Հայաստանում օգոստոսին բացվել է «Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ)» կուսակցություն, որի նախագահ Արման Ղուկասյանը շտապեց իրեն արժեւորել՝ սեպտեմբերի 9-ին ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ լուսանկարներ հրապարակելով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ:
-Քաղաքական նոր ուժ եք ստեղծել. ի՞նչ նոր ասելիքով եք ներկայանալու հանրությանը՝ որպես «հասակ առնող» կառույց:
-Անունը՝ հանուն սոցիալական արդարության կուսակցություն՝ ՀԱՍԱԿ: Անվանումից պարզ է, որ մենք առաջարկներով ենք հանդես գալու, որպեսզի փորձենք հաղթահարել սոցիալական անարդարության մթնոլորտը: Մեր կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է: Այս շաբաթ արդեն հանդես ենք գալու մի քանի առաջարկություններով, որոնք բխում են ժողովրդի շահերից եւ ուղղված են սոցիալական անարդարության մթնոլորտի հաղթահարմանը:
-Սոցիալական անարդարության մթնոլորտի թելադրմա՞մբ էր Ձեր՝ որպես կուսակցության լիդերի, հանդիպումը Ժիրինովսկու հետ:
-Ինձ հրավիրել են կոնկրետ ծրագրով, հանդիպել եմ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների հետ: Եւ եթե նման հանդիպման առաջարկ ստանամ արեւմուտքից կամ ԱՄՆ-ից, որպես նոր կուսակցության առաջնորդ, սիրով կընդունեմ: Իսկ սոցիալական անարդարության մթնոլորտը Ժիրինովսկու կամ ռուսական այլ չինովնիկի հետ, կարծում եմ, կապ չունի: Փորձի փոխանակման առումով շատ հետաքրքիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների ավագ սերնդի գործիչների հետ:
-Ինչպե՞ս են ՌԴ-ում տեղեկացել Ձեր կուսակցության գոյության մասին, եթե նույնիսկ Հայաստանում, կարելի է ասել, անհայտ եք:
-Իմ անձը հասարակական դաշտում հայտնի է՝ որպես երիտասարդական ակտիվիստ, նույն ՌԴ-ի հետ երիտասարդական ծրագրեր եմ արել, հրավերներ են եղել: Ինձ թվում է՝ դա է պատճառը, որ ինձ այնտեղ ճանաչում են: Եւ հիմա արդեն որպես քաղաքական կուսակցության նախագահ եմ հրավեր ստացել, եւ զարմանալի բան չկա: Հիմա մեծ սիրով շփվում եմ հասարակական տարբեր գործիչների հետ:
-Ո՞ւմ, եթե կարելի է՝ անուններ թվե՛ք:
-Անուններ չեմ ուզում տալ, որ չպիտակավորվի:
-Իսկ Հայաստանում կա՞ ուժ, անհատ, որ Ձեզ նկատել ու ինչ-որ տեղ է հրավիրել:
-Ո՛չ: Բայց սիրով յուրաքանչյուր հրավերի պատրաստ ենք: Մենք նոր սերնդի ներկայացուցիչներ ենք, մենք էլ իրավունք ունենք առաջարկներ անելու, որոնք գուցե այլ քաղաքական ուժեր էլ կիսեն: Ոչ մի տարբերություն չենք դնում ուժերի միջեւ:
-Այդ թվում եւ իշխող ՀՀԿ-ի՞:
-Եթե ՀՀԿ-ն ունի նպատակ ՀՀ-ում ինչ-որ դրական փոփոխություն կատարել, պատրաստ ենք մեր առաջարկները կատարել, որովհետեւ մեր կուսակցությունում կան քաղաքական, տնտեսական գիտությունների թեկնածուներ, որոնք կարող են առաջարկներ անել: Մենք չունենք քաղաքական ամբիցիաներ, չենք ստեղծվել, որ 2017-ին ԱԺ ընտրություններին մասնակցենք:
-Այսինքն՝ Դուք քաղաքական կուսակցություն եք ու քաղաքական ամբիցիաներ չունե՞ք:
-Բնական է, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտում է իշխանության: Բայց եթե այսօր ՀՀ-ն գտնվեր լավ վիճակում, վստահեցնում եմ Ձեզ, որ 25 տարեկան հասակում մենք չէինք փորձի քաղաքական կուսակցություն բացել: Կզբաղվենք գիտությամբ… Ուղղակի այսօր Հայաստանում անհրաժեշտություն կա իրագործել ծրագրեր, որոնք կապված են ՀՀ փրկության հետ: Մեր նպատակները գլոբալ են:
-Ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ Ծառուկյանի սահմանած այլընտրանքային դաշտում եք գործելու:
-Մենք գործելու ենք ի շահ ՀՀ-ի, ժողովրդի: Եթե անարդարությունը շարունակվի, կլինենք ընդդիմություն:
-Ո՞նց եք հասկանալու:
-Ժամանակ է հարկավոր:
-Հիմա իշխանությունը ապօրինի հարստացողներին է փորձում պատժել: Սոցիալական անարդարության դեմ պայքար չէ՞ , Ձեզ չե՞ն ոգեշնչում:
-Մենք պետք է տեսնենք արդյունքները: Եթե դրանք լինեն որպես մասնագետների կուսակցություն, պատրաստ ենք օգնել: Եթե տեսնենք՝ չկան, մեր տեսլականը կներկայացնենք կառավարությանը այս շաբաթ: Ժամանակը ցույց կտա՝ ոգեշնչվելու առիթ կա՞:
-ՌԴ էլիտայի ներկայացուցիչների, Ժիրինովսկու հետ հանդիպման ժամանակ Դուք բարձրաձայնեցի՞ք սոցիալական անարդարության այն դրսեւորման մասին, որ ՌԴ-ն ամենաթանկ գազը Հայաստանին է վաճառում:
-Ես չեմ բարձրաձայնել, մեր զրույցները գլոբալ, գիտական են եղել, ոչ թե պրակտիկ: Բայց այդ հարցերը պետք է իշխանությունները բարձրացնեին, երբ բանակցում էին: Օրինակ՝ շատ հարցեր կան, թե ինչու ենք մենք ավելի շատ գազ գնում, քան անհրաժեշտ է: Ես նպատակ չեմ ունեցել մեր կուսակցության անելիքներով կիսվել ՌԴ-ում:
-Բայց որպես կուսակցության նախագահ էիք հրավեր ստացել:
-Ինձ հրավիրել են, բայց մենք այսօրվա Հայաստանի խնդիրների մասին չենք խոսել: Կարծում եմ՝ մենք մեր հարցերը ներսում ենք լուծելու:
-Անդրանիկ Նիկողոսյանը ի՞նչ առնչություն ունի Ձեր կուսակցության հետ: Լուրեր կան, որ նա է օգնել ՌԴ-ում նկատեն Ձեզ:
-Պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ նա, ո՛չ էլ որեւէ մեկը կապ չունի մեր կուսակցության հետ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները, որպեսզի մեր երեխաներն ապրեն շատ ավելի լավ հասարակության մեջ, քան այսօր մենք, որպեսզի օգտագործվեն բոլորի ջանքերը: Իմ թիմը լինելու է մասնագետների, պրոֆեսիոնալների թիմ, որպեսզի մեր երկիրը դառնա յուրաքանչյուր հայի երազանքի երկիրը, եւ որպեսզի ուրիշները մեզ մատնացույց անեն որպես լավ օրինակ»,- այս խոսքերի հեղինակի մասին ոչինչ չիմացողը կփառաբանի նրան եւ հավատով կլցվի այդ անձնավորության նկատմամբ:
Այսպիսի ոգեւորիչ խոսքեր հայ ժողովուրդը լսել է բազմիցս, դրանց իրականացման ուղղությամբ, սակայն, տեսել զրոյական քայլեր: Ներկայացված խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, մեջբերվածը նրա՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Եղվարդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթից է: Սարգսյանը «Առաջ Հայաստան» կարգախոսով /որի մասին, ի դեպ, վերջերս նախընտրում են չհիշել/ «պայքարում է» արդեն 8 տարի: Բայց փորձենք հասկանալ, թե որքանով է նրան հաջողվել իրականություն դարձնել իր այդ ոգեշունչ խոստումները:
Սկսենք սկզբից` «ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից»:
2015թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%` 2008թ.-ին արձանագրված 27.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց: 2015թ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը գերազանցում է 2008թ.-ի մակարդակին 0.4 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 2.2 տոկոսային կետով (կամ 8.0 %-ով): Թե որքանով է Սերժ Սարգսյանին հաջողվել վերացնել աղքատությունը, դատեք ինքներդ:
«Ես պայքարելու եմ, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները»,- Սարգսյանի մյուս «հմայիչ» խոստումն էր: Սակայն այդ ելույթից մեկ տարի անգամ չանցած` 2008 թ. դեկտեմբերի 1-ին, «Նաիրիտ» գործարանը դադարեց աշխատել ֆինանսական ճգնաժամի պատճառով, եւ մոտ 1500 աշխատողներ մնացին անգործ։ Նրանցից շատերը մինչ օրս պայքարում են իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը ստանալու համար: Բայց Սերժ Սարգսյանը եւ իր «պրոֆեսիոնալ թիմը» նրանց ուղղակի «անտեսում են»:
«Նաիրիտը», սակայն, միակը չէր: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ն էլ սնանկ ճանաչվեց: Ցավոք, այս շարքն ունի շարունակություն…: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ոչ միայն պարապուրդի մատնված գործարանները չեն վերագործարկվել, այլեւ դրանց շարքում նորերն են ավելացել:
«Որպեսզի մեր երեխաներն ապրեն շատ ավելի լավ հասարակության մեջ, քան այսօր մենք, որպեսզի օգտագործվեն բոլորի ջանքերը, իմ թիմը լինելու է մասնագետների, պրոֆեսիոնալների թիմ»: Տեսնես ո՞ր պրոֆեսիոնալների մասին էր խոսքը` Սարգսյանի նշանակած վարչապետների՞ եւ նախարարների՞, որոնք մեր տնտեսությունը հասցրին աղետալի վիճակի, թե՞ Աժ-ում իրենց «խելացի մտքերով» եւ օրինագծերով «աչքի ընկնած» ՀՀԿ-ական պատգամավորների:
«… որպեսզի մեր երկիրը դառնա յուրաքանչյուր հայի երազանքի երկիրը, եւ որպեսզի ուրիշները մեզ մատնացույց անեն որպես լավ օրինակ»: Այստեղ ուղղակի դնենք կախման կետեր …, քանզի այս դեպքում որեւէ մեկնաբանություն կլինի անլուրջ եւ ուղղակի անիմաստ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՓՐԿԵ՞Ն «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ԻՆ
Արդեն մի քանի օր է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթնամթերք չի մատակարարում խանութներին: Կաթնամթերքի շուկայում գերիշխող ընկերությունը հսկայական պարտքեր ունի ոչ միայն գյուղացիներին, այլեւ ընկերության աշխատակիցներին: Այս ընթացքում տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ընկերությունը գնում է սնանկացման ճանապարհով: Երեկ «Աշտարակ կաթ» ընկերության փակման մասին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր տեղակալը հանդիպել է ընկերության տնօրենի հետ եւ քննարկել իրավիճակը: «Այժմ փնտրում ենք բոլոր հնարավոր լուծումները՝ ընկերությանը այս վիճակից հանելու համար»,- հավաստիացրեց նախարարը:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսին կկայանա ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը: Այն, ըստ մամուլի հրապարակումների, կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Վիկտոր Դալլաքյանից, ով ասաց. «Այս ընթացքում ինձ բազմաթիվ լրագրողներ են զանգահարել, հասկանում եմ Ձեր հետաքրքրասիրությունը, սակայն հայտնեմ, որ առաջիկայում տեղի կունենա իմ ասուլիսը, որտեղ ես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին, այդ թվում՝ համագումարի եւ դրա շուրջ ծավալվող զարգացումներին»:
«ՍՏԱԽՈՍԻ ՀԵՏ ՉԵՄ ԱՇԽԱՏԻ»
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել եւ չի պատրաստվում շարունակել աշխատել «ստախոսի հետ»` նկատի ունենալով Արմեն Հարությունյանին: Այսպես, ըստ մեր զրուցակցի` Ա. Հարությունյանը Սերժ Սարգսյանին ակնհայտ սուտ զեկույց է ներկայացրել առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿ բոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այնինչ այն շահագործման է հանձնվել դեռեւս 2015 թվականի դեկտեմբերից: «Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես` 20 միլիոն դրամ եւ 3 միլիոն դրամ անհրաժեշտ լինելու մասին…»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը: