Ո՞Վ Է ԿԱՇԱՌՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատավորներից որին էլ հետեւեն, մի բան կգտնեն»,- Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին գետնանցումում հազար դոլար կաշառք վերցնելիս ձերբակալելուց հետո նման հայտարարություններով հանդես եկավ հանրության մի լայն շերտ: Սակայն նախօրեին կատարված հերթական բացահայտումը շատերի մոտ կարծիք ձեւավորեց, որ տարիներ շարունակ բոլոր կառավարությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը կյանքի է կոչվում, եւ այլեւս մեկնարկել է «կաշառակերների որսը»:

Այդպես է, թե ոչ, դեռ վաղ է ասել, սա հարցի մյուս կողմն է:
Նախ նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ՕՀ եւ ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ մայոր Արտեմ Մարգարյանը:
«Ժողովուրդ»-ին կատարվածի մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով` կատարվածը ավելի քան երկու շաբաթվա վաղեմություն ունի, իսկ հաղորդում ներկայացրած քաղաքացին վերջերս է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նա դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ, շարքայինների հաշվառման-ամրագրման եւ նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանին, որպեսզի վերջինս վերականգնի ՌԴ-ում իր կորցրած զինգրքույկը: Քաղաքացին մասնավորապես ասել է, որ իրեն այն անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում, եւ խնդրել է փաստաթղթային գործընթացը սեղմ ժամկետներում ավարտին հասցնել:
Ի պատասխան դիմողի խնդրանքին՝ բաժանմունքի պետ Արտեմ Մարգարյանը ասել է, որ դրա համար հավելյալ գումար պետք է վճարի եւ երկու հարյուր դոլար է պահանջել:
Սրանից հետո նշված քաղաքացին որոշել է հաղորդում տալ իրավապահներին` ասելով, որ իրենից կաշառք են պահանջում:
«Ժողովուրդ»-ը Գյումրիում շրջանառվող մասնավոր զրույցներից տեղեկացավ, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Արտեմ Մարգարյանին, նրան բնութագրում են որպես հանգիստ բնավորությամբ գործի նվիրյալի, ով աշխատում է այնպիսի բաժնում, որտեղ կաշառք վերցնելու որեւէ տարբերակ չկա: Նա հիմնականում աշխատում է փաստաթղթերի հետ: Ասում են` նույնիսկ հնարավորություն չունի ինչ-որ մեկին բանակից ազատելու գործ անել: Մինչդեռ այս պահին փաստն այն է, որ նրա դեմ հաղորդում կա ներկայացված:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Ա. Մարգարյանը գյումրեցի չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Երեւանի բնակիչ է: Նա հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ բան խոսել կատարվածի մասին:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ըստ քաղաքացու՝ Ա. Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա. Մարգարյանը ձերբակալվել է:
Հարկ ենք համարում նկատել, որ որեւէ տեղեկություն այն մասին, որ պաշտոնյան վերցրել է գումարը, դեռեւս չկա: Խոսվում է միայն գումարը պահանջելու մասին:
Հ.Գ. Գյումրիում տարբեր խոսակցություններ են շրջանառվում կատարվածից հետո: Ըստ այդմ, մարդիկ շեշտում են, որ 200 դոլար կաշառք վերցնելու մասին խոսակցությունները շատերի մոտ զավեշտ են հիշեցրել, քանի որ նրանք դա մանր հանցագործություն են համարում. «Եթե սա շոու չէ, իշխանությունների աչքին երեւալու կեղծ փորձ կամ մանր դեպքերը ուռճացրած վերհանելու նպատակներ չի հետապնդում, ապա ավելի լավ կլինի, եթե անձնագրային գնան. այնտեղ հաստատ բազմաթիվ նման բաներ կհայտնաբերեն»:
Իսկ թե ինչու են գյումրեցիները նման որակումներ տալիս, թերեւս, կիմանան միայն իրենք: Փաստն այն է, որ դեռեւս որեւէ խոշոր կոռուպցիոն դեպք չի հայտնաբերվել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԿՌԻՎԸ
2015 թվականի ապրիլին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցը դատի է տվել «Մոսկվա» կինոթատրոնին:
2015թ մարտի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ կինոթատրոն «Մոսկվա» ՍՊԸ-ին հարկադրվի կատարել պայմանագրային պարտավորությունները: Մեզ հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը պատմել էր դատական քաշքշուկի ողջ պամությունը. «Մենք գնել ենք Ծաղկաձորի կինոթատրոնը եւ պայմանագրով պարտավորություն ենք ստանձնել, որ 20 տարի պետք է պրոֆիլը պահենք, կինոթատրոն կառուցենք եւ 200.000 դոլար ներդրում կատարենք: 200.000 ԱՄՆ դոլար ֆինանսական ներդրումը կատարել ենք, բայց տնտեսական ճգնաժամից ելնելով՝ չենք կարողանում շինարարական աշխատանքները ավարտին հասցնել»:
Հիմա իրենք դիմել են դատարան եւ պարտադրում են շինարարական աշխատանքն ավարտին հասցնել. «Բայց մենք հիմնավոր փաստարկներ ունենք, որ մեր ֆինանսական պարտականությունը կատարել ենք, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար մեզ ժամանակ է պետք»: Ըստ մեր զրուցակցի` իրենք չեն հրաժարվում պարտավորություններից, սակայն. «Կինոթատրոնի վերջնական ավարտի համար նախատեսված գումարը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Քանի որ վերջին շրջանում ներդրումների հոսքը այդ երկրից պակասել է, այդ պատճառով չենք կարողանում այնտեղից գումար ստանալ եւ մեր աշխատանքը ավարտին հասցնել»:
Եվ, ահա, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո 2016 թվականի սեպտեմբերի 5-ին այս գործով դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց վճիռ, որով մերժեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցն ընդդեմ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի պայմանագրային պարտավորությունը կատարելուն հարկադրելու պահանջի մասին հայցը:
Տպավորությունն այնպիսին է, որ այս վեճը առաջին ատյանի դատարանով կավարտվեր, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, երկու կառույցների միջեւ խնդիրը գնալով ավելի է խորանում: Ասել է, թե ԱԺ նախագահի որդու ղեկավարությամբ գործող կառույցը ամեն գնով ցանկանում է ստիպել կինոթատրոնի տնօրինությանը կատարել պայմանագրային պարտավորությունները: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ թե վերաքննիչ դատարանը ինչ որոշում կկայացնի, դեռ վաղ է ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԶՈՐԱԿՈՉ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016-ի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

 

 

ԱԶԱՏՎԵՑ
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հորդորով աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Երեկ նա գործակալությունում հրաժեշտ է տվել աշխատակիցներին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու առթիվ, ինչն ի հայտ էր եկել վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Հունիսի 13-ին հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երեւանի կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Երեկ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը: Նշենք, որ գործող օրենքով կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ 6 ամսվա ընթացքում անդամների թիվը հասցնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է պետական գրանցումից հետո կուսակցությունների վերահսկողությունը հանել, բայց գրանցման պահին պահանջել ունենալ 1000 անդամ: Բացի դրանից, եթե գործող օրենքով կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա ՀՀ ողջ տարածքում, ապա հիմա առաջարկվում է, որ ստեղծման պահին կուսակցությունը տարածքային ստորաբաժանում ունենա կա՛մ Երեւանում, կա՛մ ՀՀ մարզերի 1/3-ում:

 

 

ՏՊԱՎՈՐԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի եւ զարգանա, իրականացվելու են քայլեր՝ օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի եւ կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով եւ ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին:




Լրահոս