«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: 1in.am-ի հետ զրույցում Սեդրակյանը նշել է, թե դեմ է դաշինքներին:
ArmLur.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանը նշեց, որ դա տիկին Սեդրակյանի անձնական որոշումն է, և իրենք բացի հարգելուց այլ բան չեն կարող անել: «Մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է իր կարծիքն արտահայտել: Դա իր անձնական որոշումն է, մենք հարգում ենք այն, իսկ համատեղ գործունեությունից շատ շնորհակալ ենք», – նշեց նա:
Հարցին` կուսակցությունում կան դաշինքներին դեմ այլ մարդիկ, ովքեր ևս կուսակցությունից դուրս գալու որոշում են կայացրել, նա նշեց, որ այս պահին հնարավոր դաշինքների մասին խոսելու համար շատ վաղ է, քանի որ կուսակցությունը քննարկում է անցկացնում միայն, և դա շատ բնական է, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններ են: Անժելա Խաչատրյանը նաև նշեց, թե բացի Սեդրակյանից, կուսակցությունից դուրս գալու ցանկություն հայտնողներ չեն եղել: