Նոյեմբերի 1-ին՝ Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ, մարզպետները հայտնել էին, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը յուրաքանչյուրն իր մարզի համար պետք է ներկայացնի զարգացման ռազմավարական ծրագիր: Վարչապետի հանձնարարականի վերջնաժամկետին մնացել է կարճ ժամանակ:
«ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվել, թե ինչ փուլում է ծրագրերի մշակումը:
–Պարո՛ն Հակոբյան, մարզի զարգացման ռազմավարական ծրագրի ներկայացման՝ վարչապետի հանձնարարականի կատարմանը քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում, կարո՞ղ եք մանրամասնել, թե Սյունիքի մարզի համար ռազմավարական զարգացման ինչ հիմնական քայլեր եք ծրագրում ներառել:
-Չեմ կարող հիմա Ձեզ այսպես ներկայացնել մեր ռազմավարական ծրագրի մասին, միայն կարող եմ հայտնել, որ մեր ծրագիրը պատրաստվում է, շուտով այն պատրաստ կլինի, եւ կուղարկենք վարչապետին: Եթե հնարավոր լինի, այն նաեւ կհրապարակենք:
–Մինչ կազմվում են մարզերի ռազմավարական զարգացման ծրագրերը, մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին մի շարք համայնքների ղեկավարներ սկսել են վարկեր վերցնել, որպեսզի մարեն պետությանն ունեցած պարտքերը: Բանն այն է, որ բազմաթիվ գյուղերում մարդիկ չեն կարողացել համայնքին վճարել սերմանցուի կամ դիզվառելիքի գումարները, եւ ստիպված համայնքի ղեկավարներն են նրանց փոխարեն վարկ վերցնում, որպեսզի կարողանան այդ պարտքերը մարել: Սյունիքում նման խնդիր կա՞:
-Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու: Գյուղատնտեսության վարչությունը արդեն իսկ վերջացնում է իր առաջարկները, որը կընդգրկվի ընդհանուր այդ ծրագրի մեջ: Կրկնում եմ՝ մասամբ, այո՛, կան այդ խնդիրները:
-Որոշ մարզերից դժգոհություն հնչեց առ այն, թե վարչապետի հանձնարարականներն այնքան շատ են, որ մարզպետները անգամ ընդմիջում անելու ժամանակ չունեն, նրանք ճաշում են իրենց աշխատասենյակներում եւ շատ ուշ են տուն գնում։ Իսկապե՞ս այդքան ծանրաբեռնված եք:
-Իմ տեղը կարող եմ ասել, որ ես միակ մարզպետն եմ, որ փոխվել եմ, այո՛, ծանրաբեռնված եմ աշխատանքով, բայց ինձ վատ չեմ զգում: Պատրաստվում եմ կառուցվածքային փոփոխություններ անել մարզպետարանում օպտիմիզացնելու նպատակով: Այո՛, ես էլ եմ ուշ գնում, ինձ համար նորմալ աշխատանքային պրոցես է:
Քնար Մանուկյան