ԱՊԱՇՆՈՐՀ ԺՊ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԴԱՀԿ ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում: ԴԱՀԿ գործելաոճից քաղաքացիների ավելացող բողոքների մասին բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետը:
Կառույցի ներսում եւս մթնոլորտը խաղաղ չէ: Վերջին օրերին ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաեւ ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլես չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետեւանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը եւ այլք: Մարդիկ, որոնք մշտապես տարբեր ղեկավարների հետ աշխատել են համակարգում:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեթեւ ձեռքով արդարադատության ավագ լեյտենանտից «թռնելով» փոխգնդապետի կոչում ստացած Արմեն Հարությունյանը կարծես թե չի ընկալում ծառայության նշանակությունը: Նա մինչ օրս չի մեկնաբանել, թե ինչպես է օրենքը շրջանցելով՝ բազմել ԴԱՀԿ պետի «գահին» եւ օրինախախտ իր գործունեությունը շարունակում է: Թեեւ ըստ ԴԱՀԿ ծառայության մասին ՀՀ օրենքի՝ ԴԱՀԿ բաժնի պետի պաշտոնում չի կարող նշանակվել ավագ լեյտենանտի կոչում ունեցողը, այնուամենայնիվ, ԺՊ Արմեն Հարությունյանը միջազգային հարաբերությունների բաժնի պետի պաշտոնում նշանակել է հե՛նց ավագ լեյտենանտի կոչում ունեցող աղջնակի…
Թերեւս ժամանակն է, որ անդադար բարեփոխումներից խոսող ՀՀ իշխանությունը խոսքերից անցնի կոնկրետ գործողությունների, որպեսզի ճիշտ մարդիկ իրենց ճիշտ տեղում հայտնվեն, այլ ոչ թե ժամանակավրեպ «ժամանակավոր պաշտոնակատարները» մեզ իշխեն:

 

 
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին: Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ եւ համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արեւմտյան ուղղությունը եւ ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը: Մեր տեղեկություններով` առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել` ինչ է ենթադրում հրամանագիրը: «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է: Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ: Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,- հայտնեցին ՊՆ-ից:

 

 
Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են: Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» եւ «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ: Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի եւ կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը եւ հեռանալ: Բա ասում էին՝ բիզնես չի՞ խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձեւով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով:

 

 
«Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից տեղեկանում է, որ վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 10 մլն 400 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար: Փաստորեն Հայաստանի պետական պարտքն աճում է ամեն ամիս: Ի դեպ, Հայաստանի պետական պարտքի 4 մլրդ 44 մլն 600 հազար դոլարը միայն արտաքին պետական պարտքն է: Այսինքն` այս գումարները վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Իսկ Հայաստանի արտաքին պարտքը մեկ ամսվա ընթացքում 41 մլն դոլարով նվազել է, ներքին պարտքը կազմում է 1 մլրդ 63 մլն 300 հազար դոլար, որը գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից:

 

 
ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ
Նախորդ գիշեր հայտնի դարձավ, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը ձերբակալվել է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու պահին: Ռուսական աղբյուրների տեղեկացմամբ՝ Ուլյուկաեւը ավելի քան 1 տարի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, եւ հայտնի է, որ կաշառքը կորզվել է սպառնալիքների միջոցով: Երեկ արդեն պաշտոնանկ արված Ուլյուկաեւի նկատմամբ սահմանվեց տնային կալանք: Հայաստանյան իրականությունում տարիներ առաջ եւս նմանօրինակ մի պատմություն եղավ: Ընդ որում, խոսքը դարձյալ 2 միլիոն դոլար կաշառքի մասին էր, որը եւս փորձ էր արվել ստանալ սպառնալիքների միջոցով: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ սկանդալային այդ պատմության առանցքում նույնպես նախարար էր՝ ՀՀ բնապահպանության այն ժամանակվա նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Տարբերությունը միայն այն էր, որ նախարարի կողմից կաշառք պահանջելու մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ ոչ թե հայրենի իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում, այլ այն ընկերության ղեկավարի ահազանգերի հետեւանքով, որից որ այդ գումարը պահանջվել էր: Իհարկե, հետագայում հայրենի իրավապահ համակարգը բարեհաջող կերպով «ջրեց» այդ գործը, ինչից հետո բանը հասավ միջազգային ատյաններ, որտեղ էլ այն անհասկանալի հանգուցալուծում ունեցավ: Համենայն դեպս, հանրությանն այդպես էլ թափանցիկ եւ սպառիչ կերպով չներկայացվեց, թե ինչու այդ պատմության հետ կապված որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Եթե առկա էր կաշառք վերցնելու կամ պահանջելու փաստ, ինչու չդատվեց նախկին նախարարը, իսկ եթե օտարերկրյա ընկերության սեփականատերը զրպարտում էր նախարարին, ինչու վերջինս պատասխանատվության չենթարկվեց:
Նույն ՌԴ-ում, որի կառավարման համակարգը մեզանում այսքան քննադատվում է, այնուհանդերձ եղել են «խոշոր ձկներին» բռնելու դեպքեր: Հիշենք թեկուզ ՌԴ նախկին ՊՆ նախարարին: Մինչդեռ Հայաստանում, որի ղեկավարը հայտարարում է եվրոպական մոդելի պետություն դառնալու հավակնությունների մասին, այդպես էլ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում: Հիշեցնենք թեկուզ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ կապված հայտնի «օֆշորային» սկանդալը: Վերջիններս անգամ չեն հարցաքննվել այդ գործի շրջանակներում: Մինչ օրս հայտնի չէ, թե քրեական գործում ինչ կարգավիճակ ունի «օֆշորների» սիրահար մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Այս ցանկը, ցավոք, շատ երկար է, եւ քանի դեռ այն փոքրացնելու ուղղությամբ գործուն, տեսանելի քայլեր չեն արվել, իշխանության կողմից ամենակարեւոր նախաձեռնությունն անգամ կասկածի տակ է դրվելու: Եվ պետք չէ զարմանալ եւ մեղադրել հանրությանը, թե չեն ցանկանում ամսական 1000 դրամ վճարել բանակին: Մարդիկ պարզապես չեն ցանկանում վերստին «քցված» լինել եւ հույսը դատախազի փոխարեն դնել միայն Աստծո վրա:




Լրահոս