Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մշտական կապի մեջ է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի և Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հարցում առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքե¬նաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365 հազար դրամ: 2016թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց:

Սփյուռքի նախարարության կողմից նախապատրաստվել և ընթացք է տրվել ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու գործընթացում առաջին անգամ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում հանձնելու՝ ՀՀ կառավարության որոշման գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին:
Նախարարը նշեց, որ 2016-2017թթ. ուսումնական տարում նույնպես սիրիահայ ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ֆինանսավորմամբ:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության կազմը համալրվել է 4 հրավիրյալ մասնագետներով, որոնց տեխնիկական ապահովումը և աշխատավարձերի փոխհատուցումը ֆինանսավորվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց նաև, որ բանակցություններ են ընթանում Քուվեյթի և Չեխիայի պետությունների հետ Հայաստանում սիրիահայերի համար սոցիալական բնակարաններ կառուցելու ուղղությամբ:
2016թ. ծրագրերի ընթացքի մասին հաշվետվություն ներկայացրեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսեսսյանը: Նա նշեց, որ իրենց կառույցի ուշադրության կենտրոնում են և իրենք հավասարապես օգնում են և՛ Սիրիայից հեռանալ չցանկացող, և՛ Հայաստան տեղափոխվող, այստեղ հաստատվել ցանկացող սիրիահայ ընտանիքներին: «Սիրիահայերի օգնության կազմակերպման ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ մենք ակտիվ համագործակցում ենք Սփյուռքի նախարարության հետ», – հավելեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի ներկայացուցիչը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնակի գոհունակությամբ անդրադարձավ այն փաստին, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը մշտապես աջակցում է նախարարությանը՝ սիրիահայերի Հայաստան տեղափոխության հարցերում:
Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց՝ սիրիահայերին ուղղորդումը զբաղվածության կետրոններ կազմակերպել առավել հասցեական և կենտրոնացված եղանակով:

Սիրիահայերի հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նշվեց, որ հնարավորինս հեշտացվել է Հայաստանի ուսումնական հաստատություններում սիրիահայ երեխաների ընդունելությունը, իսկ սիրիահայ ուսանողների ուսումնական վարձերի չափը հավասարեցվել է հայաստանցի ուսանողների վարձերի չափին: Տիկին Հովհաննիսյանը հավելեց, որ սիրիահայ դպրոցականներն ակտիվ մասնակցում են դպրոցական և համադպրոցական օլիմպիադաներին, զբաղեցնում մրցանակային տեղեր:
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ կրթական ոլորտում սիրիահայերի ինտեգրումը կարելի է հիմնականում ավարտված համարել:
Հայ օգնության միության սիրիահայերի օգնության 2016թ. ծրագրերի ընթացքը ներկայացրեց ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը: Նա զեկուցեց կառույցի կողմից իրականացված մի շարք խնամատարական օժանդակությունների, սիրիահայերին տաք հագուստ, ձմեռային կոշիկներ տրամադրելու, սիրիահայերի ձեռքի աշխատանքներից ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու մասին:




Լրահոս