ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԵ՞ՐՆ ԷԼ ԵՆ ՎԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի` պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի հայտարարագրերի մասին որոշումից հետո շատերը թերահավատորեն մոտեցան՝ կասկածելով պաշտոնյաների ազնվությանը:

Հաջորդող տարիները ցույց տվեցին, որ հանրության թերահավատությունն առավել քան հիմնավոր էր, քանզի մեր պաշտոնյաների գերակշիռ մասը հայտարարագրում էր իր ունեցվածքի բազմամիլիոնանոց «այսբերգի» երեւացող մասի մի փոքրիկ մասնիկը միայն: Մամուլը, ուսումնասիրելով այս կամ այն պաշտոնյայի ներկայացրած հայտարարագիրը, ուշագրավ հակասություններ էր արձանագրում:
Իր կուսակցական պատկանելության հետ կապված պարբերաբար անհարմար վիճակներում հայտնվող նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, եւ այդպես էլ բացահայտ ՀՀԿ-ական չդարձած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս առումով բավականին ուշագրավ օրինակ է: Դատելով նրա հայտարարագրերից եւ քաղաքական հաջողություններից՝ ճակատի գիրը փոխելը, կարծես թե, Բալասանյանին չի օգնել: Նախորդ ընտրություններին նա ստացել էր մոտ 27 հազար ձայն, իսկ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այն էլ դաշինքով, վաստակել էր ընդամենը 14 հազար քվե: Մինչդեռ Բալասանյանն իր մտերմիկ շրջապատում վստահաբար հայտարարել էր, որ իր գրպանում հանգիստ ունի մոտ 25.000 ձայն: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Բայց սա Բալասանյանի միակ կորուստը չէր: Պարզվում է, որ պակասել են Բալասանյանի գրպանի ոչ միայն ձայները, այլեւ փողերը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Բալասանյանի ունեցվածքի տատանումները նկատելի են:
2012 թվականին, երբ Բալասանյանը ընտրվեց ԱԺ պատգամավոր, պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ ունի 3 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, MOSKVICH 2140 ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 7 մլն 500 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է ընդամենը 3 միլիոն 800 հազար դրամ: Իսկ արդեն նույն տարում, երբ Բալասանյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկայացրեց մի հետաքրքիր հայտարարագիր: Ի տարբերություն նախորդի` այս հայտարարագրում Բալասանյանը որեւէ անշարժ կամ շարժական գույք չէր հայտարարագրել: Ըստ այդ տվյալների` Բալասանյանը «կորցրել» էր բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքները եւ միակ «Մոսկվիչը»: Գյումրու քաղաքապետի դրամական միջոցները եւս նվազել էին` կազմելով 7 մլն դրամ եւ 17 հազար դոլար: 2013 թվականին Բալասանյանի «խնայողությունները» նվազել էին 2 մլն դրամով եւ 2 հազար դոլարով, փոխարենը Բալասանյանը հայտարարագրում եկամտի չափը նշել էր ավելի քան 2 միլիոն 688 հազար 240 դրամ, ինչն ավել է նախորդից ավելի քան 2 միլիոնով: Հաջորդ տարին Բալասանյանի համար կրկին եկամտաբեր չէր: Եթե 2013-ին Բալասանյանն ուներ 5 միլիոն եւ 15 հազար դոլար «հետ գցած» գումար, ապա 2014-ին նրա դրամական միջոցները կազմում էին 4 միլիոն դրամ եւ 14 հազար դոլար: Ինչքան էլ զարմանալի է, Բալասանյանը որեւէ անշարժ գույք էլի չէր հայտարարագրել:
Թվում է` այդքան դրամական միջոցներ ունեցող պաշտոնյան չունի ոչ մի սեփականություն:
Բայց այդպես միայն թվում է: Շատ անգամներ է բարձրաձայնվել, որ Բալասանյանը իր որդու՝ Միսակ Բալասանյանի կամ այլ բարեկամների միջոցով տնօրինում է Գյումրիի գարեջրի հին ու նոր գործարանները, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը, «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Բալասանյանը նաեւ Գյումրու քաղաքային տրանսպորտի ցանցի սեփականատերն է:
Չնայած այդքան ունեցվածքին, 2015 թվականին Սամվել Բալասանյանը էլի պակաս դրամական միջոցներ է հայտարարագրել նախորդներից` 3 միլիոն 150 հազար դրամ եւ 14 հազար դոլար, իսկ աշխատանքի դիմաց վաստակածը կազմել է ավելի քան 2 միլիոն: Հիշեցնենք, որ 2015 թվականին Բալասանյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ երդվեց, որ որպես Գյումրու քաղաքապետ՝ աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում ապրող թեկուզ մեկ գյումրեցի: Հարկ է նշել, որ եթե Բալասանյանը եւ նրա նման «փողոտ» պաշտոնյաներն այդքան դրամական միջոցներ կուտակելուն զուգահեռ հատկացումներ անեին աղետից տուժած քաղաքացիներին, այսօր արդեն Սամվել Բալասանյանը «հնարավորություն» կունենար ստանալու իր աշխատավարձը:
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրված Բալասանյանը իր նոր հայտարարագրում արդեն «բազմացրել է» իր ունեցվածքը` արտադրական նշանակության շինությունը (արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման եւ դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինություն), 3 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն) եւ նախորդ տարիների համեմատությամբ էլի նվազ դրամական միջոցներ` մոտ 3 միլիոն դրամ եւ 13 հազար դոլար:
Թե ինչպես կընթանան Բալասանյանի գործերը, կախված կլինի, իհարկե, նրա` իշխանական կլանի հետ ունեցած հարաբերություններից եւ այն հավատարմությունից, որը ճակատի վրա այլեւս տեղ չթողած այս գործիչը կցուցաբերի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՋՂԱՅՆԱՑԱՎ, ԲԱՅՑ ՏՎԵՑ
Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստի ժամանակ, երբ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը փոխնախարարի հաստիքի ավելացմանը զուգահեռ մեկ հեռախոսահամար ուզեց գործադիրի ղեկավարից, առաջարկությունը բնավ դուր չեկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին դիմելով` տարակուսեց, թե ինչպե՞ս անեն, որ նման հարցերն օրակարգ չմտնեն: Բայց, անկախ ամեն ինչից, «Ժողովուրդ»-ը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց ճշտել՝ հեռախոսահամարի հարցը լուծվե՞ց: «Հեռախոսահամարը ձեռք է բերվել հոկտեմբերի 13-ի համապատասխան որոշմամբ»,- հայտնեց Բալայանը: Այսինքն՝ վարչապետը բարկանալուց հետո նաեւ «նման մանր» հարցին լուծում տվեց:

 

 

ԳԵՆԵՐԱԼԸ  ՀԱՎԱՆԵԼ Է
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնած «Միասնական Արմենիա» նախաձեռնության մասին հանդես էր եկել հայտարարությամբ: Փայտյանը նշել էր, որ նախաձեռնության գաղափարական ուղենիշ-ծրագիրը ոչ միայն ազգային է, այլեւ համամարդկային: Արդյո՞ք գեներալ Փայտյանը կմիանա նախաձեռնությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց նրանից: Ի պատասխան մեր հարցման` գեներալը նշեց. «Ես միայն հավանել եմ գաղափարախոսությունը, քանի որ այն իր մեջ ներառում է աստվածաշնչյան պատվիրաններ եւ գաղափարախոսությունն էլ ընդհանուր կենսագործմանն ու ապա հային է ուղղված, որը յուրաքանչյուր հայ մարդու մտածողության մեջ է»: Հարցին` քաղաքականություն մտնելու մտադրություն ունե՞ք, եթե շարժումը վերածվի կուսակցության, կշարունակե՞ք հարել նրանց գաղափարներին, Փայտյանը պատասխանեց. «Ես եղել եմ հայրենիքի զինվոր, երբեւիցե կուսակցական չեմ եղել, իմ միակ կուսակցությունն իմ հայրենիքն է, եւ իմ ամենամեծ «կուսակցական» պատկանելիությունը զինվոր լինելն է»:
 

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ
Ինչպես հայտնի է` ՊԵԿ-ի նախաձեռնությամբ որոշվել է շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացնել 450%-ով, այսինքն` 4, 5 անգամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ հարցի առնչությամբ իրենց մտահոգություններն արտահայտելու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է հանդիպում ունենային ֆինանսների նախարարությունում: «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հանդիպումը կայացել է, սակայն երկկողմ համաձայնության չեն եկել. «Եթե լինի մոդել ընդունելի պետության համար, որով հնարավոր կլինի ավելի շատ գումար մուտքագրել բյուջե, այդ ժամանակ պատրաստ են համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն»,- ասաց Սմբատյանը: Այդ մոդելն էլ ստեղծելու համար, Սմբատյանի խոսքով, հարկավոր է մեկ տարի, սակայն մինչ այդ ընկերությունները կսկսեն փակվել, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին եւ նրա հետ քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական Կիեւի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է  ՌԻԺԿՈՎԻՆ
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը ձեռք են բերել կայուն եւ դինամիկ բնույթ: Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ բազմակողմ ձեւաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետեւողական խորացման կարեւորությունը:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի հրամանով Հարություն Հարությունյանն ազատվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից: Ըստ ամենայնի, նա առաջիկայում կնշանակվի նոր պաշտոնի:

 

 

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ներկայացրած 2017 թ.-ի պետական բյուջեի նախագիծը երեկ դրական եզրակացություն է ստացել ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում: Մինչ այդ, պետական բյուջեն ոլորտ առ ոլորտ քննարկվել էր համատեղ նիստերում: Բյուջեի նախագիծը կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստում:




Լրահոս