Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով հաջորդ տարի կնշի իր 80-ամյակը, մինչեւ հիմա չունի իր ստեղծագործությունների ալբոմը:
Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ դիմել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` խնդրելով, որ հաջորդ տարվա բյուջեից որոշակի գումար հատկացնեն իրեն` ալբոմի ստեղծման համար. «Չգիտեմ` ինձ կօգնեն, թե պետք է գնամ, հովանավորներ ճարեմ: Վերջին օրերս պարբերաբար լսում եմ նախարարի ելույթներն ու մի բան եմ նկատել. նա մեծ տեղ է տալիս փառատոներին, տարբեր միջոցառումների, որոնք անցողիկ բնույթ են կրում, որոնք կգան ու կգնան, բայց պետք է ուշադրություն դարձնել նաեւ կերպարվեստի խնդիրներին. կոնկրետ դեպքում մնայուն գործերի ամրագրման, առանձին ստեղծագործողների աջակցելու անհրաժեշտություն կա»,-շեշտեց նա:
Քանդակագործը, անդրադառնալով նախարարի` մշակույթի ոլորտի առաջնահերթություններին առնչվող ելույթներին, նկատեց, որ դրանց ընթացքում պարոն Ամիրյանը հաճախ է կարեւորում զբոսաշրջիկներին մեր մշակույթով գրավելու հանգամանքը. «Ստացվում է, որ մեր ամբողջ արվեստը տուրիստների համար է: Հասկացանք` զբոսաշրջիկներին պետք է գրավել, բայց հո նրանց համա՞ր չենք ապրում եւ աշխատում. մենք պատմություն ենք ստեղծում: Մովսես Խորենացին զբոսաշրջիկների մասի՞ն է մտածել, որ հայոց պատմությունը գրել է, կամ Մարտիրոս Սարյանն իր կտավները ստեղծելիս դրա՞ն է առաջնահերթություն տվել»:
Նա, վերադառնալով իր ոլորտի խնդիրներին, ընդգծեց, որ այսօր արվեստագետները պետական պատվերներ հազվադեպ են ստանում. «Նախկինում` խորհրդային տարիներին, պետությունը քանդակագործին մի աշխատանք էր պատվիրում` կոնկրետ թեմատիկայով, արդյունքում կապիտալ գործ էր ստեղծվում: Հիմա այս միտումը չկա: Ավելի ուշ էլ, երբ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր, Հայոց ցեղասպանության թեմատիկայով քանդակ պատվիրեց, եւ ես կերտեցի Մեծ Եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձանը, երբ նա տեսավ աշխատանքը, երեխայի պես արտասվեց (2011-ին հուշարձանը կանգնեցվել է Էջմիածնում): Այսօր նման պատվերներ չկան: Թող պետությունը պատվիրի, մենք էլ նստենք, տարիներով աշխատենք: Թե չէ ստիպված տանում, մեր աշխատանքներն առաջարկում ենք փողատերերին, նրանք էլ մեզ իրենց ճաշակն են թելադրում, դիսոնանս է ստեղծվում: Բայց արվեստագետն էլ մարդ է ու պետք է ապրի, չէ՞»:
Պարոն Թոքմաջյանը, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր նաեւ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, շարունակելով իրենց բնագավառի խնդիրների թեման, մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ նկարիչների միության դահլիճը, որը միության անդամներին ցուցահանդեսների համար նախկինում տրվում էր անվճար, այժմ արդեն տրվում է վճարովի հիմունքով (Լեւոն Թոքմաջյանը 1969-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է):
Մենք պարոն Թոքմաջյանից հետաքրքրվեցինք նաեւ` ինչ կարծիք ունի նա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության կողմից մշակվող պահպանական գոտու նոր օրենսդրական փոփոխությունների նախագծի մասին: Նշենք, որ օրինագծի դրույթներից մեկի համաձայն՝ 100 տարին լրացած ցանկացած շենք կդիտարկվի որպես պատմամշակութային հուշարձան. «Թե որ շենքն է հուշարձան եւ որը` ոչ, պետք է որոշեն այն մարդիկ, որոնք իրենց կյանքում ոլորտին առնչվող մի արժեքավոր բան են արել: Ես ծնվել-մեծացել եմ Բուզանդի փողոցում, տասը տարի անց այնտեղ գտնվող որոշ շենքեր կդառնան 100 տարեկան, բայց քարուքանդ են եղել, իսկ այն շենքերը, որոնք իրոք քանդման ենթակա են, չեն քանդվում: Եվ հետո` ի՞նչ է նշանակում` 100 տարին լրացած… Միայն տարիքը չէ, որ որոշում է շենքի ճարտարապետական արժեքը, կամ այն, թե ինչպես է այն նայվում իր միջավայրի մեջ. դա անհեթեթություն է»,-եզրափակեց քանդակագործը:
Աննա Բաբաջանյան