ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ՝ մարզի մի քանի համայնքների դպրոցների տնօրեններ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության՝ հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Այս առիթով նա Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ու մարզպետներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարել էր 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները: Վարչապետի այս հանձնարարականից մոտ մեկ ամիս անց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Օրինակ՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի՝ հոկտեմբերի 31-ի որոշմամբ՝ Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն Մհեր Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մարզպետի աչքից չեն վրիպել նաեւ Կանիաշիրի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Բոյաջյանը, Սադունցի Ս. Մուրադովի անվան հիմնական դպրոցի տնօրեն Գուրգեն Կիրակոսյանը, Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Մկրտչյանը եւ այլք: Թեեւ վերջիններս նշանակվել են դպրոցի տնօրենի ԺՊ, բայց դեռ հայտնի չէ՝ նրանք կմասնակցե՞ն արդյոք տնօրենի պաշտոնի համար նախատեսվող մրցույթին, թե՞ ոչ:
Գեղարոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը նույնպես մարզպետի՝ հոկտեմբերի 31-ի որոշմամբ ազատվել է տնօրենի պաշտոնից: Վերջինս նշեց, որ իր պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացել էր: Բացի այդ՝ նա ազատվել է այլ խնդիրների պատճառով: «Դատական քաշքշուկների մեջ եմ հայտնվել, եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով արգելված է աշխատել դպրոցի տնօրենի պաշտոնում»,- բացատրեց Մարտիրոսյանը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ինքը դպրոցում շարունակելու է դասավանդել շախմատ եւ հայոց պատմություն առարկաները: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի այն հանձնարարականին, որ դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը, ազատված տնօրենն ասաց. «Փոքրիկ գյուղերում սովորաբար շատ են բարեկամական կապեր ունեցող բնակիչներ, առանց դրա անհնար է: Մեր դպրոցում ինձ հարազատ միայն կինս է, որը 27 տարվա մանկավարժական ստաժ ունի, ոսկե մեդալակիր է, երկու ինստիտուտ է ավարտել: Բայց որ մի քիչ ստիպեն, իրենից էլ կբաժանվեմ: Ճիշտն ասած՝ հիմնականում հարսներ ու տագրեր են աշխատում դպրոցում, որոնք իրար այդքան էլ խիստ մտերիմ չեն: Ավելին՝ հարսներն ու տագրերը սովորաբար իրարից խռով են»:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ հոկտեմբերի 28-ին Ծաղկաշենի Վ. Համբարձումյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, Փարպիի Ղ. Փարպեցու անվան դպրոցի ժամակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորիկ Արշակյանը, Եղիպատրուշի դպրոցի ԺՊ է նշանակվել Գնել Գրիգորյանը:
Նաեւ ազատվել է Աղձքի դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանը: Նրա փոխարեն մարզպետը Աղձքի տնօրենի ԺՊ է նշանակել Սոնա Մուրադյանին: Աղձքի բնակիչների պնդմամբ՝ Սոնա Մուրադյանը մարզպետի սանիկն է: Հիշեցնենք, որ Հ. Սուքիասյանի ազատման արդյունքում Աղձքում լարված իրավիճակ էր. դպրոցի աշակերտները դասադուլ էին անում: Արդյունքում Սոնա Մուրադյանը այլեւս տնօրենի ԺՊ չէ, իսկ նրա փոխարեն Տիգրան Գասպարյանն է նշանակվել այդ պաշտոնին:
Հոկտեմբերի 28-ին եւ 31-ին դպրոցների ազատված տնօրենների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Նազարյանի հետ: Վերջինս ասաց, որ ազատված տնօրենների պայմանագրի ժամկետը լրացել է: Նրանցից մի քանիսը նշանակվել են դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելը: Նրա խոսքով, չի բացառվում, որ մրցույթներին մասնակցեն նաեւ այլ թեկնածուներ: Իսկ վարչապետի հանձնարարականի վերաբերյալ էլ մեր զրուցակիցը հայտարարեց հետեւյալը. «Դրա վերաբերյալ հանձնարարական մենք ստացել ենք դեռեւս մայիս ամսին. շրջաբերական ենք ուղարկել դպրոցներ, որտեղից ցուցակով ներկայացրել են, թե ովքեր են դպրոցի տնօրենները եւ իրենց հարազատները: Վարչապետի հանձնարարականի հիման վրա բավականին մարդկանց ենք ազատել աշխատանքից»:
Ի դեպ, վարչապետի հանձնարարականի արդյունքում դպրոցների անձնակազմերի մոտ բողոքի ալիք է հասունանում: Բանն այն է, որ փոքր գյուղերի բնակիչները իրար հետ բարեկամական, քավոր-սանիկայի կամ էլ խնամիական կապեր ունեն: Նրանց պնդմամբ՝ անհնար է դպրոցում գոնե մեկ բարեկամ չունենալ: Եւ հիմա ստիպված են դրա պատճառով հրաժեշտ տալ աշխատանքին: «Որոշ դպրոցներում դա անցնում է թույլատրելիի սահմանը: Օրինակ՝ դպրոցներ կան, որտեղ ուսուցիչը նաեւ լաբորանտ է: Այսինքն՝ ստանում է նաեւ հավելավճարներ: Կան նաեւ դպրոցներ, որտեղ ուսուցիչը ունի 22 ժամ մեկ դրույքով աշխատանք, բայց զուգահեռ նրան տրվել է նաեւ լաբորատորիան: Այսինքն՝ չարաշահվել է պաշտոնեական դիրքը: Դա կարող էր տրվել մեկ ուրիշի, ով կկարողանար ընտանիք կերակրել: Այն տնօրենները, որոնց պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ որոնք դպրոցում ունեն շատ հարազատներ՝ դպրոցի ուսմասվարը, զինղեկը, ուսուցիչներ, ուսուցչական անձնակազմում իրենց ընտանիքների անդամներ, նրանք չեն վերանշանակվել: Վստահեցնում եմ ձեզ, որ բավականին մաքրվել է այդ դաշտը»,- հավաստիացրեց Հասմիկ Նազարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս