ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության դիմաց կրկին հավաքվել էին մի շարք քաղաքացիներ եւ բողոքի ակցիա էին իրականացնում: Հավաքվածները հյուսիսային պողոտայի բնակարանները կորցրած բնակիչներն էին, որոնք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ուսանողի տեղափոխությունը ո՞ր դեպքում է թույլատրվում:

Հրանուշ Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը:
Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե ֆոնդի կառավարիչը լուծարվում է կամ որոշում է չզբաղվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությամբ, ապա նման դեպքերում ինչպե՞ս են պաշտպանվելու մասնակցի կուտակային միջոցները:

Սերինե Հարությունյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ս. Հարությունյանի հարցին՝ հայտնում ենք, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու դեպքում: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման կամ այլ հիմքերով գործունեության դադարեցման դեպքում ֆոնդի կառավարումը փոխանցվում է այլ կառավարչի:
Կառավարչի լուծարման դեպքում մասնակիցների կուտակային միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք հանդիսանում են մասնակիցների սեփականությունը, ոչ թե կառավարչի: Ֆոնդի կառավարումը փոխանցելու գործընթացը կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է համապատասխանեցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ներդրումները օրենքի պահանջներին, եւ ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է նաեւ իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները՝ ելնելով բացառապես մասնակիցների շահերից:




Լրահոս