Գլխավոր դատախազի համարձակությունը կասկածի տակ է դրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնաթող գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ՊՆ որոշ գեներալների ապօրինի հարստացմանն ու բանակից գողություն անելու լուրերին, ամբիոնից հայտարարեց. «Ըսկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղի՞ց տամ: Վայ դրանց հերը պիտի անիծվի, դրանք պիտի պատժվեն, Աստված կպատժի»: Այսպիսով, երկրի թիվ մեկ ամբիոնից պատգամավորը կասկածի տակ դրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համարձակությունը ու պաշտոնական պարտականություններն իրացնելու կարողությունը` հույսն Աստծո վրա դնելով: Գեներալ-պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազին հորդորել էր ՊՆ-ում կատարվող գողությունների հետքերով գնալ եւ «ճշտել»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ կհետեւի արդյոք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորի խորհրդին: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ տեղեկացրին. «ՀՀ գլխավոր դատախազությունը գործում է իր լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները: Դատախազությունը իրավական հիմք չպարունակող քաղաքական հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում»:

Միանշանակ, գովելի է, որ դատախազությունում գիտակցում են իրենց լիազորությունները, բայց փաստ է, որ հայտարարվեց վախի մասին, ինչը որեւէ առարկայական քայլով դեռ չի հերքվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս