Ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է, առաջանում են նոր խնդիրներ, որոնց լուծման համար նոր մարդիկ են պետք. Գագիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր և ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի վերաբերյալ հարցերը, նշելով, որ համագումարի ընթացքում կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններ կլինեն:

«Դրա վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, այդ ծրագիրը ավարտական տեսքի կբերվի կուսակցության Գործադիր մարմնի հաջորդ նիստից հետո»,-ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերում այն կարծիքներին, թե ՀՀԿ-ին նոր ու ավելի երիտասարդ դեմքեր են պետք, Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է, առաջանում են նոր խնդիրներ, որոնց լուծման համար նոր մարդիկ ու նոր մոտեցումներ են պետք, կամ ավելի արդյունավետ լուծումներ են պետք»:

Հարցին, թե համագումարի հյուրերի թիվը ճշտվա՞ծ է, և, օրինակ, Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է, Մինասյանն ասաց, թե այդ հարցը չի քննարկվել ոչ միայն այսօրվա, այլև նախորդ նիստերում ևս:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին, նա ասաց, որ որքան ինքն է տեղյակ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել:

Հարցին՝ քննարկվե՞լ է 1000 դրամներին վերաբերող օրինագծում փոփոխություն կատարելու հարցը, մասնավորապես՝ դիմումների հիման վրա վճարումներից հրաժարվելու առաջարկը, Գագիկ Մինասյանն նշեց, որ այդ հարցը դեռ քննարկումների փուլում է եւ  վերջնական որոշում չկա:

Նշենք, որ նիստին մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը, ով անցած նիստին ներկա չէր:




Լրահոս