ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, պետք է տեղի ունենար կառավարության հերթական նիստը, որը, սակայն, հետաձգվել է, կկայանա այսօր: Սովորաբար ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց են հավաքվում մի շարք քաղաքացիներ եւ բարձրաձայնում են իրենց խնդիրները՝ ակնկալելով, որ դրանք կստանան լուծումներ: Երեկ կառավարության նիստ չկար, բայց կային պահանջատեր քաղաքացիներ՝ «սարիթաղցիները», «նաիրիտցիները», «հաշմանդամ օդաչուները» եւ այլք:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Երան Հակոբյան (29 տարկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք՝ համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով՝ միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները Հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով, իրենց ընտրությամբ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքում է անուիտետը պարտադիր բնույթ կրում:
Նարինե Հովհաննիսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ն. Հովհաննիսյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ եթե անձի կուտակային միջոցների ամսական գումարը, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում, մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, ապա մասնակիցը պարտավոր է ընտրել որեւէ ապահովագրական ընկերություն եւ նրա հետ կնքել անուիտետի պայմանագիր:
Այդ նպատակով մասնակիցը պետք է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնի դիմում («Իմ հաշիվը» ինտերնետային էջի կամ հաշվի օպերատորի միջոցով): Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Կուտակային միջոցները ստանալուց հետո, անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում եւ պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր կնքելիս դրանում նշվում են անուիտետի տեսակը, մասնակցի՝ կենսաթոշակառուի տարիքը, ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը, վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը, ապահովագրական ընկերության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար եւ այլ էական պայմաններ: