Մենք` որպես հաղթող կողմ, որեւէ թեմա չունենք, մեզ պետք չէ նախապատրաստել խաղաղության. Անուշ Սեդրակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

-Տիկի՛ն Սեդրակյան, կարծես թե քաղաքական բոլոր նախապայմանները կան մասշտաբային մտքեր գեներացնելու, ծրագրեր իրականացնելու համար: Այս առումով նկատելի՞ են իշխանության ջանքերը, արդյոք իշխանությունն ունի՞ հասարակության կողմից ընկալելի քաղաքական օրակարգ:

-Դե, հասարակության կողմից ընկալելի քաղաքական օրակարգը այն էր, որ հները պիտի գնան, քանի որ նրանք գող են ու ավազակ, եւ էդ օրակարգը իներցիայով շարունակում է աշխատել: Զուգահեռ այդ իներցիոն հոսանքի ձեւավորվում է, այսպես կոչված, Հայաստանի սակավաթիվ պրագմատիկների հոսանքը, որը պահանջում է նոր որոշակի սխեմա: Եթե պետության կառուցումն է կատարվում, ապա բոլոր հատվածները պետք է սինխրոն աշխատեն, բայց ահա այդ սինխրոնիզացիան առկա չէ: Տեսե՛ք, եթե նույնիսկ լավ քայլերը կատարվում են, դա կատարվում է կոնտեքստից դուրս: Երբ այդ սխեման մենք ենթադրաբար անվանում ենք, հանդես է գալիս պարգեւատրումների տխրահռչակ թեզը, որ ոչ մի կերպ չի կարելի համարել պետական միջոցների խնայողություն: Այդ չսինխրոնիզացված շարժումը պետական ապարատի համար կործանարար է: Երբ իշխանությունից պահանջում են ու ստանում են ճառեր, այստեղ արդեն խզում է առաջանում:

-Իշխանությանը կառուցողական դաշտ մղելու առումով արտախորհրդարանական ընդդիմություն կոչվածն առավելապես պարզունակ դիմադրություն է ընկալվում: Նշմարվո՞ւմ են իշխանության վրա ներգործելու իրական լծակներ:

-Արտախորհրդարանական ընդդիմությունը բաժանվում է երեք խմբի. առաջինը նախկին իշխանություններն են, երկրորդը էքսպերտներն են եւ կան տոտալ նիհիլիստներ, որոնք քիչ թիվ են կազմում: Հակահեղափոխական էքս դիկտատորի դրոշի տակ չեն գնա էքսպերտները եւ նիհիլիստները եւ հակառակը: Կամա թե ակամա, ներկայիս իշխանությունները հայտնվում են միանձնյա ավտորիտար իշխանություն տնօրինողի դիրքում: Մենք ունենք արեւմտյան գաղափարների տակ միավորված բացարձակ ռուսական լոյալ խորհրդարան, մենք դարձյալ չունենք արեւմտական քաղաքակրթական թեման առաջ քաշող խորհրդարան, ունենք սերժամերժ, բայց ոչ պուտինամերժ խորհրդարան:

-Բայց չէ՞ որ խորհրդարան են եկել տարբեր արեւմտյան կազմակերպություններից եւ, կարծես թե, արեւմտյան արժեքներ դավանող քաղաքացիական ակտիվիստներ:

-Թո՛ւյլ տվեք վստահաբար ասել, որ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դոնորային գումարների վրա նստածների ուղիղ հիսուն տոկոսը ռուսական ազդեցության գործիչներ են: Մարդիկ հանդես էին գալիս ռուսական ռազմաբազայի դեմ, գազի պայմանագրի դեմ զուտ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ն էր: Ես թերթեր գիտեմ, որոնք ստանում են արեւմտյան գրանտներ, բայց ոգեւորված գրում են, որ Ասադը Դեր Զորում հայկական եկեղեցի պիտի վերակառուցի: Բոլորի կողմիցդեմոնիզացված եւ միայն Պուտինի կողմից ընդունված Ասադը դառնում է Հայաստանի` գրանտ ստացող մամուլի հրճվանքի առարկան: Այդ բոլոր մարդիկ, որոնք Արեւմուտքում կրթություն են ստացել կամ Արեւմուտքից դրամաշնորհներ են ստացել, բնավ չի նշանակում, որ կրում են արեւմտյան արժեքային համակարգը, ունեն այն պաշտպանելու ցանկություն:

-Վերջերս շրջանառվում է հակամարտության կողմերի ժողովրդին «խաղաղության նախապատրաստելու» թեզը: Տարածաշրջանային տարբեր շահերի բախման համատեքստում ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը:

-Մենք` որպես հաղթող կողմ, որեւէ թեմա չունենք, մեզ պետք չէ նախապատրաստել խաղաղության, մեզ կարող են նախապատրաստել միայն պոտենցիալ պարտության` այն հրամցնելով իբրեւ խաղաղություն: Ադրբեջանը դիկտատուրա է, եւ երբ բախվում են դեմոկրատիան եւ դիկտատուրան, դեմոկրատիան պետք է շատ կայացած լինի, որպեսզի հաղթի դիկտատուրային, իսկ մենք այդպիսին չենք ներկա դրությամբ:

-Հայաստանի կապիտալի ստվար զանգվածի օրինականությունը հասարակությունը չի ընդունում: Այդ ոչ լեգիտիմ կապիտալը իր պաշտպանությունն է որոնում այլ երկրներում: Սա ոչ միայն տնտեսության զարգացման, այլեւ անվտանգային խնդիրներ է առաջացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Տեսե՛ք, Ուկրաինայի գազատարի մեջ մեծ փայաբաժին ունեին ռուսները: Ուկրաինան հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, սա արդեն մե՛ր գազատարն է: Եթե դու անում ես հեղափոխություն, բայց գազատարդ ում պատկանել է, այնպես էլ պատկանում է, բաշխիչ ցանցերը, ատոմակայանը.. գտնվում են ոչ թե ստրատեգիական դաշնակցի, այլ լատենտ թշնամու կամ խառնակչի ձեռքում, դու արդեն հնարավորություն չունես իրացնել քո լավագույն ցանկությունները: Ես հասկանում եմ, որ կապիտալը ներսում աշխատացնելու միտումով է, որ նույն օլիգարխները հանկարծակի դարձան ազնիվ սեփականատերեր: Որպեսզի այդ կապիտալն աշխատի հանուն Հայաստանի բարօրության, դա չպիտի լինի առեւտուրի կապիտալ, դա պիտի լինի գաղափարների, նոր արտադրությունների, հայտնագործությունների կապիտալ, որ համաշխարհային մակարդակով կարողանա աշխատել ու փող բերել: Թռիչք անելու համար պետք է ուրիշ տիպի կապիտալ, որի զարգացման ուղենիշները ես, ցավոք, չեմ տեսնում:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս