարեցնելու որոշում չի կայացվել»: Իսկ հստակեցմանը` ի վերջո, այդ տեսակետը կուսակցության նախագահինն էր, ենթադրվում է, որ պետք է քննարկվի, Առաքելյանը պատասխանեց. «Ենթադրվում է, որ կարող է քննարկվի, բայց դեռ չի քննարկվել»: Ստացվում է, որ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող քաղաքական ուժերը հնարավոր է՝ չցուցաբերեն հավատարմություն իրենց որոշմանը, չսպասեն երեք ամիս եւ «տրվեն» ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի գլուխ 6, 53 հոդվածի համաձայն՝ եռամսյա ժամկետում եթե ավագանին նիստ չի գումարում, ինքնաբերաբար լուծարվում է:

 

 

ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը, գնացել է հատուկ քննչական ծառայություն եւ հանդիպում պահանջել իր որդու գործով քննիչի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ Սաթենիկ Պողոսյանին հաջողվել է հանդիպել քննիչին եւ անձամբ հարցեր ուղղել, թե ինչ է կատարվում իր որդու գործով, սակայն քննիչը, վերջինիս ընդունելով, ըստ էության, հարուցված քրեական գործից որեւէ բան չի հայտնել՝ նշելով, թե նախաքննական գաղտնիք է ու հանգստացնելով կալանավորվածի մորը, վերջինիս ասել է, թե մայրի՛կ, գնա ու սպասի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Պողոսյանի մայրը ասաց, որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ ու որեւէ փակ դուռ չի թողնելու, պայքարելու է իր որդու ազատության համար:

 

 

ՀԵԾԱՆԻՎՈՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
ՀՀ առողջապահության՝ հեծանիվով շրջող փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, երիտասարդ փոխնախարարը, որը նաեւ թութակների սիրահար է, հայտարարագրել է, որ ունի 3 բնակարան, «Volkswagen Polo 1.6» մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են մոտ 4.6 մլն դրամ եւ 125 հազար դոլար: Երիտասարդ փոխնախարարը որպես եկամուտ հայտարարագրել է իր երկու աշխատավայրերից ստացած աշխատավարձերը, որոնք պաշտոնը ստանձնելիս կազմել են՝ մեկը մոտ 20 մլն դրամ, մյուսը՝ 70 հազար դրամ, եւ ստացած փոխառությունները՝ 23.4 մլն դրամի չափով:

 

 
ԱՄԵՆՕՐՅԱ ՉՎԵՐԹՆԵՐ
Սերժ Սարգսյանը երեկ Դուբայում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաեւ զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության դեպի Երեւան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:

 

 

ԴՈՒԲԱՅՈՒՄ 2
ԱՄԷ-ում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ: Սարգսյանը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում: Նա շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը՝ ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի՝ Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, եւ վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության եւ հանդուրժողականության լավագույն դրսեւորում էր: Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը Սարգսյանը խոսել է նաեւ ԱՄԷ ներդրումային եւ զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել այցի շրջանակներում:

 

 

ՓՈՔՐԻԿ ՁԿՆԻԿ ՄԸ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը: Որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ: Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին՝ «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
Նոյեմբերի 10-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:




Լրահոս