Օրերս լրատվամիջոցներն ահազանգեցին, որ ուրբաթ օրը փարիզյան աուկցիոններից մեկում պետք է կայանար աճուրդ, որի ընթացքում վաճառքի էր հանվելու հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող միանգամից 168 նմուշ («Ժողովուրդ»-ը կփորձի առաջիկայում աճուրդի մասին նոր մանրամասներ հայտնել): Դրանց թվում են` Թորոս Սարկավագի 4 մինիատյուրաները (13-րդ դար), Սարգիս Ճգնավորի «Նարեկացի» հմայիլը, Հովհաննես Այվազովսկու 3, Մարտիրոս Սարյանի 13 գործ, Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Երվանդ Քոչարի, Մինասի, Արշիլ Գորկու, Էդգար Շահինի, ինչպես նաեւ` 18-19-րդ դդ օսմանյան կայսրության հայ նկարիչների կտավները, 16-18 դդ հայ վարպետների մի շարք կենցաղային եւ դեկորատիվ իրեր` փորագրված վարպետի եւ տիրոջ անուններով, նաեւ ժամանակակիցների գործեր: Այս շարքը դեռ երկար կարելի է թվել:
Մենք չենք կարող միանշանակ նշել, որ այս կտավներն իրական են, կեղծված չեն, սակայն ոչ մի երաշխիք չունենք պնդելու նաեւ հակառակը: Եթե այս կտավներն իրական են, հարց է ծագում` ինչ են մտածում այս իրողության վերաբերյալ մշակույթի նախարարությունը, Մատենադարանի եւ մյուս թանգարանների տնօրինությունը: Կամ արդյո՞ք վերջիններս որեւէ անելիք չունեն, եթե նույնիսկ այդ կտավները կեղծ են:
Ո՞ւմ թույլտվությամբ եւ ի՞նչ ճանապարհներով են արվեստի այդ նմուշները հայտնվել աճուրդում: Այս եւ մյուս հարցերով «Ժողովուրդ»-ը կդիմի պատկան մարմիններին եւ կներկայացնի նրանց մեկնաբանությունը, իսկ մինչ այդ զրուցել ենք արվեստի քննադատ, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ:
Մենք հարցրինք` ինչ պետք է անի պետությունը, որպեսզի այդ արժեքները չկորցնի, կամ եթե նույնիսկ պարզվի, որ կտավները կեղծ են, ինչ է հարկավոր ձեռնարկել պետական մակարդակով. «Եթե հարցը դիտարկենք իրավական հարթության վրա, ապա չեմ պատկերացնում, թե պետությունն ինչ կարող է անել:
Պատկերացրեք` ինչ-որ մեկը Սարյան է կեղծել, հետո այդ կեղծ նկարը հայտնվել է չգիտես ում մոտ, ապա` աճուրդում, պետությունն ի՞նչ պետք է անի. կեղծիքի մասին պարզելը նրանց խնդիրն է, ովքեր գործարքի մեջ են մտնում: Սա այն դեպքում, եթե խոսքը հանրային հավաքածուին չի վերաբերում, եւ նմուշը պատկանում է անհատի: Ուրիշ բան, եթե հարցը դիտարկենք մշակութային քաղաքականության տեսանկյունից:
Եթե պետությունը չի ուզում, որ Սարյանի ստեղծագործությունները դուրս գան երկրից, իսկ տվյալ նմուշի սեփականատերը, այնուամենայնիվ, նման ցանկություն ունի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նմուշը ձեռք բերի, պետք է որոշակի առաջնայնություն ունենա այդ հարցում: Այսինքն` առաջին գնորդը պետք է ինքը լինի, եւ եթե նման ցանկությունը բացակայի, նոր միայն սեփականատերը իրավունք պետք է ստանա վաճառել նմուշը մեկ ուրիշին»:
Մենք նաեւ կարծիք հարցրինք` եթե նմուշն արդեն իսկ հայտնվել է աճուրդում, եւ այն կեղծ չէ, ինչպիսին պետք է լինի պետության քաղաքականությունը. «Եթե նմուշը Հայաստանից դուրս է եկել եւ պետությանը չի պատկանում, վերջինս Ձեր նշած իրողությունը պետք է ընդունի ի գիտություն: Օրինակ` Հայաստանում նմանատիպ աճուրդներ չկան. երկրորդային շուկան զարգացած չէ:
Պետությունը պետք է մտածի` ինչ անի, ինչ լծակներ գործի դնի, ինչ քաղաքականություն վարի, որ արվեստի շուկան զարգանա: Գուցե, օրինակ, հարկավոր է սահմանել հարկային արտոնություններ: Մի շարք անհատների մոտ արվեստի արժեքավոր գործեր կան: Եթե մեզ մոտ աճուրդ լինի, նմուշների մեկնարկային գներն էլ համեմատաբար ցածր լինեն, մարդիկ այդ նմուշներն արտասահման չեն տանի, այլ մեզ մոտ կդնեն աճուրդի, դրսից էլ կիմանան, որ մեզ մոտ կարելի է էժան գներով գործեր ձեռք բերել, կգան, այստեղի աճուրդին կմասնակցեն, պետության շահն էլ այն կլինի, որ աճուրդից շահութահարկ կստանա»,-եզրափակեց Նազարեթ Կարոյանը:
Աննա Բաբաջանյան