Փոքրիկ «ձագուկը» տեսքից ընկավ. ճարտարապետի մտահոգությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ում նախագծերով Երեւանում կառուցվել են Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը, «Դվին» հյուրանոցը, Հերոսների ծառուղին եւ Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում, «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է մայրաքաղաքում ճարտարապետական սխալների, ծանրաբեռնվածության, երեւանյան կոլորիտը պահպանելու անհրաժեշտության մասին, ներկայացրել իր մասնագիտական դիտարկումները:

-Պարո՛ն Ալեքսանյան, անընդհատ խոսվում է մայրաքաղաքում ճարտարապետական սխալների պատճառով օրեցօր ավելացող խնդիրների մասին: Ըստ Ձեզ` Երեւանի ամենածանրաբեռնված հատվածը ո՞րն է:

-Կենտրոնը: Ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված է թեթեւացնել քաղաքների կենտրոնական հատվածները, այսօր աշխատում են թեթեւացնել, օրինակ, Մոսկվան. կենտրոնը բնակելի զանգվածներից ազատում են, դրանք տեղափոխում են արվարձաններ, որպեսզի կենտրոնը դառնա քաղաքին հմայք հաղորդող հատված: Իսկ մենք հիմա մայրաքաղաքի կենտրոնը լցրել ենք բարձրահարկ բնակելի շենքերով, եւ այդ ծանրաբեռնվածությունից Երեւանն արդեն խեղդվում է, էլ չի կարելի ծանրաբեռնել քաղաքը:

-Դուք Երեւանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից եք: Ի՞նչ էիք նախատեսել կառուցել, եւ ի՞նչ ստացվեց: Կա՞ մի բան, որ կցանկանայիք վերանայել, գուցե հղկել: Ձեր շատ կոլեգաներ ասում են, որ պողոտան նման է քարակույտի:

-Գլխավորապես մենք նախատեսել էինք այն, ինչ ստացվել է, միայն թե ավելի թեթեւ, շենքերի հարկայնությունը` մի քիչ ցածր: Արել ենք այն, ինչ կարող էինք անել: Այսօր իմ կոլեգաներից ոչ ոք թող չհամարձակվի ասել, թե դա քարակույտ է, այս է, այն է. դա ասում են մարդիկ, որոնք միայն խոսել գիտեն: Ես կարծում եմ` միայն այն հանգամանքը, որ Հյուսիսային պողոտան այսօր մարդաշատ է, հաճելի միջավայր է ստեղծում երիտասարդների, երգիչների, նկարիչների համար, ցույց է տալիս, որ այն կայացել է: Ամեն դեպքում, ես պատերի վրա կշատացնեի կանաչը եւ հարկայնությունը կիջեցնեի:

DSC_0810

-Ըստ Ձեզ՝ մայրաքաղաքի է՞լ որ հատվածներն է անհրաժեշտ կանաչապատել:

-Երեւանի լանջերը, որոնք նախկինում ծառապատված էին, հատվեցին, ճաղատացան, ես այդ հատվածները նորից կկանաչապատեի, որպեսզի քաղաքում փոշին պակասեր: Օղակաձեւ զբոսայգին էլ, օրինակ, շատ ծանրաբեռնեցինք կառույցներով, այն դրա համար չէր նախատեսված, այն պետք է որպես պուրակ ծառայեր: Ի դեպ, ես քաղաքապետարանին առաջարկել եմ Երեւանի որոշ հատվածներում էլ հակառակը` վերացնել կանաչը: Գրություն եմ ուղարկել քաղաքապետարան, այնինչ` ձայն բարբառո հանապատի: Ես այն համոզման եմ, որ օրինակ` Օպերայի երկայնական առանցքում երկու ուղղությունների վրա չորս սոսիներ պետք է հատվեն, հանվեն, որպեսզի Օպերան մտնի Կասկադի առանցքի մեջ, պետք է հատել նաեւ նոճիների շարքը` հարավի կողմից` Թումանյան փողոցից մինչեւ Օպերա ընկած տարածքում: Այդ հատվածը պետք է վերափոխել եւ այնպես անել, որ Օպերան իր ծավալով մտնի Հյուսիսային պողոտայի առանցքի մեջ: Հիմա Օպերան մեկուսացված է քաղաքից: Ես ծայրից ծայր կվերակառուցեի Կոնդը, այնտեղ ո՛չ հուշարձան կա, ո՛չ բան կա. այն կդարձնեի գեղեցիկ ժամանակակից բլուր` Երեւանի կենտրոնում:

018-yerevan-opera

-Բայց Կոնդում հին երեւանյան կոլորիտը պահպանելու խնդիր չկա՞:

-Երկու-երեք հատուկենտ նմուշ կա, որոնք կարելի է ուշադրության արժանացնել, թե չէ այնտեղ համատարած աղբակույտ է, նույն հակասանիտարական վիճակը տիրում էր Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում:

-Իսկ մայրաքաղաքի ո՞ր հատվածում եք տեսնում երեւանյան կոլորիտը պահպանելու անհրաժեշտություն:

– Մենք մեր արժեքավոր շենքերը բոլորը քանդել ենք, ուստի քաղաքի հին կոլորիտը հիշեցնող ամեն բան, ինչ մնացել է Երեւանում, պետք է պահպանենք, ուրիշ շանս չունենք. այլեւս ոչ մի բանի չի կարելի ձեռք տալ: Եթե խոսում ենք հին կոլորիտից, մի բան կուզենամ ասել Երեւանի Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու վերաբերյալ: Դա 12-13-րդ դարերի միակ կառույցն է, որը պահպանվել է Երեւանի կենտրոնում. դա թանկ շերտ է, իսկ մենք ի՞նչ արեցինք այդ կառույցի հետ: Ժամանակին Կաթողիկեի առջեւ կառուցեցին լեզվի ինստիտուտը, որը լավ շենք ուներ, բայց ոչ ավելի լավը, քան Կաթողիկեն: Հետո խելոք բան արեցին, ինստիտուտի շենքը հանեցին, եւ Կաթողիկեն հայտնվեց քաղաքի մեջ: Իսկ դրանից հետո փոխանակ մենք գուրգուրեինք այն, պահպանեինք որպես զարդ, ադամանդ, վերցրինք ու կողքը 12-րդ դարի ոճով ավելի խոշոր շենք կառուցեցինք, եւ փոքրիկ «ձագուկը» տեսքից ընկավ, էսթետիկական տեսանկյունից ոչնչացվեց: Ես արել էի բազմաթիվ էսքիզներ, առաջարկել եկեղեցին պահպանելու այլ տարբերակներ, որպեսզի այդ անշնորհք կառույցը չլիներ, բայց դրանք մերժվեցին…

12191715_942190282528705_1873097568420851540_n

Աննա Բաբաջանյան




Լրահոս