ՉԱՐԲԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին հերթական սպանությունն է եղել մայրաքաղաք Երեւանում: Այս անգամ դեպքի վայրը Չարբախն էր, ավելի ստույգ՝ այստեղ գտնվող «Լիա» գեղեցկության սրահը: Այստեղից նշված օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, մահացած վիճակում: Վիրավորներից 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը մահացել է նույն օրը հիվանդանոցում, իսկ մյուսի՝ 35-ամյա Արամ Պետրոսյանի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության, սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք պահելու հատկանիշներով: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման նյութի եւ այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ: Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ովքեր են սպանվածները
«Ժողովուրդ» օրաթերթին տուժածների մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես՝ մեզ հաջողվեց պարզել, որ սպանվածներից 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը Երեւանի բնակիչ է, տան կրտսեր զավակը: Նրան ճանաչողները պատմում են, որ երիտասարդի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, իսկ դեպքի վայրում, ըստ որոշ տեղեկությունների, շատ պատահաբար է հայտնվել: Նրան ինչ-որ անհայտ մարդիկ են կանչել եւ ասել, որ շտապ խոսելու բան կա: Նույն տեղեկությունների համաձայն՝ սպանված երիտասարդի հարազատները երբեւէ չեն իմացել, որ նա հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ ունենար:
Հիվանդանոցում մահացածը՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, դեռեւս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ եղել է իր հետ թիրախում հայտնված մյուս երկու երիտասարդներին «Լիա» գեղեցկության սրահ տանողը: Չարբախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա հայտնի է հանգիստ բնավորությամբ:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 35-ամյա Արամ Պետրոսյանը, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նորք-Մարաշ թաղապետարանի աշխատակից է: Զբաղեցնում է թաղապետի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնը: Մեր տեղեկությունը հաստատեցին թաղապետարանից՝ հավելելով, որ Ա. Պետրոսյանը մեկ շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած սեմինարներին է մասնակցել, իսկ ուրբաթ օրը սեմինարն ավարտվել է, սակայն նա թաղապետարան չի ներկայացել: Այստեղից մեզ փոխանցեցին նաեւ, որ դեպքի նախորդ օրը թաղապետարանը շաբաթօրյակ է կազմակերպել, սակայն Արամ Պետրոսյանը նաեւ այս նախաձեռնությանը չի մասնակցել: Ինչ վերաբերում է կատարվածին, ապա մեզ փոխանցեցին, որ տուժածը երբեւէ առիթ չի տվել կասկածելու, որ ինչ-որ խնդիրներ ունի:
Շրջանառվող անունները
Դեպքից անմիջապես հետո լրատվամիջոցներում խոսվում էր այն մասին, որ կասկածյալներ դեռեւս չկան, կատարվածն առեղծված է թե՛ տուժածների մերձավորների, թե՛ իրավապահների համար:
Սակայն երեկ արդեն որոշ անուններ էին շրջանառվում որպես հավանական կասկածյալներ: Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Չարբախում լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայր հանդիսացած սրահում հաճախ են տարբեր վիճաբանություններ, «փողի ռազբորկաներ» լինում: Իսկ դրանք հրահրողը, ըստ նույն տեղեկությունների, ոմն Չարբախցի Գեղամն է, ով առավել հայտնի է Թոփալ Գեղամ անունով:
Վերջինս Չարբախում այնքան էլ հայտնի կերպար չէ, իսկ ճանաչողները նրան բնութագրում են որպես կոնֆլիկտային անձնավորություն:
Կրկին օդում կախված տեղեկություններով՝ դեպքի վայրում է եղել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի որդին՝ Սերժ Վարդանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, մշտապես գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ հաճախ է աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվում:
Երեկ երեկոյան համացանցում տեղեկություններ եղան նաեւ այն մասին, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձանց մեջ շոշափվում է նաեւ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե անունով հայտնի Սարգիս Հախանումյանի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի անունը: Այս վարկածն իրավապահները քննարկում են, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա դեպքից տեւական ժամանակ առաջ եղել է նշված վայրում:
Հիշեցնենք` Դավիթ Հախանումյանի անունը առաջին անգամ չէ, որ շոշափվում է: Օրեր առաջ նա արդեն իսկ առիթ ունեցել է ներկայանալու իրավապահներին: Բանն այն է, որ նույն անունը հիշատակվում է հուլիսի 29-ին Սարի թաղում բախումներ հրահրելու մեջ: Նա այն թաղային խուժաններից մեկն է, ով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ սադրիչ գործողություններ է իրականացրել:
Թե որքանով են վերը նշված անձինք առնչվում կատարվածի հետ, ցույց կտա քննությունը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ  ՎԱՐԿԱԾԸ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչպես էին մայիսին ՊՆ պահածոները հայտնվել լեհական խանութում՝ վաճառքի: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սոցհարթակում լուսանկարներ տարածվեցին, որտեղից պարզ էր դառնում, որ Լեհաստանի քաղաքներից մեկի խանութում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է «Վաճառքի ենթակա չէ, զինվորի բաժին», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Եվ, ահա, այս աղմկահարույց բացահայտումից անցել է 6 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչ ճանապարհով են պահածոները հասել Լեհաստան:
Երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պաշտպանության նախարարից հետաքրքրվեց՝ վերջապես պարզվե՞ց, թե ինչու էր պաշտպանության նախարարության սննդամթերքը Լեհաստանում վաճառքի հանվել. «Ես վարկած եմ լսել, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական նմուշների վաճառքով կոլեկցիոներների համար, եւ ինչ- որ մեկն իր պայոկից մեկ-երկու օրինակ հասցրել է այնտեղ՝ վաճառքի: Ես անպայման լրացուցիչ կճշտեմ, եւ եթե չորեքշաբթի Ձեզ դեռ այդ հարցը հետաքրքրի, կպատասխանեմ»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ չկարողանալով զսպել ժպիտը:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման Էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին: Երկու երիտասարդների կողմից Կարեն Վարդանյանին այսպես դաժանորեն սպանելու պատճառը Կարեն Վարդանյանի՝ 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին նվիրաբերած բնակարանն էր, որի դիմաց վերլուծաբանը պետք Է ստանար 20.000 ԱՄՆ դոլար, երբ վերադառնար Դուբայից: Սակայն այդպես էլ գումարը չհասավ Կարեն Վարդանյանին, փոխարենը նա սպանվեց Դուբայ գնալու ճանապարհին:

 

 
ԾԽԱԽՈՏԻ  ՓՈԽԱՐԵՆ
Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: Երեկ ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետեւ կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- հիմնավորել է նախարարը:

 

 

200 ԴՈԼԱՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման եւ նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման եւ նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանը 2016թ. նոյեմբերի 8-ին իր աշխատասենյակում քաղաքացուց 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Այսպիսով՝ հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են «մանր ձկներին» բռնում՝ այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնելով, իսկ ահա ոչ թե 200, այլ 20.000 դոլարներով կաշառք վերցնող «մեծ ձկները» շարունակում են ազատ լողալ:

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ Է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր որոշմամբ հաստատել է, որ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված Վահան Շիրխանյանի իրավունքները խախտվել են: Նա առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարին անհապաղ տեղափոխել Վահան Շիրխանյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն եւ կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը: Փաստաբան Հայկ Ալումյանը ArmLur.am-ին ասել է, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում է. «Այդ մարդը փորձադաշտ չի, առողջ մտել է իրենց մոտ եւ հիմա հաշմանդամ է»: Փաստաբանը նշել է, որ բազմիցս հայտարարել է իր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, բայց համառորեն նրան քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխում:

 

 

870 ԿՐԱԿՈՑ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 870 կրակոց: Նախարարությունը նաեւ փոխանցում է, որ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):




Լրահոս