Վաչիան գյուղի բնակիչները դուրս են եկել ցույցի` պահանջելով բացահայտել հայ ընտանիքի սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի բնակիչները, որտեղ 2016թ. ամռանը դաժանաբար սպանվեց Կաչոտյանների ընտանիքը, պահանջում են բացահայտել հանցագործության դրդապատճառները, փոխանցում է JNEWS.ge-ն:

Տեղեկությունների համաձայն՝ երկուշաբթի օրն առավոտյան Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց հավաքվածները պահանջել են անհապաղ բացահայտել Կաչոտյանների ընտանիքի սպանությունը: «Սպանությունից արդեն 6 ամիս է անցել, սակայն հետաքննության ընթացքի մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել»,-ասվում է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ:

«Ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են ներխուժել տուն և կատարել սպանությունը, ո՞ւմ էր պետք: Մենք պահանջում ենք, որ գործն ամբողջությամբ բացահայտվի: Ձերբակալվեց մեկը, ապա տեղեկություն հայտնվեց, որ նա սպանվել է: Մենք չենք հավատում, որ նա մենակ է գործել, քանի որ կատարվածը մեկ մարդու ձեռքի գործ չէ: Այդ մարդը մենակ չէր կարող ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես նման բան կատարել»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

«Նույնիսկ 6 ամիս անց գյուղի բնակիչներն ահով են ապրում: Տղամարդիկ անհանգստանում են, թե ինչպես կարող են հանգիստ թողնել իրենց ընտանիքն ու մեկնել Ռուսաստան»,-գրում են վրացական ԶԼՄ-ները:




Լրահոս