ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՋՈՂՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները ավարտվեցին, իսկ այժմ կարելի է նույնիսկ ասել՝ ինչ-որ չափով նահանջում է նաեւ բոլորին պաշարած անակնկալության զգացումը: Սկզբնական շոկային տրամադրությունների հաղթահարմանն ականատես եղանք առաջնահերթորեն պարտություն կրած Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կեցվածքի պատճառով: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներ եւ ժողովուրդներ են հայացքները նախանձով հառում ամերիկյան ժողովրդավարությանը:

Հարկ է նախ նկատել, որ ընտրությունների արդյունքը դարձավ նախագահական անկանխատեսելի ընտրապայքարի տրամաբանական շարունակությունը, երբ նախագահ ընտրվեց այն թեկնածուն, որի հաղթանակն ամենաանհավանականն էր: Հանրապետականների ներկուսակցական պայքարի հասարակածում արդեն բազմաթիվ վերլուծաբաններ պնդում էին, որ նահանգային առաջին քվեարկություններից հետո Դոնալդ Թրամփի տոկոսները շեշտակի անկում պիտի ապրեին` դուրս մղելով նրան հետագա մրցավազքից: Նույն տեսակետը պաշտպանող վերլուծություններ եղան նաեւ Թրամփի` Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակը ստանալու օրերին, երբ հեղինակավոր քաղաքական մեկնաբանները նախագահական ընտրարշավը համարում էին ավարտված Հիլարի Քլինթոնի հաղթանակով: Հետաքրքիր է, որ այս տեսակետը գերակշռեց հատկապես նախագահական առաջին բանավեճից հետո, երբ Քլինթոնը Թրամփին ստիպել էր պարզապես լռել. մի բան, որը չէր հաջողվել գործարարի եւ ոչ մի մրցակցի: Ի վերջո, նախընտրական հարցումները նույնպես հուշում էին, որ Քլինթոնը նվազագույնը 2 տոկոս առավելություն ունի Թրամփի նկատմամբ: Այս հարցում մեծագույն նմանություններ կան բրիտանական Բրեքզիթի հետ: Հիշենք, որ ս.թ. հունիսի 23-ին կայացած համաժողովրդական հանրաքվեից առաջ բրիտանացիների շրջանում անցկացված հարցումներով բնակչության 52-55 տոկոսը դեմ էր հանդես գալիս ԵՄ-ն լքելուն: Սակայն հանրաքվեի արդյունքները ճիշտ հակառակն էին: Անշուշտ, քանակական առումով ԱՄՆ-ի բնակչության քվեարկությամբ Քլինթոնը հաղթեց Թրամփին, սակայն հիմնական մրցակցային 6 նահանգներում նախնական հարցումներով Քլինթոնը պիտի նույնպես լիներ հաղթանակի դափնեկիրը: Եւ Թրամփի հաջողության ամենակարեւոր դրվագը կապվում է հենց այս հանգամանքի հետ. թեկնածուն հաղթեց անխտիր բոլոր վիճահարույց նահանգներում, որոնք 2008 եւ 2012թթ. քվեարկել էին դեմոկրատական թեկնածուի օգտին: Սա խոսում է թե՛ Թրամփի իրականացրած իրական հեղափոխական շարժման, թե՛ Քլինթոնի կատարյալ ձախողման մասին: Խնդիրն այն է, որ նախագահ ընտրվելու համար Թրամփը պետք է հաղթեր բոլոր մրցակցային նահանգներում, մինչդեռ Քլինթոնին բավական էր հաղթանակ տանել առավելագույնը երեքում:
Ինչեւէ: Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների այսպիսի արդյունքը շատերին իրավացիորեն թույլ է տվել պնդելու, որ ամերիկացիներն ընտրեցին մարդկային-բարոյական տարրական արժեքների հանդեպ աննախադեպ հրապարակային արգահատանքը: Սակայն հարկ է առաջին հերթին շեշտադրել ժողովրդավարության ասպեկտը, որով հերթական անգամ փայլեց ԱՄՆ-ն: Ողջ աշխարհը համոզված էր, որ երկու նախագահների (Բարաք Օբամայի ու Բիլ Քլինթոնի) անթաքույց աջակցությունը, ինչպես նաեւ երկու նախկին նախագահների (Ջորջ Բուշ ավագի ու կրտսերի) ծածուկ համակրանքը վայելող Հիլարի Քլինթոնը, ֆորա ստացած լինելով ամերիկյան ֆինանսական-կորպորատիվ շրջանակներից, պարզապես չէր կարող չհաղթել: Եթե այս ամենին գումարում ենք նաեւ Հանրապետական կուսակցության ներսում տիրած պառակտվածությունը, պատկերն այլեւս ամբողջական է դառնում: Ի վերջո, չի կարելի մոռանալ, որ ամերիկյան կուլիսային գործիչներն ու ֆինանսա-կորպորատիվ շրջանակները լիովին ի վիճակի էին թույլ չտալու Թրամփի նախագահությունը: Նախ` Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովում կուսակցական բոսերը կարող էին վերջին պահին փոխել թեկնածուի ընտրության կանոնները: Հանրապետականները նույնիսկ կարող էին երրորդ` պահպանողական թեկնածուի առաջադրել, որ անխուսափելիորեն կիսելու էր Թրամփի էլեկտորատը եւ նախագահ դարձներ Քլինթոնին: Սրանք, հիրավի, կլինեին ճարահատյալ քայլեր, կհարվածեին ժողովրդավարության ավանդույթներին, սակայն լիովին իրականանալի էին: Այդուհանդերձ, ամերիկյան կառավարող էլիտան գիտակցեց պահի լրջությունը` նախընտրելով Թրամփի «մերժելի» նախագահությունը ժողովրդավարության կարծրացած ավանդույթների խոտանումից: Եվ, ահա, նման պայմաններում Դոնալդ Թրամփը հաղթում է աշխարհի ամենասուր, ամենատագնապալից եւ վճռորոշ ընտրություններում: Այս տեսանկյունից ինչ-որ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, շատ ավելի գովելի է ու արժեքավոր, վեր անձնական-բարոյական կանոններից:
Արձանագրենք, որ ԱՄՆ-ում հաղթեց պետական մտածողությունը, երբ քաղաքական ընտրախավը հրաժարվեց արհեստականորեն ճնշել ժողովրդավարական արժեքները` խայտառակ ավանդույթի հիմք դնելով: Նույնպիսի պահվածք ցուցաբերեցին նաեւ Քլինթոնն ու Օբաման, որոնք երկուսն էլ շնորհավորեցին, իրենց կարծիքով, նախագահությանը անհամապատասխան Թրամփի հաղթանակը: Քլինթոնը առաջարկեց իր անմնացորդ օգնությունը Թրամփին, իսկ Օբաման իր եզակի նպատակը հռչակեց իշխանության խաղաղ եւ արդյունավետ փոխանցումը ընտրյալ նախագահին: Սրանք քայլեր են, քաղաքական իդեալներ ու պետական շահի բացառիկ ընկալման դրսեւորումներ, որ ամենուրեք չէ, որ գոյություն ունեն: Եվ հենց այստեղ է ամերիկյան ժողովրդավարության գերագույն արժեքն ու բացառիկությունը, երբ ժողովրդի ընտրությունը հարգվում է` անկախ գործող նախագահի կամ քաղաքական էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների նախասիրություններից: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան առողջ կլիներ մեր պետությունը, եթե 1996թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը փոխանցեր Վազգեն Մանուկյանին, 1998 եւ 2003թթ. Ռոբերտ Քոչարյանը այսպես վարվեր Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների հետ, 2008 եւ 2013թթ. Սերժ Սարգսյանը ընդուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակները: Հայաստանը զարգացման առնվազն 5 շանս է կորցրել` բացառապես կառավարող վերնախավի` ժողովրդի ընտրությունը որպես գերագույն արժեք ընկալելու անկարողության պատճառով: Արդ, քանի դեռ Հայաստանում արդար եւ ազատ ընտրություններ տեղի չեն ունենում, իսկ իշխանությունը չի փոխանցվում ժողովրդի կամքով, անգամ տարրական բարեփոխումների մասին խոսելն ավելորդ է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲՈՐ ԳԻՆՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ

«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Ինտեր լոտո» ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում ՀՀ պետբյուջե վճարել է 512 մլն 603 հազար դրամ հարկ:

Ընկերությունը 45 մլն 827 հազար դրամով այս տարվա 3-րդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է հարկային վճարումները եւ ցանկի 185-րդ տեղից հայտնվել 178-րդ տեղում: Տեղեկացնենք, որ ՀՀ-ում գործող բոլոր տեսակի վիճակախաղերը կազմակերպվում են «Ինտեր լոտո» ՍՊԸ-ի կողմից: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ «Ինտեր լոտո» ընկերության հիմնադիրն է Լենդրուշ Վարդանյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վիճակախաղերն իրականացնող «Ինտեր լոտո»-ն կապվում է մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի անվան հետ: Նշված անձանց անվան հետ է կապվում նաեւ հատուկ համբավով հայտնի «Վալեմ պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրը: Վ. Մկրտչյանին է պատկանում նաեւ Արագածոտնի մարզում գործող «Արմենիա Վայն» ընկերությունը:
Ի դեպ, «Արմենիա վայն» գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ընդհակառակը, այս տարվա 3-րդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է հարկային վճարումները: Նշված ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում պետբյուջե է վճարել 547 մլն 398 հազար 700 դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ըներության հարկային վճարումները կազմել էին 669 մլն 856 հազար 500 դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԱՐԳԵԼԱՆՔ ԵՆ ԴՐԵԼ
Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատակիցները 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Ընկերության աշխատողները պատմեցին, որ վերջին շրջանում ընկերության ֆինանսական վիճակն ավելի է վատացել, հարկային տեսչությունը ժամկետանց հարկային պարտավորությունների պատճառով ընկերության բանկային հաշվեհամարին արգելանք է դրել: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, պետությունը չի կատարել Նոյեմբերյանի ՋՕԸ-ին ֆինանսավորելու իր պարտավորությունը, իսկ մեկ այլ պետական մարմին՝ հարկային տեսչությունը, արգելանք է դրել բանկային հաշվեհամարի վրա: Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գումարները գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեի հատկացումներից եւ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիների մուծած վարձավճարներից: Ընկերության աշխատողները իրենց աշխատանքային պարտականությունները կանոնավոր կերպով կատարել են, ոռոգման սեզոնին ինքնահոս եղանակով եւ պոմպերի միջոցով ոռոգման ջուր են մատակարարել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին: Նրանք «ժողովրդին» վստահեցրին, որ իրենք ոռոգման ջրի վարձերը բարեխիղճ ձեւով հավաքագրել են, սակայն պետական բյուջեից տրվող հատկացումները չեն արվել, պետբյուջեից ֆինանսական մասնակի հատկացումներն էլ տրվել են ընկերության հարկային պարտավորությունների կատարման նպատակով:
Այս տարի հանկարծամահ եղավ Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության երկարամյա տնօրեն Սեդրակ Եսայանը, նոր տնօրեն է նշանակվել Գագիկ Վերանյանը: Նա ընկերության աշխատակիցների աշխատավարձի խնդիրը ներկայացրել է տարբեր պաշտոնյաների, սակայն խնդիրը լուծում չի գտել: Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության մի քանի աշխատողներ, չհամակերպվելով առանց աշխատավարձի աշխատելու մտքին, ընդդեմ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի:

 

 

ՄՇՏԱԿԱՆ ՎՏԱՆԳ
Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Կարոլին Դույեզի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության պատերի կառուցմանը վերաբերող հարցեր: Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Տավուշի սահմանամերձ մի քանի համայնքներում նման պատեր են կառուցվել: Դրանք կարեւոր են բնակիչների, հատկապես երեխաների անվտանգությունն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանելու համար: Սակայն սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը մշտապես վտանգի տակ է, քանի որ ադրբեջանական զինուժը պարբերաբար գյուղացիների վրա կրակ է բացում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում, սահմանին մոտ անասուններ պահելիս: Տավուշի մարզի 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում ականապատ լինելու եւ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս