Արա Աբրահամյանը Մալիշկայի «դաբրոն» չստացա՞վ. ընտրություններին չմասնակցելու որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես որոշել եմ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին»- երկար «մտորումներից» հետո վերջապես նախօրեին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունենցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» ՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Նրա պարզաբանմամբ՝ իր մտափոխման պատճառը առաջացած առողջական խնդիրներն են:

Արա Աբրահամյանը երեկ չբացառեց, որ որեւէ քաղաքական ուժին կսատարի: ArmLur.am-ի այն հարցին` կա՞ն ուժեր, որոնց, այնուամենայնիվ, սատարելու եք, նա պատասխանեց, որ դեռ այդ մասին չի մտածել, սակայն եթե որեւէ կուսակցության ծրագիր իսկապես Հայաստանի զարգացմանը նպաստի, ապա նրան սատարելու որոշում կկայացնի: Ըստ էության, Աբրահամյանը «տակից» քաղաքականություն մտնելու հույսեր դեռ փայփայում է: Ինչեւէ: Սա դեռ թողնենք մի կողմ եւ հասկանանք, թե իրականում ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, որ վճռական Աբրահամյանը հետ կանգնեց իր որոշումից:

Տեղեկացնենք, որ նա երեկ որպես հիմնավոր պատճառ բերել է իր առողջական վիճակը, որը ինչքան էլ հիմնավոր, այնուամենայնիվ, կասկածահարույց է, քանի որ անցած ամիս տեղի ունեցած Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ (ԵԳՄՀ), երբ ամեն կերպ խուսափելով լրագրողների` քաղաքական թեմաներին առնչվող հարցերից` տեղեկացրել էր, որ այդ մասին կհայտարարի նոյեմբերին: Այսինքն` նա դեռ ինչ-որ բանի էր սպասում, որպեսզի նոյեմբերին հստակեցներ ու ինչ-որ նոր բան հայտարարեր: Իսկ եթե իսկապես առողջական խնդիրներն էին պատճառը, Աբրահամյանը դեռ այդ ժամանակ կարող էր հստակ հայտարարել` չեմ մտնում քաղաքականություն, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ: Ինչո՞ւ դա չարեց, այդպես էլ անհասկանալի է:

Հիմա փորձենք վերհիշել Աբրահամյանի ելույթները, որոնք, ի վերջո, պարզվեցին դատարկ խոսքեր էին` օդում թողած պղպջակի էֆեկտով:
Աբրահամյանը դեռեւս անցած տարի՝ հոկտեմբերի 14-ին, դարձյալ ԳԱԱ դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «աներկյուղ» հայտարարեց իր` Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու եւ կուսակցություն հիմնելու մտադրության մասին.« Ես որոշում եմ կայացրել, որ կարճ ժամանակում կազմեմ մի այնպիսի ծրագիր, որ կարող է օգնել հայ ազգին տնտեսական, քաղաքական, բոլոր խնդիրներով, եթե ես կազմեմ այդպիսի մի ծրագիր, ես, իհարկե, կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու համար ո՞ւմ «դաբրոն» ունի, Աբրահամյանը կատակեց, թե` «մալիշկեցիքի դաբրոն պիտի ունենամ»: «Երբ պիտի գայի Երեւան՝ սովորելու, գնացել էի, կոլխոզում աշխատել էի, եւ կոլխոզից գործուղում տվեցին, որպեսզի գամ, գյուղինստիտուտում սովորեմ: Հիմա պետք է գնամ, մեր գյուղացիների հետ խորհրդակցեմ՝ իրենք գործուղում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու, թե՞ ոչ»: Թե ինչ արդյունքներ եղան Մալիշկայից, այդպես էլ հանրության լայն շերտերի համար անհասկանալի մնաց: Բայց որ Մալիշկայի գյուղապետը ArmLur.am-ին ասել էր` դեռ պետք է ծրագրերը տեսնեն Աբրահամյանի ու նոր որոշեն, արդեն բավականին խոսուն իրավիճակ էր:

Ակնհայտ էր, որ Հայաստանում ծաղիկներով ու կարմիր գորգը փռած չէին սպասում Աբրահամյանի գալստյանը, ինչը նրան առավել ագրեսիվ դարձրեց: Ասուլիսից վեց օր անց, Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին` թե մի քանի ամսվա ընթացքում չի՞ կարող ինչ-որ մի բան պատահել, որ Ձեզ հետ կանգնեցնի այդ մտադրությունից, վստահորեն պատասխանել էր. «Որեւիցե բան չի կարող պատահել, որեւիցե ուժ չի կարող ստիպել: Ես այնպիսի բան չեմ անում, որ վախենամ, պետք է վախենան այն մարդիկ, որոնք ավելորդ խոսում են: Ինձ թվում է՝ կգա ժամանակը, ամեն մեկը իր պատասխանը կստանա: Տեսեք՝ ինչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինքը ինչ ասում է, ճիշտ չէ… »:

Թե ում էր նա ակնարկում, այդպես էլ անհայտ մնաց, բայց փաստ է, որ առողջական պատճառներով քաղաքական ամբիցիաներից հրաժարված գործչի այդ պատճառաբանությունն այնքան էլ «խելքին մոտ չէ», ի վերջո, նա չէր կարող ամիսներ շարունակ, նույնիսկ մեկ ամիս առաջ չիմանալ, որ ինքը վատառողջ է: Եվ հանկարծ երեկ հայտանաբերեց, որ առողջությունը չի ներում քաղաքական դաշտ մտնելու համար:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքական դաշտից «դուրս հրավիրվեց» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա էլ հեռացավ` իր կամքից անկախ:

Հ. Գ. Արա Աբրահամյանը հիմա ջերմ հարաբերություններ ունի ինչպես նախկին ՕԵԿ-ի հետ` ի դեմս Արթուր Բաղդասարյանի, այնպես էլ «Համախմբում» կուսակցության հետ` ի դեմս Վարդան Օսկանյանի: Իսկ նրա երեք եղբայրները` Արմենը, Սերգեյը եւ Գագիկը, նախորդ գումարման խորհրդարանում 3 տարբեր խմբակցություններում էին. առաջինը` ԲՀԿ, երկրորդը` ՕԵԿ, երրորդը` ՀՀԿ: Տեսնենք` 2017-ին Աբրահամյան եղբայրների ճակատագիրն ինչպես կդասավորվի:

Վահագն Հակոբյան




Լրահոս