Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:

Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման մթերքը ռիսկային համարելով՝ անդրադարձել է ոլորտին բնորոշ հիմնական բացթողումներին ու հնարավոր խախտումներին: Նա ընդգծել է, որ խնդիրների անտեսումը բերելու է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման՝ առանց վերապահումների ու տարբերակումների, հավասարապես բոլոր անբարեխիղճների համար:

«Մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, մասնագետներ տրամադրել, որպեսզի արտադրական շղթայում գտնեք բացթողումները: Դուք էլ կարող եք օգտագործել այս հնարավորությունը և վերահսկող կառույցին ներկայացնել այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մսամթերքի արտադրության ոլորտում ունենալ ցանկալի որակ: Կարծում եմ՝ մեզ համատեղ կհաջողվի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսամթերքով: Սա մեր թիվ մեկ խնդիրն է», – ասել է ոլորտի գլխավոր պատասխանատուն:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկաներին ծանոթացրել է ոլորտին ներկայացվող բոլոր պահանջներին՝ այդ թվում և ԵԱՏՄ-ի կողմից սահմանված: Նա առանձնացրել է հատկապես հումքի մթերմանը, արտադրական պրոցեսում օգտագործվող սննդային հավելումներին, հիգիենային, մակնշմանը, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նշել, որ, տնտեսավարողներին աջակցելու նպատակով, Ծառայության կողմից մշակվել է մսամթերքի արտադրության ոլորտում Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP համակարգի, ներդրման ուղեցույց: Բանախոսը խիստ կարևորել է տնտեսավարողների կողմից սեփական լաբորատորիաներ հիմնելու անհրաժեշտությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն հավատարմագրված լաբորատորիաների հետ պայմանագրի կնքումը: Խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:

Հանդիպման ավարտին Ծառայության պետ Ի. Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն ՍԱՊԾ-ն շուրջ 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ դիտարկում, մշտադիտարկում և ստուգում է իրականացվում՝ այդ թվում և 8 մսամթերք արտադրողների մոտ՝ «Մարիլա», «Նատֆուդ», «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» և «Նատալի Ֆարմ» ընկերություններում: «Ոլորտում լուրջ փոփոխություններ ենք կատարելու: «Կառավարության որոշմամբ՝ որոշ ժամանակ հետո կենդանիների մորթը բացառապես սպանդանոցային պայմաններում է իրականացվելու՝ էականորեն նվազեցնելով առկա ռիսկերը»,-եզրափակել է ՍԱՊԾ ղեկավարը: Մսամթերք արտադրողներին որոշակի ժամկետ է տրվել՝ արտադրական գործընթացն ամբողջությամբ սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:




Լրահոս