ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե օրենքով ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Միլենա Խաչատրյան (28 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում՝
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին: