1000 ԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները թալանչի են, եւ նրանք կշարունակեն թալանել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն ունեն:

Մյուս կողմից անհրաժեշտ է, որ զոհված զինծառայողի ընտանիքն արժանապատիվ նպաստ ստանա, անհրաժեշտ է, որ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինվորն արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է այսօր, այսինքն՝ թալանչի իշխանությունների առկայության պայմաններում: Մենք չենք կարող սահմանին կանգնած զինվորին ասել, որ գիտես ինչ, եթե դու վիրավորվես, ապա արժանապատիվ չես ապրի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չի հաջողվել այս թալանչիներին իշխանությունից հեռացնել: Մեր զինվորն այսօր կանգնած է ճակատում: Պատերազմը ոչ թե տեսական սպառնալիք է, այլ առկա իրողություն: Այն հասարակությունը, որն իր անզորությամբ արդեն ավելի քան քսան տարի հանդուրժում է թալանչի իշխանությունների գոյությունը, բարոյական իրավունք չունի իր կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած զինվորին կամ նրա հարազատներին զրկել արժանապատիվ ապրելու հնարավորությունից:
Ուզում եք, որ թալանը դադարի, մերժեք ձեր շրջապատի այն մարդկանց, որոնք զբաղված են քվեներ ապահովելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, վերածնված ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, վերջիններիցս պոկված ու համախմբված տարբեր խմբակների համար: Յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ իշխանական համակարգի համար քվեներ ապահովելու գործին լծվում է մինչեւ 100 հազար մարդ: Նրանք ինչ-որ մեկի հարազատն են կամ հարեւան-ծանոթը: Եթե նրանք հասարակության կողմից մերժված լինեին, ապա այդ քայլին չէին գնա: Գյումրիի եւ Վանաձորի ձեր քանի բարեկամին եք համոզել, որ ձայն չտան թալանչի ՀՀԿ-ի, նրանց բուծած խաղամոլ, կամ օգնության կաթի փոշով հարստացած, իրեն քվե չտալու համար մարդուն քացու տակ գցող կրիմինալ թեկնածուներին:
Չեք զայրանում, չէ՞, երբ որեւէ ծանոթ արտաբերում է. «Ով էլ լինի, նույնը կլինի, բան չի փոխվի»: Բայց պետք է, որ զայրանաք: «Ով էլ լինի, նույնը կլինի, բան չի փոխվի» ասողը հենց այդ պահին ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ ձեզ եւ ազնիվ աշխատանքով ապրող ձեր հարազատներին, հարեւան-ծանոթներին մեղադրում է պոտենցիալ թալանչի եւ անբարոյական լինելու մեջ:
Նախընտրական գործընթացները բուռն զարգանում են: Իշխանությունները եւ նրանց սպասարկուները սկսել են տասնյակ միլիոններ ծախսել իրենց վերաարտադրությունն ապահովելու համար: Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում իշխանությունների թալանչիության դեմ իբր թե պայքարող որոշ կեղծ ընդդիմադիրներն արդեն ձեռքերն են շփում, որպեսզի այդ գումարներից իրենց բաժինը պոկեն, որ հետո նորից բողոքեն իշխանությունների թալանչի լինելուց:
Ուզում եք, որ այլեւս իշխանությունները չթալանեն, ուրեմն դադարեք հողմաղացների դեմ պայքարելուց եւ յուրաքանչյուրդ Ձեզ մի հարց տվեք՝ դուք ինչ կարող եք անել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թալանչիների վերարտադրությունը թույլ չտալու համար: Երբ ձեր հարցի պատասխանը կունենաք, համեցեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ (Սայաթ-Նովա 6), մենք ընդհանուր գործ ունենք անելու՝ թույլ չտալ թալանչի իշխանությունների վերարտադրությունը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության վարչության անդամ

 

 

 
2 ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս կառավարության նիստում հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ նշելով, որ հանրապետության յուրաքանչյուր բնակավայր պետք է հանրային տրանսպորտի ուղերթներով կապվի Հայաստանին: 2014թ. հոկտեմբերից ի վեր՝ ավելի քան 2 տարի, սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում: Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար դրամով, իսկ ահա միկրոավտոբուսը նախկինում դա անում էր 2000 դրամով: Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն, այնուամենայնիվ, միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե տաքսիստները գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին: Մինչդեռ հայտնի է, որ շատ գործազուրկներ հիմա տաքսի են քշում, հարկային տեսչությունն էլ խուսափում է նրանց հարկային դաշտ բերել: Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի ժամը ստույգ էր: Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն կարողանում գործերը հասցնել: Ե՞րբ վերջ կդրվի Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումների գործընթացում առկա բարձիթողի վիճակին, ե՞րբ կգործի ավտոբուսային կամ միկրոավտոբուսային երթուղին: Հարցը հռետորական չէ եւ ուղղված է տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՈՒՐԱՆ ՈՐՈՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գետիկ մայնինգ քոմփանի» ընկերությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա սեպտեմբերի 27-ի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Այժմ ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված:

Տեղեկացնենք, որ գործով կառավարիչ է նշանակվել Սոֆյա Դավթյանը: Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության պետական պարտքը կազմում է 500 հազար դրամ, իսկ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության հանդեպ ունեցած պարտքը՝ մոտ 13 մլն 140 հազար դրամ: Նշենք, որ այս ընկերությանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարարությունը լիցենզիա է տրամադրել Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի միջին հոսանքում պղնձի հանքերեւակումների երկրաբանական ուսումնասիրություն անցկացնելու համար:
ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ ունի 5 հիմնադիր. «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն, Իտալիայի քաղաքացիություն ունեցող Սերգիո Դի Ջովանին, Ավստրալիայի քաղաքացի Սիմոն Ջեյմս Քլեղորնը, ԱՄՆ քաղաքացի Ֆրանկ Անտոնի Պաստորինոն եւ ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը: Ի դեպ, «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ընկերության 80 տոկոս բաժնեմասը պատկանում է «Գլոբալ գոլդ մայնինգ»-ին:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի եւ ընդդեմ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, 37.5 մլն դոլարի վճիռ էր կայացրել: Իսկ Վարդան Այվազյանն էլ, այս վճռի դեմ իր անհամաձայնությունը հայտնելով, պարզաբանել էր, թե ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ինքը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը զրկել էր ընդերքի օգտագործման լիցենզիայից՝ աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու համար: Սակայն հետո պարզվել էր, որ ընկերությանը հատկացված Հանքավանի եւ Մարջանի հանքավայրերը շահագործման էին հանձնվել այլ ընկերության:
«Գետիկ Մայնինգ քոմփանի» ընկերությունը Գետիկում երեք տարի ուսումնասիրությունների համար հատկացրել էր 1 մլն դոլար: Այդ աշխատանքներն իրականացվում են բնապահպանության նախարարության տված լիցենզիաների, նախարարության հաստատած նախագծի եւ ՀՀ օրենսդրության համաձայն: Սակայն ընկերությունը ընդհատել է ուրանի ուսումնասիրությունը, հարկային պարտավորություններ կուտակել ու սնանկացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս